Մատչելիության հղումներ

logo-print

Մեղադրողները ցմահ բանտարկություն են պահանջում են «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկիչների համար


«Հոկտեմբերի 27»-ի դատավարության ուրբաթ օրվա նիստում մեղադրող կողմը ավարտեց մեղադրական ճառի հրապարակումը՝ ահաբեկչության անմիջական կատարողների համար պահանջելով ցմահ ազատազրկում:

«Ապացուցված ենք համարում ամբաստանյալներ Նաիրի եւ Կարեն Հունանյանների, Էդուարդ Գրիգորյանի, Դերենիկ Բեջանյանի, Վռամ Գալստյանի, Աշոտ Կնյազյանի եւ Համլետ Ստեփանյանի կողմից կատարված հանցագործությունները եւ գտնում ենք, որ նախաքննության մարմնի կողմից նրանց արարքներին տրվել է ճիշտ իրավաբանական գնահատական», - ասաց մեղադրող Արմեն Հարությունյանը:

Մեղադրողը հայտարարեց, որ դրանք համընկնում են 1961 թվականի Քրեական օրենսգրքի ահաբեկչություն, հայրենիքի դավաճանություն, ապօրինի զենքի կիրառում եւ պահպանում հոդվածների հատկանիշներին՝ դրանք համապատասխանեցնելով 2003 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած նոր Քրեական օրենսգրքին:

Գնահատելով ձեռք բերված բոլոր ապացույցները, կատարված արարքի բացառիկությունն ու դրա հասցրած վնասի չափը, հաշվի առնելով նաեւ ամբաստանյալների պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքները (հանցագործությունը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, հանցագործությամբ պատճառել են ծանր հետեւանքներ, հանցագործությունը կատարվել է հանրության համար վտանգավոր եղանակով եի այլն), ամբաստանյալների համար պահանջվեց օրենսգրքով սահմանված առավելագույն պատժաչափը՝ Նաիրի եւ Կարեն Հունանյանների, Էդուարդ Գրիգորյանի, Դերենիկ Բեջանյանի, Վռամ Գալստյանի համար վերջնական պատիժ սահմանել ցմահ ազատազրկումը: Ամբաստանյալ Աշոտ Կյազյանի համար սահմանել 15, իսկ Համլետ Ստեփանյանի համար՝ 14 տարի ազատազրկում:

Դատաքննության ընթացքում հիմնավորվել եւ ապացուցվել է, որ Ազգային ժողովում սպանություններն իրականացրել են Հունանյան եղբայրները: Կարեն Դեմիրճյանին, Յուրի Բախշյանին, Ռուբեն Միրոյանին սպանել է Նաիրի Հունանյանը, իսկ Վազգեն Սարգսյանին, Հենրիկ Աբրահամյանին, Լեոնարդ Պետրոսյանին, Միքայել Քոթանյանին եւ Արմենակ Արմենակյանին՝ Կարեն Հունանյանը:

Ըստ ամբաստանյալ Էդուարդ Գրիգորյանի շահերի պաշտպան Կարապետ Աղաջանյանի, մինչդեռ, դատարանում բերվեցին այնպիսի հիմնավորումներ, ըստ որի ապացուցվեց այն հանգամանքը, որ ամբաստանյալները սպանության մտադրություն նախապես չեն ունեցել. -
«Նրանք պետք է մտնեին Ազգային ժողով, պահանջեին կառավարության հրաժարականը, ստեղծեին ժամանակավոր կառավարություն: Եվ ընդ որում՝ բացառվում էին սպանությունները: Նրանք դրա հիմնավոր ապացույց ներկայացրեցին մեղադրական ճառում»:

Մեղադրական ճառի հրապարակման ընթացքում, երբ մեղադրող կողմը դեռ վերջնականապես չէր ներկայացրել իր հիմանվորումներն ու գնահատականները, եւ դեռ չէր սահմանել առաջադրվող պատժաչափերը, ամբաստանյալ Նաիրի Հունանյանը հրաժարվեց իր շահերի պաշտպան Մարտիրոսյանից՝ ասելով, թե դատավարության այս շրջանում պաշտպան Մարտիրոսյանն իր խնդիրը կատարել է եւ այս պահին եւ առաջիկայում այնպիսի շրջան է, որ նա որեւէ էական գործողություն կատարել չի կարող: Դատավոր Ուզունյանը բավարարեց այդ միջնորդությունը:

Դատավարությունը կշարունակվի հոկտեմբերի 29-ին:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG