Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի անդամը «հետեւանքային հարց» է համարում սահմանի բացման քննարկումները


2001 թվականին ստեղծված, ոչ պաշտոնական մակարդակում գործող Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի հայ անդամներից մեկը վերջին ժամանակներս բավական լայնորեն շրջանառվող ահմանի բացմանը վերաբերող խոսակցությունները «դատարկ», «արժեք չունեցող» քննարկումներ է համարում:

Փաստարկելով իր դիրքորոշումը, նախկինում Սիրիայում Հայաստանի դեսպան, ներկայումս Երեւանի պետական համալսարանի դասախոս Դավիթ Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Որովհետեւ դրանք ընդամենը ինչ-որ մի հետեւանքային հարցի վերաբերյալ են, իսկ պետք է քննարկել խորքը, հիմքը, սկզբունքը»:

«Հարաբերությունները սահմանի բացումով չեն սկսվում, դրանով չեն ավարտվում», - շարունակեց նա: - «Սահմանի բացումը որպես առաջին քայլ, իմ կարծիքով, սխալ է: Պետք է առաջին քայլը լինի նորմալ դիվանագիտական հարաբերությունների հաստատման պրոցեսը: Բայց, իհարկե, դա արդեն իմ կոմպետենցիայից դուրս է»:

Նրա խոսքերով, սահմանի բացումը Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի շրջանակներում քննարկվում էր դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ. - «Սահմանների բացումը պետք է ունենա որոշակի իրավական հիմք: Այն իրավական հիմքը, որ կարող է դրվել դիվանագիտական հարաբերություններից դուրս, շատ խարխուլ է»:

Դավիթ Հովհաննիսյանի փոխանցմամբ, Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի՝ անցած ամիս ծրագրված հանդիպումը չի կայացել զուտ տեխնիկական պատճառներով: Նրա խոսքերով, հանդիպումը անպայման կկայանա, բայց դրա օրն ու վայրը դեռ ճշտված չեն:

Այս հանձնախմբի գործությունեությունը, թերեւս ամենաշատն է քննարկվել հայ-թուրքական հասարակական ոչ այնքան հարուստ շփումներից: Հանձնաժողովի ստեղծումն իսկ ոչ միանշանական ընկալվեց ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում:

Դավիթ Հովհաննիսյանի խոսքերով, հանձնաժողովի գործունեությունը «հենց սկզբից պախարակվեց»,՝ ներկայացվելով «ոչ այն տրամաբանության մեջ, որի մեջ պետք է լուրջ հասարակությունը ներկայացներ»:

Մինչդեռ, նրա գնահատմամբ, հանձնաժողովի գործունեություն կոնկրետ արդյունքը՝ Նյու Յորքում գործող Անցումային շրջանի արդարադատության միջազգային կենտրոնի անցկացրած հետազոտության եզրակացությունը, որ Օսմանյան կայսրությունում 1915 թվականի հայերի զանգվածային ջարդն ու տեղահանումը համապատասխանում է ՄԱԿ-ի՝ 1948 թվականի կոնվեցիայի «ցեղասպանության» բնորոշմանը, «հսկայական կարեւորություն ուներ» եւ «լուրջ հիմք է դնում նոր որակի հարաբերություններ ստեղծելու համար»:

Այդ փաստը, Հովհաննիսյանի խոսքերով, մնաց հետին պլանում, թեեւ կարող էր օգտագործվել: Թե ինչպես՝ դա արդեն պաշտոնական դիվանագիտության խնդիրն է: Հանձնաժողովի հայ անդամը կարծում է, որ անկախ մարմնի եզրակացությունը այսօր էլ դեռ կարելի է օգտագործել:

Դիվանագիտական աղբյուրները, մինչդեռ, չեն բացառում, որ մինչեւ տարեվերջ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարը եւս մեկ հանդիպում ունենան: Օսկանյան -Գյուլ առաջին հադիպումը տեղի է ունեցել ամռանը Մադրիդում, երկրորդը՝ անցած սեպտեմբերին:

Վարդան Օսկանյանը տարբեր առիթներով նշել է, որ դրական է գնահատում այդ հանդիպումները: Այդուհանդերձ, մասնավորապես սահմանի բացման կապակցությամբ Հայաստանի արտգործնախարարը ասել է, թե այդ հանդիպումները հիմք չեն տալիս ասելու, թե սահմանը շուտով կբացվի:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG