Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը հույն բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է «ԱրմենՏել»-ի խնդիրը


Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում առայժմ մենաշնորհ վայելող «ԱրմենՏել» ընկերության խնդիրը քննարկվողներից մեկն է եղել Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Իոաննիս Մագրիոտիսի հանդիպման օրակարգում:

Ըստ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարած հաղորդագրության, Հունաստանի փոխարտգործնախարարը նշել է, որ իր երկրի գործարարները չնայած փոքր-ինչ զգուշավորությամբ են վերաբերվում Հայաստանում մեծ ներդրումներ կատարելուն, սակայն այդ երեւույթը աստիճանաբար հաղթահարվում է: Այդ կապակցությամբ էլ կողմերն անդրադարձել են նաեւ «ԱրմենՏել»-ի խնդրին:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգիռ է «ԱրմենՏել»-ի հետ շարունակելու փոխշահավետ գործակցությունը, սակայն «բարձր տեխնոլոգիների ոլորտում աշխարհում ընթացող զարգացումները հաշվի առնելով, ձգտում է իր երկրում ունենալ հեռահաղորդակցության, կապի ժամանակակից որակ եւ մակարդակ»:

Հոկտեմբերի սկզբին Հայաստանի կառավարությունը իր համաձայնությունն էր տվել շարժական եւ ինտերնետ կապի ոլորտներում «ԱրմենՏել»-ին բացառիկ մենաշնորհից զրկելու վերաբերյալ անցած ամիս կայացած կառավարություն - «ԱրմենՏել» բաց ժողովի նախագահող, Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Մուրադյանի որոշմանը, եւ հանձնարարել էր տրանսպորտի եւ կապի նախարար ու արդարադատության նախարարներին մինչեւ նոյեմբերի 30-ը «Հեռահաղորդակցության մասին» օրենքում եւ «ԱրմենՏել»-ին տրված թիվ 60 լիցենզիայում համապատասխան փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել:

«ԱրմենՏել»-ի ղեկավարությունը համաձայն չէ բաց ժողովի նախագահողի եզրակացություններին, եւ հայտարարել է, թե հունական OTE ընկերությունը (որի մասնաճյուղն է «ԱրմենՏել»-ը) պատրաստվում է դիմել Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարան:

«Խելամիտ կլինի, որ նրանք չդիմեն համապատասխան միջազգային դատարաններ, քանի որ մեր բերած փաստարկները անվիճելի են», - հոկտեմբերի սկզբին ասել էր Մանուկյանը՝ դրանցից հատուկ առանձնացնելով կապի «շատ ցածր» որակը Հայաստանում, խոստացված ներդրումները չկատարելը եւ այլն:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց «ԱրմենՏել»-ի մամուլի պատասխանատու Գոհար Սիմոնյանը, ինքը տեղյակ չէ վարչապետ Մարգարյանի եւ Հունաստանի արտաքին գործերի փոխնախարարի զրույցի բովանդակությանը:


Լեոնիդ Զիլֆուղարյան եւ Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG