Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


Մեղրիի երկաթուղային կայարանի պետ Ժորա Հայրապետյանը «Հայկական ժամանակ»-ում հաստատում է, որ Երեւան-Սադարակ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու Ագարակ-Մինջեւան երկաթուղու ռելսերը ապամոնտաժվում են: «Խոսքը երկաթուղու 70 կիլոմետրանոց մի հատվածի մասին է, որի զգալի մասը գտնվում է ազատագրված տարածքներում», - գրում է «Հայկական ժամանակ»-ը: - «ժորա Հայրապետյանը ասել է, որ ինքը տեղի ունեցող ապամոնտաժման մասին տեղյակ է պահել իրավապահ մարմիններին, սակայն վերջիններս պատասխանել են, որ տեղյակ են դրանից: Ռելսերի դեմոնտաժը իրականացնում է Մեղրիի Ճանշին ձեռնարկությունը»: Վերջինիս տնօրեն Ազատ Գասպարյանը թերթի թղթակցին ասել է, որ իրենք դեմոնտաժը իրականացնում են Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանի բանավոր հրահանգով եւ կտրված ռելսերը ի պահ են հանձնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 10-ին, եւ Մեղրիի ճանշինը հասցրել է ապամոնտաժել երկաթուղու երեք կիլոմետրանոց մի հատված:

«Հոկտեմբերի 27»-ի՝ արդեն ավարտին մոտեցած դատավարությունը, նաեւ՝ մահապատժի վերացումը Հայաստանում աներկբա են դարձնում, որ «27»-ի կատարողներին ցմահ բանտարկությունից ավելի խիստ պատիժ չի կարող տրվել: Սակայն քաղաքական ուժերը կարծես թե համերաշխ են մի հարցում՝ «27»-ի ոճրագործները պետք է դատապարտվեն առանց ներման իրավունքի», - գրում է այսօր «Առավոտ»-ը՝ միաժամանակ կասկածի տակ դնելով այդ նորամուծության կիրառումը «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկիչների նկատմամբ: - «Եթե նույնիսկ ընդունենք, որ խորհրդարանը միակարծիք է այն հարցում, որ «27»-ի ոճրագործները չունեն ներման իրավունք, եթե իրոք Ազգային ժողովը ընդունի առաջարկվող փոփոխությունները եւ ցմահ ազատազրկումը տրվի առանց ներման իրավունքի, ապա լավագույն դեպքում մոտավորապես նոյեմբերի կեսերին «27»-ի ոճրագործները օրենքով կզրկվեն ներման իրավունքից: Սակայն չի բացառվում, որ դատավարությունը ավելի վաղ կավարտվի»:

«Ախպերն ախպորը չէր տա» վերնագրի ներքո «Հայոց աշխարհ»-ում արձանագրված է. - «Վրաստանի եւ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովների միջեւ կնքվել է պայմանագիր՝ համաձայն որի մեր ԿԸՀ-ին պատկանող 1000 թափանցիկ քվեատուփ ժամանակավոր օգտագործման համար անվճար կփոխանցվի Վրաստանի ԿԸՀ-ին»: «Ազգ»-ի պատկերմամբ՝ «Երեւանից Թբիլիսի ուղեւորված բեռնատար մեքենայի բեռը թեեւ սովորականից թեթեւ էր, սակայն ծանրակշիռ ներդրում էր Վրաստանում ժողովրդավարության կայացման ճանապարհին»: «Առավոտ»-ի առաջին էջում ընդգծված է. - «Հաշվի առնելով անդրկովկասյան փորձը, բացառված չէ, որ դրանք Թբիլիսի կհասնեն արդեն Շեւարդնաձեի օգտին լցոնված քվեարթերթիկներով»:

«Դատելով ամենից, Վրաստանի ապագա խորհրդարանում վիրահայությունը կունենա չափազանց համեստ ներկայություն», - գրում է «Հայոց աշխարհ»-ը՝ խրատելով. - «Այդ պատճառով, կարծում ենք, որ նոյեմբերի 2-ին կայանալիք Վրաստանի խորհրդարանական ընտրությունները պետք է դաս դառնան վիրահայ համայնքի համար»: «Վիրահայությունը, մասնավորապես Ջավախքը, հեռավոր արտասահմանի իր հայրենակիցների նման պետք է սովորի աշխատել բոլոր կուսակցությունների ու անհատ թեկնածուների հետ նրանցից առավելագույնը կորզելու համար: Մինչդեռ, ինչպես հայտնի է, այսօր հենց վերջիններս են «աշխատում» վիրահայերի հետ», - շարունակում է «Հայոց աշխարհ»-ը՝ ընդգծումով ամփոփելով. - «Հուսով ենք, որ մի կողմից՝ ներկա ընտրապայքարի դառը փորձը, մյուս կողմից՝ Վրաստանի հետագա ժողովրդավարացման հեռանկարները ի վերջո կհանգեցնեն այդ երկրի հայության ինքնակազմակերպման ներկա մակարդակի բարելավմանը»:

«Այբ-Ֆե»-ի մատուցմամբ՝ «Աջափնյակի թաղապետի ընտրությունների նախերգանքը եւս մի ապացույց է, որ Հայաստանում ամենաքոսոտ մակարդակի ընտրություններն անգամ վերածվել եւ այսուհետ առավել եւս վերածվելու են ամենաիսկական պատերազմի ու ճակատամարտի, մանավանդ այն դեպքերում, երբ իրար դեմ ելած երկու թեկնածուներն էլ իշխանական ու իշխանամետ ճամբարներից են սերում»: «Ընտրությունն ընթանում է հզորի ու հզորագույնի միջեւ», - գնահատում է մեկնաբանը: - «Բոլորին է հայտնի, որ Հայաստանում հզորության չափանիշները փողն ու «մեջքն» են եւ ոչ երբեք ու երբեւէ՝ թեկնածուի խելքն ու մտավոր ընդունակությունները»:

«Հայաստան - 2020» ծրագրի կոորդինացիոն խորհրդի նախագահ, Ռուսաստանի «Ռոսգոսստրախ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռուբեն Վարդանյանը «Առավոտ»-ի հարցազրույցում ասում է. - «Հայաստանը շատ փակ երկիր է: Տպավորություն կա, որ Հայաստանի գործարարների բիզնես-նպատակն այն է, որ մուտք գործեն Ազգային ժողով, իշխանական համակարգ եւ ոչ թե ձգտում են, ասենք, իրենց բաժնետոմսերը վաճառել Նյու Յորքի բորսաներում: Դա նույնպես հետեւանք է մոնոազգային հասարակության եւ ներքին փոքր շուկայի: Մենք ասիական երկիր ենք, եւ պետությունը շատ է խառնված տնտեսության մեջ»:

«Միջքաղաքային զանգահարողներին նպաստ չի հասնում», - տեղեկացնում է «Ազգ»-ը՝ նշելով, որ միջքաղաքային զանգերը, ըստ սոցապ նախարարության, բարեկեցության նշան են:

Նոյեմբերի 8-ին տեղի է ունենալու «Օրինաց երկիր» կուսակցության համագումարը: Այդ կուսակցության մի անդամ «Հայկական ժամանակ»-ի տեղեկացրել է, որ իրենք հատուկ են ընտրել համագումարի օրը, քանզի նոյեմբերի 8-ին լրանում է իրենց առաջնորդ Արթուր Բաղդասարյանի 35-ամյակը. - «Այդ օրը մեզ համար կրկնակի տոն է լինելու»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG