Մատչելիության հղումներ

Վերջին տարիներին Հայաստան ներկրվող հեղուկ վառելիքի՝ պաշտոնական վիճակագրության ներկայացրած ծավալները չեն համապատասխանում նույն վիճակագրությամբ հրապարակված աննախադեպ տնտեսական աճին:

2002 թվականին, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստան է ներկրվել 169 հազար տոննա բենզին (12.9 տոկոս տնտեսական աճի պայմաններում): Պաշտոնյաների կանխատեսմամբ, ընթացիկ տարվա ցուցանիշը կարող է մոտ լինել 2001 թվականի ցուցանիշին, երբ ներկրվել էր 175 հազար տոննա բենզին:

Բենիզնի ներկրման ծավալները, ստացվում է, նվազել են հենց այն տարի, երբ երկրում արձանագրվել է բարձր տնտեսական աճ եւ երբ ուղղակի անզեն աչքով նկատելի է, թե որքան է աճել փոխադրամիջոցների քանակը մայրաքաղաքում եւ ամբողջ երկրում:

Որոշ պաշտոնյաներ դա բացատրում են նրանով, թե բազմաթիվ ավտոմեքենաներ որպես վառելիք սկսկել են օգտագործել բնական գազը: Եվ այդուհանդերձ, մանրածախ իրացումով զբաղված տնտեսավարողները, օրինակ, խոսում են բենզինի վաճառքի 30-50 տոկոսով ավելացման մասին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տվյալ ոլորտի պատասխանատու Միքայել Միքայելյանը փոխանցեց, որ հանձնաժողովը վերջերս պլանային ուսումնասիրության է ենթարկել բենզինի մեծածախ շուկան:

«Հակամրցակցային համաձայնություն որպես այդպիսին շուկայում չի հայտնաբերվել», - հավաստեց նա:

Նման կարգի համաձայնություններն այս ոլորտում այնքան էլ հեշտ չէ բացահայտնել: Խոշոր ներկրողները Հայաստանում ընդամենը 5-6 ընկերություններ են, եւ ծագող հարցերը ավելի հաճախ «փակ են լուծվում»:

Ըստ ուսումնասիրության, ներկրողների կազմ նույնն է, իսկ նրանց ներկրած բենզինի ծավալները 2001 թվականի համեմատությամբ կրել են աննշան փոփոխություններ:

Հանձնաժողովի անցկացրած ուսումնասիրության արդյունքներով, դրական է գնահատվում միտումը, որ եթե նախկինում բոլոր ներկրողների 73 տոկոսը օգտվում էին մեկ աղբյուրից եւ բերում էին գրեթե նույն ծավալի եւ նույն գնի բենզին, ապա վերջերս նույն աղբյուրից օգտվելու ցուցանիշը իջել է ամբողջ 9 տոկոսով:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG