Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Խմելու ջրի աղտոտվելը շարունակում է մնալ մայրաքաղաքում շրջանառվող թիվ մեկ թեման», - ընդգծված է «Հայկական ժամանակ»-ում: - «Սակայն հստակ տեղեկատվություն այն մասին, թե ինչ վթար է տեղի ունեցել, եւ ինչու է խմելու ջուրը աղտոտվել՝ առայժմ չկա: Մասնագետները դեռ վերջնականապես չեն կարողանում ճշտել, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել, բայց հակված են իրավիճակը գնահատել ոչ թե վթար, այլ աղետ»: «Կենտրոն եւ Արաբկիր համայքներում աղիքային վարակով հիվանդացածները իրավունք ունեն դատարանի միջոցով փոխհատուցում պահանջել «Երեւանի քաղաքային ջրմուղկոյուղի» ընկերությունից: Կոյուղիների վթարի հետեւանքով վարակված հիվանդները մի քանի տասնյակ են, բայց դեռեւս ոչ ոք չի դիմել դատարան՝ ջուրն աղտոտողներին պատասխանատվության կանչելու համար», - արձանագրված է «Առավոտ»-ում: «Իրավունք»-ի խիստ քննադատությունն ուղղված է պետական մարմիններին. - «Դատախազությունը այդպես էլ չի բարեհաճել քրեական գործ հարուցել հանցավոր անփութության անհերքելի փաստի կապակցությամբ»: «Ինչ վերաբերում է համապատասխան ղեկավարների վարքագծին, ապա դա առավել քան խայտառակ է», - արձանագրում է թերթը: - «Նախ՝ աղտոտումը հայտնաբերելուն պես անմիջապես չի դադարեցվել ջրամատակարարումը, եւ ամբողջ կիրակի Արաբկիրի բնակչությունը, բանից անտեղյակ, խմում էր բոլոր տեսակի վարակակիրներով հագեցած ջուր: Պարզապես ինչպե՞ս ջրմուղի ղեկավարները, սանէպիդկայանի շեֆերը կամ թաղապետարանի պատասխանատուները պիտի լքեին խնջույքի կամ խաշի սեղանները կամ իրենց սիրելի կազինոները, ինչո՞ւ պետք է իրենց ճարպակալած հետույքները պոկեին աթոռներից եւ անցնեին բուն պարտականությունների կատարմանը: Չէ՞ որ իրենց հղփացած լակոտները չէ, որ պիտի կոտորվեին վարակիչ հիվանդություններից, այլ սովորական ժողովուրդը»: Նույն թերթում Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ընկերության մամուլի քարտուղարը պարզաբանել է. - «Քանի որ վթարը տեղի ունեցավ կիրակի օրը, եւ վայրը հայտնաբերվեց գիշերը, մենք չկարողացանք այդ մասին հրատապ տեղեկատվություն տալ եւ միայն երկուշաբթի օրը լրատվամիջոցներով հայտարարություններ տվեցինք՝ խնդրելով մարդկանց ջուրը չօգտագործել»: «Ըստ առողջապահության նախարարության աշխատակիցներից մեկի, ջրմուղը պետք է անմիջապես դադարեցներ ջրամատակարարումը», - փոխանցում է «Հայոց աշխարհ»-ը՝ ավելացնելով. - «Թե ինչ է կատարվել իրականում, քննությամբ պետք է պարզել»։

«Եթե անդրադառնանք ամբողջ դատավարության վայրիվերումներին, ապա առավել քան ակնհայտ է, որ դատական նիստերի ժամանակացույցը հարմարեցվում էր քաղաքական կոնյուկտուրային», - «Հոկտեմբերի 27»-ի դատավարության մասին գրում է «Իրավունք»-ի մեկնաբանը: - «Խոշոր հաշվով այս չորս տարիները արդարադատության իրականացման տեսակետից կարելի է համարել լիովին կորած: Նախաքննության ընթացքում ստեղծված նյութերը այնպիսին էին, որ դրանց հիման վրա հնարավոր էր կառուցել ցանկացած քաղաքական ուժի կամ ազդեցիկ գործչի դեմ ուղղված վարկած՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից... Կարճ ասած, իր ոչ փառունակ եզրագծին մոտեցող քննչական եւ դատական մարաթոնը ոչինչ չտվեց ո'չ պետությանը, ո'չ հանրությանը», - ամփոփված է «Իրավունք»-ում:

ՀՅԴ «Երկիր» պաշտոնաթերթը, անդրադառնալով «Օրինաց երկիր» եւ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունների միավորմանը, գրում է. - «Գագիկ Ասլանյանը ուզում է փոխնախարար դառնալ եւ դրա համար ընտրել է «Օրինաց երկիր»--ի ճանապարհը, իսկ «Օրինաց երկիր»-ն էլ իր ստացած փոխնախարարների պաշտոնում եթե ոչ մասնագետ, ապա գոնե շատ թե քիչ ներկայանալի կադրի դեֆիցիտի խնդիրն է լուծում»։ «Այս լուրջ քաղաքական քայլը պայմանավորել փոխնախարարական պաշտոնով, կարծում եմ, լուրջ չէ», - «Իրավունք»-ի հարցազրույցում արժեվորում է Գագիկ Սսլանյանը: - «Օրինաց երկիր» կուսակցության հետ միավորման գաղափարը եւ քաղաքական քննարկումները սկսվել էին դեռեւս մինչեւ խորհրդարանական ընտրությունները, որոնց ավարտից հետո Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ վերսկսվել են բանակցությունները... Ինչ վերաբերում է «Արժանապատիվ ապագա»-ի հետ համագործակցությանը, ապա այն եղել է, կա ու կլինի: Մինչեւ մեր համագումարը մենք տիկին Հարությունյանի հետ քննարկել ենք նաեւ այս հարցը: Ինքը՝ Լյուդմիլա Հարությունյանը, մեր այս քայլը դրական է համարել»:

«Քաղաքական դաշտում բավական տխուր իրավիճակ է, որը հազիվ թե կարիք ունի խորաթափանց վերլուծության: Այն, ինչ տեղի է ունենում, լուրջ եւ իմաստավորված չէ», - «Հայոց աշխարհ»-ում գնահատում է «Արժանապատիվ ապագա» կուսակցության ղեկավարներից Արմեն Դարբինյանը: - «Եթե քաղաքականության մեջ մարդիկ կայացնում են որոշում ի նպաստ իրենց կոմֆորտ վիճակի, դա միգուցե նույնիսկ խրախուսելի է: Ավելի լավ է, երբ քաղաքական մարդիկ կոմֆորտ վիճակում են, քան դիսկոմֆորտի մեջ»: Նախկին վարչապետը, անդրադառնալով սակագների բարձրացմանը, նկատում է. - «Ո՛չ «Օրինաց երկիը», ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ էլ ՀՅԴ-ն իրավունք չունեն խոսելու սակագներից: Կոալիցիան նույնպես ընկել է պոպուլիզմի հորձանուտը՝ միաժամանակ ընկնելով ծուղակը: Այն պահից, երբ ասացին, թե գիտենք, որ սակագները չեն կարող բարձրանալ: Չգիտեմ, թե որտեղից իրենք գիտեն, երբ ներկայացված չէ լուրջ հաշվարկ, վերլուծություն չկա դրված սեղանին»: Կապակցելով նաեւ փոխնախարարներ նշանակելու՝ կոալիցիայի ոչ հստակ սկզբունքները, Արմեն Դարբինյանը «Հայոց աշխարհ»-ում ընդհանրացված գնահատում է. - «Սա դասական կոալիցիա չէ»:

«Եթե կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում պետք է հասարակությունից մեկուսացնել տնտեսական խոշոր չափերի յուրացումներ ու շորթումներ կատարած օլիգարխների, ապա անհրաժեշտորեն հարկավոր է ձերբակալել նաեւ նրանց հանցագործությունների ճանապարհին կանաչ լույս վառած պաշտոնյաներին: Միայն այսպես հնարավոր կլինի կրճատել կոռուպցիայի ծավալը», - «Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում առաջարկում է Ազգային ժողովի պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը: - «Հավատացած եմ, եթե, իրոք, արդյունք ենք ակնկալում, պետք է սկսել պետական մեքենայի մաքրումից եւ հենց ամենաբարձր մակարդակներում»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG