Մատչելիության հղումներ

logo-print

Ընդդիմությունը կարողանում է ԱԺ օրակարգ մտցնել «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը


Ազգային ժողովը երկուշաբթի դեմ քվեարկեց ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծի՝ օրակարգում ընդգրկելու քվեարկության հարցը 15 օրով հետաձգելու առաջարկությանը: Ընդդիմադիր պատգամավորների հնարքը հասավ հաջողության, քանի որ այդպիսով, ըստ Ազգային ժողովի կանոնակարգի, հարցը մտավ մեծ օրակարգ, ինչը նշանակում է, որ օրինագիծը դրվելու է խորհրդարանի քննարկմանը:

«Հանրաքվեի մասին» օրենքում առաջարկված փոփոխություններով ու լրացումներով ընդդիմությունը, որը չի ճանաչում անցած նախագահական ընտրությունների արդյունքների օրինականությունը, մտադիր է հասնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վստահության հանրաքվեի անցկացմանը:

Նիստի հենց սկզբից ընդդիմադիր պատգամավորները հանդես եկան բազմաթիվ առաջարկներով՝ օրակարգում ընդգրկել հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող բազմաթիվ խնդիրներ
Նախ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը առաջարկեց ստեղծել անցած համապետական ընտրությունների ընթացքում թույլ տրված իրավախախտումներն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով: Ապա «Արդարություն» խմբակցության մեկ այլ անդամ՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հանդես եկավ խմելու ջրատարի վթարի հետեւանքով բռնկված դիզենտերիայի համաճարակի դեմ պայքարելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցով Ազգային ժողով հրավիրել առողջապահության նախարարին, հանրապետության դատախազին, ջրամատակարարման ոլորտի պատասխանատուներին:

Ընդդիմադիր պատգամավորները հանդես եկան բազմաթիվ այլ առաջարկություններով, որոնք բոլորն էլ քվերակությամբ մերժվեցին: Խորհրդարանական մեծամասնությունը իներցիայով մերժեց նաեւ «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրինագիծը օրակարգ մտցնելու քվեարկությունը 15 օրով հետաձգելու առաջարկությունը, ինչով, փաստորեն օրինագիծը մտցրեց մեծ օրակարգ եւ 60 օրվա ընթացքում, ըստ կանոնակարգի, օրինագիծը պետք է ներկայացվի խորհրդարանի քննարկմանը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG