Մատչելիության հղումներ

Դատախազությունը հարցաքննության է կանչել Օլեգ Յունոշեւին


Հինգշաբթի օրը Հայստանի գլխավոր դատախազությունը ծանուցագիր է ուղարկել «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունում Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի պաշտպան, ռուսաստանցի փաստաբան Օլեգ Յունոշեւին՝ հարցաքննելու դատարանում վերջին նիստերի ժամանակ արված հայտարարությունների կապակցությամբ, թե նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը մասնակից են եղել ահաբեկչության նախապատրաստմանը:

«Պարոն Յունոշեւը դատարանում հայտարարել էր, որ այս հանցագործության մասնակիցներ են հանրապետության նախագահը եւ պաշտպանության նախարարը», - հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Հոկտեմբերի 27»-ի անջատված մասով քննչական խմբի ղեկավար Ջոն Ֆարխոյանը. - «Հետեւաբար նա նաեւ պետք է ունենա նման հայտարարություն անելու համար բավարար հիմքեր, փաստեր, տվյալներ: Մեզ շատ հետաքրքիր է, թե ինչ փաստեր եւ տվյալներ ունի պարոն Յունոշեւը, որոնց հիման վրա նման հայտարարություն է անում»:

Օլեգ Յունոշեւը, մինչդեռ, ըստ Արամ Սարգսյանի, չի պատրաստվում ներկայանալ դատախազություն: «Փաստեր ունենալու համար նախ պետք է, որ ոճրագործությունը կատարած անձանց ճնշումների չենթարկեն... Ոճրագործները մինչեւ մայիսի 2-ը այլ ցուցմունքներ էին տվել, հիմա այլ ցուցմունքներ են տալիս. այս երկու ցուցմունքներից ո՞րն է ճիշտ»: Սարգսյանի համոզմամբ, այսօր ոչ ոք չի կարող պատասխանել այդ հարցին, քանի որ «ոճրագործներ ասում էին, որ իրենց ճնշել էին, դրա համար էին այդ ցուցմունքները տվել»:

«Ինչո՞ւ այս իշխանությունները չապահովեցին արդար դատավարություն: Ինչի՞ց վախեցան, ո՞րն էր շահագրգռվածությունը», - շարունակեց նախկին վարչապետը՝ ավելացնելով, թե նախաքննությունն ու դատաքննությունը անպատասխան են թողել բազմաթիվ հարցեր (գործից մաս անջատելը, մեղադրյալներից ոմանց ազատ արձակելը, դատավոր Ուզունյանի հիվանդության պատճառով դատավարությունը երկար ժամանակով հետաձգելը եւ այլն): - «Շատ բաներ բերում են այն եզրահանգման, որի հիման վրա ե'ւ Օլեգ Յունոշեւը, ե'ւ ես, ե'ւ Ալբերտ Բազեյանը... այսպես կարող եմ թվել հանրապետության բնակչության 90 եւ ավելի տոկոսին, նման տեսակետ են հայտնում»:

Իշխանությունները, ի հակադրություն, պնդում են, թե քննչական ու դատական մարմինները արել առավելագույնը հանցագործությունը լիովին բացահայտելու համար, շարունակվում է գործից անջատված մասով հետաքննությունը եւ ընդդիմության առաջնորդներ Ստեփան Դեմիրճյանին ու Արամ Սարգսյանին մեղադրում են դատավարությունը քաղաքական նպատակներով օգտագործելու մեջ:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG