Մատչելիության հղումներ

Գիտնականները շարունակում են պայքարը՝ պահպանելու Հայաստանի ակադեմիայի առաջին շենքը


Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անված Լեզվի եւ Միքայլել Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտների գիտաշխատողները հինգշաբթի օրը երթ անցկացրին Աբովյան փողոցի վրա գտնվող իրենց ինստիտուտների շենքից (որը նաեւ 60 տարի առաջ ստեղծված Հայաստանի գիտությունների ակադեմիայի առաջին շենքն է) դեպի կառավարության շենքը՝ կրկին հնչեցնելով իրենց բողոքը մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այդ, շենքը Կաթողիկոսական վեհարան կառուցելու նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջնիածնին նվիրելու՝ կառավարության որոշման դեմ:

Գիտնականները դիմել են բազմաթիվ ղեկավար ատյանների՝ խնդրելով վերանայել որոշումը, բողոքի ցույց էին կազմակերպել նշված շենքի դիմաց, ակադեմիական երկու ինստիտուտների ղեկավարները հանդիպելու խնդրանքով դիմել էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին. բոլորն ապարդյուն:

Քաղաքի իշխանությունների կողմից նախ մերժված, ապա արտոնված այս երթը եւս մեկ փորձ էր ՝ուշադրություն հրավիրելու իրենց խնդրի վրա:

«Բողոքի քայլերթը ստիպված ենք անում, որովհետեւ մեր բազմաթիվ բողոքներին, մամուլի արձագանքներին համապատասխան իշխանական եւ հոգեւոր մարմինների կողմից ոչ մի պատասխան չստացանք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Լեզվի ինստիտուտի փոխտնօերն Լավրենտի Հովհաննիսյանը: - «Երկու նամակ-խնդրանքով դիմել ենք կաթողիկոսին՝ անարձագանք»:

Գիտնականները «Մի' քանդեք ակադեմիան» պաստառներով Աբովյան փողոցով հասամ մինչեւ Հանրապետության հրապարակ՝ ակնկալելով արժանանալ վարչապետի ընդունելությանը: Վարչապետը, սակայն, նրանց չընդունեց՝ զբաղվածության պատճառով: Գիտնականների պատվիրակությանը ընդունեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը: Վերջինս հավաստիացրել է, թե երկրի նախագահը դեռ չի վարվերացրել շենքը Մայր Աթոռին հանձնելու որոշումը:

«Մանուկ Թոփուզյանը նախաձեռնեց, որ [ինստիտուտների] տնօրենները հանդիպեն Վեհափառի հետ եւ հավաստիացրեց, որ առայժմ շենքի ճարտարապետական լուծման նախագիծը չկա», - հանդիպումից հետո ասաց Լավրենտի Հովհաննիսյանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից այսօր հրաժարվեցին պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցերին՝ հարցազրույցի հրավիրելով երկուշաբթի օրը:

Իսկ կառավարության շենքի մոտ հավաքված գիտաշխատողներին Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, որին ցուցարարները կանգնեցրին կառավարության շենք մտնելիս, ասաց, թե տվյալ շենքը սեյսմակայուն չէ եւ ենթակա է քանդման:

Գիտնականներին հատկապես վրդովեցրեց այն, որ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը, տեսնելով, որ իրենք զրուցում են քաղաքապետի հետ, առանց իրենց մոտենալու, մտավ կառավարության շենք:


Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG