Մատչելիության հղումներ

Խորհրդարանական մեծամասնությունը, ըստ ընդդիմադիր պատգամավորի, համաձայն է պաշտպանել ցմահ բանտարկությանը վերաբերող օրինագիծը


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, գալիք երկուշաբթի օրը Ազգային ժողովի հերթական եռօրյայում կքննարկվի իրենց խմբակցության նախաձեռնությունը` Քրեական օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնք որոշ ծանր հանցագործություններին համար նախատեսում են ցմահ ազատազրկում՝ առանց ներման իրավունքի:

Դեռեւս անցած շաբաթ «Արդարություն» խմբակցությունը կոչով դիմել էր Ազգային ժողովի բոլոր խմբերի եւ խմբակցությունների ներկայացուցիչներին, որպեսզի հրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ քննարկելու Քրեական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ «Ցմահ ազատազրկում առանց ներման իրավունքի» օրենքի նախագիծը:

«Դա հնարավորություն կտա, որ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործները մասնավորապես ենթարկվեն խիստ պատասխանատվության», - անցած հինգշաբթի լրագրողներին ասել էր Վիկտոր Դալլաքյանը՝ ավելացնելով. - «Եթե որեւէ քաղաքական ուժ չպաշտպանի այս նախաձեռնությունը, դա կնշանակի, որ այդ ուժը հովանավորում են ոճրագործներին»:

Անցած օգոստոսից ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի համաձայն, առավելագույն պատժաչափի՝ ցմահ ազատազրկման դատապարտվածները 20 տարի պատիժը կրելուց հետո կարող են դիմել ներման խնդրանքով: «Արդարություն» դաշինքը, որի մեջ մտնող քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը մինչեւ վերջ էլ դեմ էին արտահայտվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրության ընդունմանը, որով Հայաստանում վերացվեց մահապատիժը, այս նախաձեռնությամբ նպատակ է հետապնդում օրենսդրորեն երաշխավորել «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործների ցմահ բանտարկությունը:

Երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Վիկտոր Դալլաքյանը ասաց, որ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների հետ արդեն կան «որոշակի պայմանավորվածություններ», եւ արդեն գալիք երկուշաբթի՝ հերթական եռօրյայի ընթացքում, Ազգային ժողովը կքննարկի իրենց ներկայացրած օրինագիծը: Դալլաքյանը հրաժարվեց հրապարակել խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող այն պատգամավորների անունները, ում հետ ձեռք են բերվել պայմանավորվածությունները:

Ընդդիմադիր պատգամավորի կանխատեսմամբ՝ երկուշաբթի օրը օրինագիծը կընդունվի առաջին ընթերցմամբ, իսկ արդեն չորեքշաբթի՝ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

Անդրադառնալով ապագա օրենքի՝ ուժի մեջ մտնելու արարողակարգին, այն է՝ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվելուց հետո, նախագահի կողմից դրա ստորագրմանը, Վիկտոր Դալլաքյանը ասաց. - «Ես վստահ եմ, որ մինչեւ նոյեմբերի 10-ը նախագահը կստորագրի այն»:

Գործող օրենսդրությունը երկրի նախագահին իրավունք է տալիս Ազգային ժողովի ընդունած նախագիծը ստորագրել կամ առարկություներով հետ վերադարձնել խորհրդարան 21-օրյա ժամկետում: Սա նշանակում է, որ տեսականորեն, նախագահը կարող է այն ստորագրել կամ հետ ուղարկել միայն նոյեմբերի 26-ին:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG