Մատչելիության հղումներ

Դիզենտերիայի բռնկումը վերաճել է լուրջ համաճարակի


Անցած կիրակի Երեւանի Արաբկիր համայնքի ջրամատակարարման խողովակի վթարի հետեւանքով առաջացած դիզենտերիայի բռնկումը վերաճել է լուրջ համաճարակի: Շաբաթ օրը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում դիզենտերիայով հիվանդների թիվը արդեն անցնում էր 100-ից: Անհամեմատ ավելի մեծ է ստացիոնար բուժումից հրաժարված հիվանդների թիվը:

Թեեւ «Երեւանի ջրմուղ-կոյուղի» ընկերության պատասխանատուները վթարի առաջին իսկ օրվանից պնդում էին, թե վթարի օջակը հայտնաբերված է, այսօր ընկերության մամուլի պատասխանատուն «Հայաստանի Հանրապետություն» թերթին ասել է, թե «վթարի օջախը դեռեւս հայտնաբերված չէ»:

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի 3-րդ բաժանմունքի վարիչ Հասմիկ Ղազինյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իր բժշկական պրակտիկայի ընթացքում (շուրջ 25 տարի) ինքը չի հիշում աղիքային ինֆեկցիայի նման մեծ համաճարակ: Ավելի փոքր մասշտաբի բռնկում եղել է 1993 թվականին:

Նրա փոխանցմամբ, հիվանդների բուժումը իրականցվում է պետպատվերի շրջանակներում, անվճար: Առայժմ դեղորայքի պակաս չի զգացվում:

Հիվանդների մեծ մասը երեխաներ են, որոնց ծնողները խիստ վրդովված ու նյարդայնացած են: «Ես շատ ազդված եւ շատ վիրավորված եմ, թե ինչ են մտածել ջրմուղի աշխատողները՝ տնօրենը իր անձնակազմով, որ այսպիսի ջուր են բաց թողնել: Իմ թոռնիկին՝ 4 տարեկան, ես ծանր վիճակով բերել եմ», -ասաց մի կին:

«Առավոտյան երեխան արթնացավ 40 աստիճան ջերմությունով», - պատմեց մեկ այլ հիվանդ երեխայի ծնող: - «Հայտարարությունը լսելուց հետո ես հետեւել եմ, որ երեխան ծորակից ջուր չխմի, բայց չգիտեմ, թե իրենք քանի օր հետո են բարեհաճել տեղյակ պահել, որ այդ կեղտաջուրը խառնվել է մաքուր ջրին»:

Ծնողները չեն հավատում ջրմուղի պատասխանատուների հայտարարությանը, թե խմելու ջրին միայն անձրեւաջրեր են խառնվել:
«էն վիճակն էր, որ երբ աղբյուրը բացում էիր, չէիր կարողանում կողքը կանգնել՝ կոյուղու հոտ էր գալիս», - ասաց տիկին Անահիտը՝ վրդովված շարունակելով. - «Ի՞նչ անձրեւաջրի մասին է խոսքը... բաժակները լցվում էին կեղտաջրով»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե պատրաստվում են դատի տալ «Ջրմուղ-կոյուղի» ընկերությունը, ծնողներից մեկը պատասխանեց. - «Բայց ի՞նչ օգուտ: Անիմաստ է»:

Հասմիկ Ղազինյանի խոսքերով, սակայն, ծնողները եւ բուժաշխատողները պատրաստվում են պատասխանատվության կանչել մեղավորներին: «Ջրամատակարարման սպասարկման ամբողջ ոլորտի աշխատողները պետք է պատասխան տան», - ավելացրեց Ղազինյանը:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG