Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Աջափնյակ համայնքում թաղապետի ընտրություններում գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանի հաղթանակը ցույց տվեց, որ ապարանցիների համեմատ Հանրապետական կուսակցությունը բնավ էլ հեղինակություն չունի, ըստ այդմ՝ հեղինակություն չունի իշխանությունը», - կշռադատում-որոշում է «Այբ-Ֆե»-ի մեկնաբանը: «Նախագահի նստավայրը Աջափնյակում իրականացրեց ՀՀԿ-ին եւ վարչապետին «խեղճացնելու» առաջին փորձը», - գրում է «Իրավունք»-ը՝ կապակցելով. - «Դրա պատասխանը հաջորդ օրը եղավ խորհրդարանում: ՀՀԿ-ն ոչինչ չարեց պատգամավորների բավարար ներկայություն ապահովելու համար, եւ քվորումի բացակայության պատճառով «Հանրաքվեի մասին» խիստ ընդդիմադիր եւ Ռոբերտ Քոչարյանի նյարդերի վրա էապես ազդող նախագիծը ավտոմատիկաբար մտավ օրակարգ»:

«Պետք է կրկին որեւէ թյուրիմացություն լինի, որպեսզի օրինագիծն ընդգրկվի եռօրյա նիստերի օրակարգ: Պետք է ամեն ինչ անել, որ Ազգային ժողովի աշխատանքներում թյուրիմացություններ չլինեն: Ի վերջո, որեւէ նախագիծ ընդունվելու համար պետք է անհրաժեշտ ձայներ հավաքի, ինչն այս դեպքում, համոզված եմ, գործնականում անհնար է», - «Հայաստանի Հանրապետություն» թերթում կանխորոշում է Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը՝ ավելացնելով. - «Վստահության հանրաքվեի հարցը ինքնին արդիական չէ»: «Պատգամավորներն իրենց անուշադրության եւ անզգուշության համար միգուցե պատասխանատվություն կրեն», - ենթադրում է «Այբ-Ֆե»-ի մեկնաբանը: - «Ամեն դեպքում փաստն այն է, որ «Հանրաքվեի մասին» օրենքը Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի փետրվարի սկզբին, սակայն չի բացառվում, որ իշխանությունը գտնի նաեւ որոշ ուղիներ՝ հարցը օրակարգից հանելու համար»:

Կիրակի օրը տեղի ունեցած «Հանրապետություն» կուսակցության համագումարից «Առավոտ»-ում առանձնացված է այդ կուսակցության խորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանի հայտարարությունը. - «Ընթացող դատավարությունների վերլուծությունը եւ առկա իրողությունը բերել են այն համոզման, որ իշխանությունը առնվազն տեղյակ է եղել հոկտեմբերի 27-ին նախապատրաստվող ոճրագործությունից եւ, ամենայն հավանականությամբ, որոշակի մասնակցություն է ունեցել այդ ոճրագործությանը»:

Արձագանքելով Արտաշես Գեղամյանի հայտարարություններին, թե պատրաստ են համագործակցել իշխանական կոալիցիայի հետ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Գալուստ Սահակյանը «Հայկական ժամանակ»-ում պատասխանում է. - «Ես հասկանում եմ, որ Գեղամյանին պետք է կոալիցիայի հետ համագործակցություն՝ առանց Ռոբերտ Քոչարյանի. մենք պատրաստ ենք ընդդիմության հետ համագործակցել, սակայն դա չի նշանակում, որ պատրաստ ենք դուրս գալ նախագահի դեմ: Ընդդիմության այդ սադրանքը չի անցնի»:

Անդրադառնալով երեկվա ավտովթարին, «Հայոց աշխարհ»-ն ընդգծում է. - «Երեւանում հասարակական տրանսպորտի դեր կատարող, զանազան հաստաքսակների պատկանող գծերում շահագործվող միկրոավտոբուսները ուղղակի խայտառակ վիճակում են։ Դրանից էլ ավելի անտեր եւ բարձիթողի վիճակում է գիծ դուրս բերվող մեքենաների ընթացիկ տեխվերահսկողությունը... Ժողովրդի մեջ երթուղային միկրոավտոբուսների վարորդներին սկսել են անվանել «100 դրամանոց քիլերներ»։ Թե դեռ որքա՞ն են մայրաքաղաքի բնակիչներին սպասարկելու «100 դրամանոց քիլերները», հայտնի է միայն Աստծուն եւ քաղաքապետարանի տրանսպոտրի վարչությանը, որը, այսպես կոչված, մրցույթներով, այսպես կոչված գծատերերին, միկրոավտոբուսային երթուղիներ է շնորհում»։

Բոլոր թերթերը շարունակում են անդրադառնալ Արզնիի ջրատարի վթարին եւ խմելու ջրի աղտոտմանը: «Հայոց աշխարհ»-ը «առնվազն վրդովեցուցիչ» է համարում, որ «մինչ օրս «Երեւանի ջրմուղ-կոյուղին» պաշտոնապես ոչ մի հայտարարություն չի արել: Նույնը՝ ջրային տնտեսության պետական կոմիտեն»: «Արդեն 10-րդ օրը ոչ բնակչությունը, ոչ էլ ոլորտին անմիջականորեն առնչվող կազմակերպություններում ոչ ոք չգիտեր, թե իրականում ի՞նչ է պատահել», - փաստում է «Ազգ»-ը։ - «Քանի որ իշխանությունները նման պատահարների դեպքերում սովորաբար մխիթարական ոչինչ չեն ասում՝ արդարանալով, թե պետության հնարավորություններն այդ սահմանում են, մարդիկ ակամա մղվում են իրենք իրենց գլխի ճարը տեսնելու բանաձեւին, որ այս պահին ձեւակերպվում է այսպես՝ խեղդվողի փրկության գործը խեղդվողինն է»։ Նույն թերթում բերված են Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանի պարզաբանումները: «Մեր ստուգումներով պարզել ենք, որ հոկտեմբերի 27-ի ցերեկվանից վարակված ջուր չի մատակարարվել», - հայտարարում է Մարտիրոսյանը՝ բնակչության պատճառված վնասի փոխհատուցման մասին էլ ասելով, թե «պատասխանատվություն կկրի այն անձը, որ մեղավոր է ջուրը վարակելու մեջ, իսկ դա պարզ կլինի, երբ կհայտնաբերվի վարակի աղբյուրը»։

«Վրաստանի ընտրությունները այն վերջնական ակորդն է, որը վերջակետ դրեց Հարավային Կովկասում ժողովրդավարության զարգացման աստիճանի մասին եվրոպացիների մտորումներին: Այժմ արդեն պատկերն ամբողջական է, եւ գլխավորն այստեղ տարածաշրջանի երեք պետություններիում ժողովրդավարական գործընթացի ողբերգական վիճակն է», - ձեւակերպված է «Առավոտ»-ի խմբագրականում:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG