Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ի դիտարկումներով՝ հոկտեմբերի 27-ին Եռաբլուր եւ Կոմիտասի անվան պանթեոն ընդդիմությունն ու իշխանության ներկայացուցիչներն աշխատել էին այցելել այնպես, որ հանկարծ իրար չհանդիպեն, եւ դա երկու կողմերին էլ հաջողվել էր: Ի պատասխան «Առավոտ»-ի հարցին, թե ինչո՞ւ են իշխանությունն ու ընդդիմությունը առանձին-առանձին այցելում զոհվածների գերեզմաններին, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը ասել է. - «Գուցե քաղաքական պրոցեսի ընթացքում իրար վրա այնքան ցեխ շպրտեցինք, որ նույնիսկ նման տեղերում իրար տեսնելը դարձել է ինչ-որ առումով տհաճ»:

«Հայկական ժամանակ»-ն ու «Առավոտ»-ը արձանագրում են, որ նախագահ Քոչարյանը ե'ւ սպարապետի, ե'ւ Կարեն Դեմիրճյանի շիրիմներին չէր եկել. միայն նույնատիպ ծաղկեպսակներ էր ուղարկել: «Նախ՝ ավտոկանգառում կայանեց նախագահի նստավայրի պետհամարանիշերով «Ֆորդ» մակնիշի միկրոավտոբուսը, ապա նրանից իջած վարորդը եւ նախագահի նստավայրի մեկ այլ աշխատակից Վազգեն Սարգսյանի գերեզմանին դրեցին Ռոբերտ Քոչարյանի ուղարկած ծաղկեպսակը», - նկարագրում է «Հայկական ժամանակ»-ը՝ նշելով. - «Սա առաջին դեպքն է, երբ հոկտեմբերի 27-ի տարելիցին Քոչարյանը չի այցելում Եռաբլուր: Նախորդ տարի նա չէր այցելել Կարեն Դեմիրճյանի գերեզմանին, այս տարի՝ նաեւ Վազգեն Սարգսյանի»:

Նույն թերթի թղթակիցը, նշելով, որ Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ Մանվել Գրիգորյանը Եռաբլուր էր այցելել զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի եւ ԵԿՄ վարչության անդամ Մուշեղ Սաղաթելյանի հետ, Մանվել Գրիգորյանին հարցրել է՝ արդյո՞ք նա գոհ է «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունից: «Ես իմ հոգու մեջ իմ բաները ունեմ: Ախպոր պես, ինձ մի խոսացրու: Էդ բաները թող մնա իմ մեջ», - պատասխանել է գեներալը: Իսկ հաջորդ հարցին, թե իր համար այս գործի կազմակերպիչները հստա՞կ են, ԵԿՄ նախագահը ծանր հոգոց է հանել՝ «Է՜հ, ինչ ասեմ»:

«Տուժողները չեն հավատում արդարադատությանը» վերնագրի տակ «Այբ-Ֆե» թերթում մեջբերված են զոհերի հարազատների կարծիքները: Ստեփան Դեմիրճյանի խոսքերով՝ անջատված մասը ֆորմալ բնույթ է կրում: «Ցանկացած իշխանություն, որ գալու է փոխարինելու Ռոբերտ Քոչարյանին, ցանկանալու է բացահայտել դա», - ասել է Արամ Սարգսյանը: Անահիտ Բախշյանի կարծիքով, դատավարությունը «ոչ մի լույս չսփռեց ոչ մի հարցի վրա»: «Արմենի մասով ամեն ինչ սքողվեց», - գնահատում է Արմենակ Արմենակյանի այրին՝ Արմինե Արմենակյանը: - «Երեւի թե ոմանք գիտեին, թե ով է խփել, չթողեցին, որ բացահայտվի... Մենք շատ դժգոհ ենք դատավարությունից»:

«6 տարեկան երեխան էլ է հասկանում, որ կազմակերպիչներ կան, ժողովուրդը շատ լավ գիտի նաեւ, թե ովքեր են», - նույն թերթի հարցազրույցում պնդում է Գրետա Սարգսյանը: - «Կարեւորը կազմակերպիչների բացահայտումն է, իսկ դատարանը ամեն ինչ արեց, որ գործը ինչքան հնարավոր է կոծկեն, ծածկեն»: Ըստ Գրետա Սարգսյանի, հիմա Հայաստանում մահապատիժը վերացնել չէր կարելի. - «Մենք շատ փոքր ժողովուրդ ենք, մեջներս չարություն կա, նենգություն կա, դավաճանություն կա, պատրաստ են մեկը մյուսի կոկորդը կրծել՝ հանուն իրենց աթոռի, պաշտոնի եւ ունեցվածքի... Կրակը չընկանք, որ Եվրոպայի խորհրդի անդամ ենք: Ուզում են ցույց տալ, թե կատարում են Եվրախորհրդի պահանջները, բայց ընտրությունների ժամանակ ինչո՞ւ չկատարեցին Եվրախորհրդի պահանջները՝ բռնություններով, խաբեությամբ, կաշառքով անցկացրին ընտրությունները, ինչո՞ւ այն ժամանակ Եվրախորհրդին հաշվի չառան, ասացին՝ նրանց մենթալիտետը ուրիշ է: Ես չեմ ընդունում նրանց ցմահ ազատազրկելը», - շեշտադրում է Գրետա Սարգսյանը:

«Ազգ»-ի մեկնաբանի հայացքով, 4 տարի անց «մեր իրականությանը հատուկ մոտեցմամբ դեռ լավ ենք համարում, որ, այնուամենայնիվ, ինչ-որ բանի հանգեցինք։ «Ցավոք, սակայն, մեր լավատեսությունն անգամ խիստ պայմանական է, քանի որ, ըստ էության, ամեն ինչ չէ, որ պարզ է դարձել թեկուզ այս վերջնական փուլում», - գրում է մեկնաբանը։ «Հայկական ժամանակ»-ի գնահատմամբ, հոկտեմբերի 27-ից չորս տարի անց, դատավարության ավարտին դարձյալ բաց է մնում հարցը, որը հնչում է ուղիղ չորս տարի՝ ովքե՞ր են կանգնած հոկտեմբերի 27-ի ոճրագործության թիկունքում:

Ռուսաստանցի խոշոր գործարար, «ՅՈՒԿՕՍ» ընկերության նախագահ Միխայիլ Խոդորկովսկու ձերբակալությունը անդրադառնում են նաեւ հայաստանցի գործարարները: ««Շատ բացասաբար եմ վերաբերվում տեղի ունեցածին: Որեւէ քայլ անելուց առաջ տվյալ երկրի իրավապահները պետք է լրջորեն մտածեն դրա հնարավոր հետեւանքների մասին», - «Հայկական ժամանակ»-ում մեկնաբանում է Խաչատուր Սուքիասյանը: Նա չի բացառում, որ ռուսաստանցի գործարարի ձերբակալության բացասական հետեւանքները կարող են հասնել նաեւ Հայաստան. - ««Ռուսաստանը, Հայաստանը եւ ԱՊՀ մյուս երկրները, օտարերկրյա կապիտալի տեսակետից, դիտվում են, պատկերավոր ասած, որպես մեկ տնտեսական տարածք, եւ Ռուսաստանում առկա մթնոլորտը կարող է ինչ-որ չափով փոխել նաեւ Հայաստանի նկատմամբ օտարերկրյա ներդրողների ունեցած վերաբերմունքը»: «Կապիտալիզմը, որտեղ բիզնեսմենը պետք է ապահովագրի իր անձի անձեռնմխելիությունը նախագահին ծառայելով, չի կարելի բառիս բուն իմաստով կապիտալիզմ անվանել», - ձեւակերպված է «Առավոտ»-ի խմբագրականում:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը վերսկսկելու նախաշեմին անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական ուժերի դասավորությանը, «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը ընդգծում է. - «Մեր քաղաքական ուժերը պարտավոր են գիտակցել, որ Ղարաբաղյան բանակցային գործընթացի վերսկսման պայմաններում հավասարապես անընդունելի են ինչպես քաղաքական շահարկումներն ու իրավիճակը ապակայունացնելու փորձերը, այնպես էլ պատասխանատվությունից խուսափելու, մի կողմ քաշվելու եւ իշխանությունների ձախողմանը սպասելու մարտավարությունը»:

Խորանալով Աջափնյակ համայնքի նախընտրական գործընթացների մեջ, «Գոլոս Արմենիի»-ի թղթակիցը տարակուսում է. - «Բնական հարց է առաջանում՝ արդեն որերորդ տարին է երկու կլան կիսում են համայնքը, իսկ մնացածը իրենց այնպես են պահում, կարծես Աջափնյակը պետություն է պետության մեջ, տարերայնորեն ձեւավորված համայնք, որտեղ բոլոր հարցերը հնարավոր է լուծել կրակոցների եւ դանակների միջոցով: Երկու կլան հրապարակավ պարզում են իրենց հարաբերությունները, իսկ իշխանությունը առաջնորդվում է հետեւյալ սկզբունքով՝ երկուսի կռվին երրորդը չի խանգարում... Մնում է եզրակացնել, որ Աջափնյակի կրքերը միայն մի դրվագ են կլանային «ռազբորկաների», որոնք այս կամ այն ձեւով գոյություն ունեն ամբողջ երկրում», - ամփոփված է թերթում:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG