Մատչելիության հղումներ

Անդրանիկ Մանուկյան. - «Հարգելի դատարան, ձեր վճիռը կայացրեք, հետո որ մենք մեր վճիռը կայացնենք»»


«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության այսօրվա նիստում գնահատականներ տալու եւ վերաբերմունք արտահայտելու իրավունքը տուժողներին կամ նրանց ներկայացուցիչներին էր տրվել: Դատարանը տուժող ճանաչված 91 անձանց ծանուցագրեր է ուղարկել, որոնցից այսօր դատարան եկածները բոլորն անխտիր իրենց դժգոհությունն արտահայտելցին դատավարության ընթացքից:

Հատկապես զգացմունքային էր տրասպորտի եւ կապի նախարար, 1999 թվականին Ազգային ժողովի դահլիճում վիրավորված Անդրանիկ Մանուկյանի ելույթը:

«Ձգվեց երեք տարի այս դատավարությունը եւ դատավարության վերջում արդեն զավեշտի էր վերածվում այս դատավարությունը, երբ արդեն տականքները հրաժարվում են, որ իրենք սպանել են Կարեն Դեմիրճյանին կամ Ռուբեն Միրոյանին, կամ Արմենակ Արմենակյանին», - ասաց նա՝ ավելի ցասկոտ ավելացնելով. - «Նույնիսկ հրաժարվում են, որ սպանել են Վազգեն Սարգսյանին»:

Ավելի ու ավելի բորբոքվելով՝ Մանուկյանը դիմեց ամբաստանյալներին. - «Ես իմ վճիռը կայացրել եմ ձեր հանդեպ: Ու իրականացնելու եմ դա: Դուք այս հողի վրա տեղ չունեք: Էս հողը ձեր լեշը չպիտի ընդունի»:

Գնահատելով դատավարության ընթացքը, Անդրանիկ Մանուկյանը ասաց, թե ցավում է, որ դատավարությունը քաղաքականացվեց, ցավում է, որ նախաքննության սկզբում եղած «11 վարկածներից միայն մեկի վրա սեւեռվեցին»:

«Թույլ տվեք նաեւ իմ քննադատական խոսքերը ուղղել ձեզ, հարգելի դատավորներ, հարգելի մեղադրողներ», - շարունակեց Անդրանիկ Մանուկյանը՝ ասելով, թե դատարանը վճռական չգտնվեց, դատավարությունը վերածեց աբսուրդի՝ այն դեպքում, երբ կարելի էր երեք կամ վեց ամսվա ընթացքում դատավճիռ կայացնել: - «Ինչո՞ւ եք գնում ուրիշների քաղաքական նպատակները ի կատար ածելու»:

«Այս տականքներին մահապատիժ պետք է տայինք», - կրկին բորբոքվելով ասաց նա՝ ավելացնելով, թե դա արդեն որեւէ էական նշանակություն չունի. - «Սրանց դատավճիռը կայացվել է»:

Մանուկյանը զայրույթից ջրով լի բաժակը նետեց ամբաստանյալների ուղղությամբ, հայհոյանքների տարափ տեղաց նրանց վրա:

Փոքր-ինչ հանգստանալով, Մանուկյանը կրկին դիմեց դատարանին՝ ասելով, թե սա այն դատավարությունը չէ, որ կարելի է քաղաքական նպատակներով օգտագործել:

«Ես ձեզ խնդրում եմ, հարգելի դատարան, ձեր վճիռը կայացրեք, հետո որ մենք մեր վճիռը կայացնենք», - ասաց նա:

Նախարարի խոսքերով, այս դատավարությունը եւ ընդհանրապես «Հոկտեմբերի 27»-ը օգտագործում են «իշխանության գալու համար»: Մանուկյանի այս վերջին արտահայտությունը ռադիոյով լսած «Արդարություն» խմբակցության անդամ Գրիգոր Հարությունյանը հատուկ եկել էր դատարան՝ պատասխանելու. - «Իսկ ես ասում եմ, որ «Հոկտեմբերի 27»-ով եկել են իշխանության»:

Դատավարությունը կշարունակվի վաղը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG