Մատչելիության հղումներ

Հայաստանի արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը, որ հազվադեպ այցելությամբ գտնվում է Բաքվում, ուրբաթ օրը դիմավորել են փողոցային ցույցերով: Պատվիրակությունը Ադրբեջանի մայրաքաղաք է ժամանել՝ մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական հանդիպմանը:

Ինչպես հաղորդել է «Թուրան» գործակալությունը, «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» անդամները բողոքի ցույց են անցկացրել հյուրանոցի դիմաց, որտեղ հանգրվանել են Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Շուգարյանը եւ պատվիրակության անդամ երեք դիվանագետները: «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» արմատական դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում՝ կոչ անելով ռազմական ճանապարհով «հետ վերադարձնել» Ղարաբաղը:

Ցուցարարների խոսքերով, հայ պաշտոնյաների ժամանումը վիրավորանք է՝ ուղղված 1991-94 թվականներին ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհված հազարավոր ադրբեջանցիների հիշատակին:

«Հայ ահաբեկիչները տեղ չունեն Ադրբեջանում», - Բաքվի «Զեկալո» թերթին ասել է կազմակերպության ղեկավար Ակիֆ Նագին: -«Չկա Ադրբեջան առանց Ղարաբաղի: Մահ կամ Ղարաբաղ»:

Բողոքի ցույցը արտոնված չի եղել Բաքվի իշխանությունների կողմից, եւ, ըստ հաղորդումների, ոստիկանությունը ուժի գործադրմամբ ցրել է ոչ մեծ ամբոխը:

Ռուբեն Շուգարյանը ՍԾՏՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպմանն ունեցած իր ելույթում վստահություն է հայտնել, որ սեւծովյան տարածաշրջանում միջպետական համագործակցության հանդեպ պրագմատիկ մոտեցումը կնպաստի կառուցողական քաղաքական երկխոսության հաստատմանը եւ աշխարհի այս հատվածում արժանապատիվ ապագայի անկյունաքարը կդնի:

«Հայաստանը վերահաստատում է իր դիրքորոշումը` որ արգասաբեր տնտեսական համագործակցությունը կարող է ժամանակի ընթացքում դառնալ արդյունավետ միջոց տեւական տարաձայնությունները կարգավորելու համար», - ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարը:

Ադրբեջանի ղեկավարությունը շարունակաբար հայտարարել է, որ որեւէ կերպ չի համագործակցի Հայաստանի հետ, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը՝ անգամ ՍԾՏՀ-ի կամ որեւէ այլ միջազգային կազմակերպության շրջանակներում:

Ռուբեն Շուգարյանի գլխավորած պատվիրակության Բաքվում գտնվելը համընկավ Ադրբեջանի նորընտիր նախագահ Իլհամ Ալիեւի պաշտոնամուտի արարողությանը: Ծրագրված չէր հայ դիվանագետների ներկայությունը արարողությանը, որին մասնակցեցին Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Իգոր Իվանովը:

Հորից՝ Հեյդար Ալիեւից իշխանությունը ժառանգած Իլհամ Ալիեւը երդվեց «հարգել Սայմանադրությունը, պահպանել երկրի սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը, արժանիորեն ծառայել արդբեջանական ժողովրդին»: Երդման արարողությանը հաջորդած ելույթում Իլհամ Ալիեւը խոստացավ «հետ նվաճել» Ղարաբաղը:

«Մեր համբերությունն անվերջ չէ», - ասաց նա: - «Ադրբեջանն ամեն գնով կազատագրի իր հողերը»:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG