Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի թեկնածուն պարտվեց Աջափնյակի թաղապետի ընտրություններում


Երեւանի Աջափնյակ համայնքում շաբաթ օրը կայացած թաղապետի ընտրություններում վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցության թեկնածուն չկարողացավ հաղթել գործող թաղապետին: Հակառակ մտավախություններին, թե քվեարկության օրը կարող էին տեղ գտնել բռնություններ, ամեն բան անցավ խաղաղ:

Երկուշաբթի օրը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ ՀՀԿ-ի թեկնածու Արման Սահակյանը ձայների ոչ մեծ տարբերությամբ պարտվել է գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանին, որը չի անդամակցում որեւէ քաղաքական կուսակցության, սակայն վայելում է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Աղվան Հովսեփյանի ազդեցիկ աջակցությունը: Քվեարկության պաշտոնական արդյունքները դեռեւս չեն հրապարակվել:

Արման Սահակյանը, ինչպես նաեւ նրա հայրը՝ ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը առայժմ որեւէ կերպ չեն արձագանքել: Ազգային ժողովի հանրապետական պատգամավորներից ոմանք, մինչդեռ, հայտարարել են, թե չեն հաշտվի պարտության հետ եւ ընտրությունների արդյունքները կվիճարկեն դատարանում: Նրանք պնդում են, որ տեղ են գտել ընտրախախտումներ հօգուտ Արծրուն Խաչատրյանի:

Բավական սուր ու լարված ընտրապայքարի ընթացքում հարձակում էր տեղի ունեցել Արման Սահակյանի ենթաշտաբերից մեկի վրա: Հանրապետականները պնդում էին, թե հարձակումը կազմակերպել էին Խաչատրյանի կողմնակիցները, սակայն վերջինս հերքում էր բոլոր մեղադրանքները:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG