Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը, նշելով, թե «հայրենի արդարադատության պատմության մեջ թերեւս առաջին անգամ պատվիրված սպանության գործ է բացահայտվել», միեւնույն ժամանակ ընդգծում է. - «Մինչդեռ մեղադրողները իրենց նշանակած պատժաչափերով շտապեցին նախադեպ ստեղծել՝ հող նախապատրաստելով նման սպանությունների պարագայում մեղմ պատժի սահմանման համար»: Թերթի մատուցմամբ, Տիգրան Նաղդալյանի հայրը՝ Հովհաննես Նաղդալյանը մեղադրական ճառից չափազանց վրդովված էր. - «Ես սպասում էի ավելի օբյեկտիվ վերջաբանի, սակայն հենց մեղադրող կողմը իմ գլխի տակ փափուկ բարձ դրեց, ասելով, թե հրաժարվեք ձեր պաշտպանից, մենք կպաշտպանենք Տիգրանին մինչեւ վերջ... Բայց պաշտպանելն այն եղավ, որ փաստորեն քիչ էր մնում, որ այստեղ էլ պարգեւատրեին հանցագործներին: Ինձ համար ավելի ճիշտ էր, որ դատարանից բոլորին ազատ արձակեին, միեւնույն է, ես ինքս իմ որդու արյան դեմ արյուն պիտի թափեմ»:

«Հայկական ժամանակ»-ի գնահատմամբ՝ սա քաղաքական դատավճիռ է՝ ընդդիմության նկատմամբ, «որի ներկայացուցչին, մեղքը չապացուցելով հանդերձ, տալու են առավելագույնը, իսկ այդ գործում իշխանությանն օժանդակած հանցագործներին՝ նվազագույնը»: «Գլխավոր դատախազության այս տրյուկը նոր չէ եւ հիշեցնում է ժամանակի Վահան Հարությունյանի նկատմամբ ցուցաբերած ներողամտությունը, որ պայմանավորված էր բացառապես Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք տալով», - ձեւակերպված է «Առավոտ»-ում: «Նաղդալյանի սպանության կազմակերպիչ եւ Արմեն Սարգսյանի դեմ ցուցմունք տված Հովհաննես Հարությունյանի համար նրանք ընդամենը յոթ տարվա ազատազրկում են պահանջել՝ այն հիմնավորմամբ, որ նա համագործակցել է իրավապահ մարմինների հետ եւ օժանդակել հանցագործությանը մասնակից մյուս անձանց բացահայտմանը», - գրում է «Հայկական ժամանակ»-ը՝ ավելացնելով. - «Այս ֆոնին Հունանյանը կարող է մտածել, որ եթե 27-ի գործով էլ ինչ-որ մեկը որպես կազմակերպիչ անցներ, ինքը մեղմ պատիժ ստանալու հնարավորություն կունենար»:

Նույն թերթը, արձանագրելով, որ խորհրդարանը կրկին միաձայն քվեարկությամբ, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ, ընդունել է Քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ կետում լրացում կատարելու՝ «Արդարություն» դաշինքի օրենսդրական նախաձեռնությունը, հավելում է. - «Արդարություն» դաշինքը չէր էլ թաքցնում, որ այս լրացման հիմնական նպատակը Հունանյանին եւ նրա հանցախմբին վաղաժամկետ ազատվելու հնարավորությունից զրկելն է: Ու եթե հիմա Ռոբերտ Քոչարյանը մինչեւ հոկտեմբերի 27-ի գործով դատավճռի հրապարակումը վավերացնի այս օրենքը, Հունանյանը եւ նրա հանցակիցները մինչեւ մահ պետք է անցկացնեն բանտում... Տեսակետ կա, սակայն, որ Սամվել Ուզունյանն իր վճիռը վաղօրոք կհրապարակի, ու նշված օրենքը Հունանյանենց վրա չի տարածվի»:

«Ցանկացած քաղաքական գործիչ, քաղաքագետ, հրապարակախոս կամ լրագրող կարող է հանդես գալ իր վերլուծություններով ու մեկնաբանություններով... Այլ բան է, երբ նման վերլուծությունով հանդես է գալիս փաստաբանը դատավարության ժամանակ», - գրում է «Առավոտ»-ը՝ հստակեցնելով. - «Խոսքը, բնականաբար, «27»-ի տուժողների շահերը ներկայացնող Օլեգ Յունոշեւի մասին է: Ելակետն այն է, որ պրն Յունոշեւը ո'չ քաղաքական գործիչ է, ո'չ էլ հրապարակախոս: Երբ նա հայտարարում է, որ «Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը եղած ապացույցներով հիմք են տալիս հանցագործության մասնակից համարվելու, ապա հիշյալ անձանց իրենց աչքի լույսը չհամարող բոլոր քաղաքացիները սրտատրոփ սպասում են, որ փաստաբանը՝ այդ ապացույցները բերելով, մատեմատիկական ճշգրտությամբ կհաստատի իր այդ պնդումը: Եթե այդ ապացույցները չեն բերվում, ապա մնում է ենթադրել, որ Յունոշեւը նույնպես հրապարակախոս է կամ ընդդիմադիր որեւէ կուսակցության անդամ, որն իր առաջ իշխանափոխության խնդիր է դրել», - եզրահանգում է «Առավոտ»-ը:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի փոխանցմամբ, պատասխանելով հարցադրմանը, թե ո՞վ է պատասխանատվություն կրելու վարակված ջրի հետեւանքների համար, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հավաստիացրել է. - «Անկախ նրանից, թե դեպքը ում մեղքով է եղել, պատասխանատություն կրելու են: Կառավարությունը, ինչպես եւ դատախազությունը ուսումնասիրություններ են կատարում: Արդյունքները հայտնի լինելուն պես մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»: Վարչապետն արձագանքել է նաեւ Ազգային ժողովի մեծ օրակարգ մտած «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխության նախագծին, որով հնարավոր է Քոչարյանի վստահության հանրաքվեն իրականություն դառնա. - «Վատ եմ վերաբերվում: Չի կարելի ժողովրդին անընդհատ փորձության տանել: Ժողովուրդն արդեն հայտնել է իր կարծիքը: Հարցը քաղաքական շահարկումների առիթ է եւ ընտրություններից հետո լրացուցիչ լարվածություն է առաջացնում: Չի կարելի նույն ընտրությունն ամեն տարի անցկացնել»:

«Հայոց աշխարհ»-ում «ԱրմենՏել»-ի տնօրենների խորհրդում Հայաստանի կառավարության լիազոր-ներկայացուցիչ Սեդրակ (Սերժ) Սարգսյանը անդրադառնում է սակագները բարձրացնելու «ԱրմենՏել»-ի որոշմանը: Թղթակցի հարցին, թե որքանո՞վ է հավանական «ԱրմենՏելի» այդ որոշման իրականացումը, Սարգսյանը պատասխանում է. - «Հավանական է այնքանով, եթե հանկարծ կառավարությունը տա իր համաձայնությունը»: «Այբ-Ֆե»-ի պատկերմամբ, կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի մոտ, ինչպես երեւում է, «դեժա վյու» իրավիճակ է. - «Նախարարը վերադարձել է իր նախընտրած թեմաներից մեկին եւ հերթական անգամ մեծ եռանդով փորձում է ապացուցել, որ «ԱրմենՏել»-ը չի կարող թելադրել իր սակագները, եւ նախարարությունն ամեն գնով կպաշտպանի բնակչության շահերը»: Թերթը հիշեցնում է. - «Նմանատիպ հայտարարություններ արվում էին նաեւ այն ժամանակ, երբ «ԱրմենՏել»-ը հայտարարեց րոպեավճարի կիրառման մասին»:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է. - «Լոռու մարզի Կարմիր Աղեգի համայնքի ավագանու որոշմամբ, հարյուր հազար դրամ պարգեւ կստանան այն երիտասարդները, ովքեր կամուսնանան մասնագիտությամբ մանկավարժի հետ, այսինքն՝ մանկավարժ հարս կբերեն գյուղ: «Օժիտի» այս յուրատեսակ ձեւի կիրառմամբ՝ գյուղի ղեկավարները փորձում են լրացնել դպրոցի մանկավարժական կադրերի պակասը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG