Մատչելիության հղումներ

ՀԺԿ-ից երկու տարի առաջ տրոհված կուսակցությունը միավորվում է «Օրինաց երկիր» կուսակցության հետ


Շաբաթ օրը Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Գագիկ Ասլանյանի գլխավորած Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) իր արտահերթ համագումարում ինքնալուծարվեց եւ որոշում ընդունեց միավորվել իշխող կոալիցիայի կուսակցություններից «Օրինաց երկիր»-ի հետ:

ԺԴԿ նախագահ, նախկինում Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) ղեկավար անդամ եւ «Միասնություն» դաշինքի համամասնական ցուցակով նախկին գումարման Ազգային ժողովի պատգամավոր եւ փոխնախագահ ընտրված Գագիկ Ասլանյանի փաստարկմամբ՝ նման որոշումը թելադրված է Հայաստանում ստեղծված քաղաքական նոր իրավիճակով, երկրի, պետության զարգացման նոր հեռանկարներով:

Նրա խոսքերով, այսօր իրականություն դարձած միավորման շուրջ բանակցությունները սկսվել են դեռ մեկ տարի առաջ, սակայն համագործակցությանը նախընտրական բնույթ չտալու նպատակով դրանք ժամանակավորապես դադարեցվել էին: Իսկ ներկա միավորումը արդյունքն է Ազգային ժողովի եւ «Օրինաց երկիր»-ի նախագահ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ վերսկսված բանակցությունների հաջող ավարտի:

Հիմնավորելով որպես քաղաքական գործընկեր «Օրինաց երկիր»-ի ընտրությունը, Գագիկ Ասլանյանը ասաց, թե կուսակցություններն ունեն «գաղափարական, ծրագրային, գործելակերպի եւ քաղաքական պահվածքի ընդհանրություններ»: Երկու կուսակցություններն էլ «ոչ աջ են, ոչ էլ ձախ»:

«Երկու կուսակցություններն էլ առաջնորդվում են երկրի ու ժողովրդի շահերից բխող բարեփոխումների իրականացման անհրաժեշտությամբ՝ առանց վախվորած շուրջ բոլորը նայելու եւ առանց քաղաքական այլ ուժերի հաշվին սեփական հարցերը լուծելու», - ավելացրեց Ասլանյանը:

Լուծարված ԺԴԿ ղեկավարն ու կուսակցության անդամներից շատերը 1998-ից մինչեւ 2001 թվականի ամառը անդամակցում էին ՀԺԿ-ին: Նույն թվականի սեպտեմբերի 20-ին ստեղծեցին ԺԴԿ-ն, որը 2003 թվականին խորհրդարանական ընտրություններին մասնակցեց «Արժանապատիվ ապագա» կուսակցության հետ դաշինքով, սակայն վերջինս չկարողացավ հաղթահարել 5 տոկոսի շեմը:

Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը լրագրողներին ասաց, որ քաղաքական այս գործընթացը շարունակվելու է՝ բանակցություններ ընթանում են եւ «հաջորդ միավորումը կլինի առաջիկայում»: Թեեւ Բաղդասարյանը չնշեց, թե կոնկրետ որ կուսակցության հետ են ընթանում միավորման շուրջ բանակցությունները, սակայն, ըստ հավաստի տեղեկությունների, դա Լյուդմիլա Հարությունյանի եւ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի գլխավորած «Արժանապատիվ ապագա»-ն է:

«Մենք կատարում ենք ժողովրդի պահանջը», - ասաց Բաղդասարյանը՝ պարզաբանելով. - «Ժողովուրդը պահանջում է կուսակցություններից միավորվել, եւ կուսակցությունները պետք է իրոք քայլեր ձեռնարկեն միավորվելու [ուղղությամբ]»:

Իսկ համագումարի իր ելույթում Բաղդասարյանը գնահատեց, որ ԺԴԿ-ում հավաքված են կազմակերպված, ինտելիգենտ, պարկեշտ մարդիկ, ովքեր առնչություն չունեն թալանի, գողության, հափշտակումների եւ արատավոր այլ երեւույթների հետ, ովքեր մտահոգված են երկրի ապագայով, նրա զարգացման հեռանկարով:

«Բնականաբար այս միավորումը իր հետ առաջ է բերելու ե'ւ դրական շարժումներ, ե'ւ բացասական ջղաձիգ շարժումներ մեր հասարակության մեջ ու քաղաքական կյանքում», - կանխատեսեց Ազգային ժողովի նախագահը՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ «միասնական եւ ամուր քաղաքական կառույց է ստեղծվելու, որը լուրջ պատասխանատվություն կստանձնի երկրում կատարվող բարեփոխումների համար»:

«Այսօր «Օրինաց երկիր» կուսակցությունը մաս է կազմում իշխանության եւ ներկայացված է գործադիր մարմնում, օրենսդիր մարմնում եւ պատասխանատվություն է կրում Հայաստանում իրականացվող տնտեսական, սոցիալական, իրավական ու քաղաքական բարեփոխումների համար», - ասաց Բաղդասարյանը: - «Փաստորեն մենք այսուհետ պիտի այդ պատասխանատվությունը կրենք միասին»:

Արթուր Բաղդասարյանը հերքեց մամուլում հրապարակված լուրերը, թե Գագիկ Ասլանյանի թեկնածությունը քննարկվում է տարածքային կառավարման փոխնախարարի պաշտոնում նշանակելու առումով՝ այդուհանդերձ, ավելացնելով. - «Բայց ես նորմալ եմ համարում, եթե մենք հանդես ենք գալիս մի կուսակցություն, պետք է օգտագործենք կադրային ու կազմակերպչական ներուժը, որ կունենա մեր մեկ միանական կուսակցությունը»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG