Մատչելիության հղումներ

logo-print

Հարձակման է ենթարկվել Աջափնյակի թաղապետի թեկնածուներից մեկի նախընտրական շտաբը


Մայրաքաղաքի Աջափնյակ համայնքում նոյեմբերի 2-ին կայանալիք ընտրություններում թաղապետի թեկնածուներից մեկի հոր՝ Ազգային ժողովում Հանրապետական կուսակցության խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանի փոխանցմամբ, չորեքշաբթի ուշ երեկոյան հարձակում է տեղի ունեցել իր որդու Արման Սահակյանի նախընտրական շտաբերից մեկի վրա:

Գալուստ Սահակյանը լրագրողներին ասաց, որ հարձակումը տեղի է ունեցել ժամը 23-ի սահմաններում. - «Ենթաշտաբներից մեկի վրա են հարձակվել: Կան վիրավորներ, որոնցից մեկը ծանր վիճակում պառկած է հանրապետական հիվանդանոցում»:

Նրա խոսքերով, ինքը հանդիպել է վիրավորների հետ, որոնք «ե'ւ անուններով, ե'ւ արտաքնապես» նկարագրում են հարձակվողներին: Գալուստ Սահակյանը փոխանցեց նաեւ, որ իրեն տեղեկացրել են, թե չորս անձ արդեն ձերբակալվել են եւ «հետաքննության պրոցես է գնում»:

«Հանձակվել են ենթաշտաբը փակվելու ժամանակ՝ հայհոյանքներով, պլակատները պատռելով», - որոշ մանրամասներ փոխանցեց Սահակյանը:

«Ոչ թե այստեղ մրցակցային պայքար է գնում, այլ նորից ձեւավորված մի ոհմակ, որը ամեն կերպ մեկ ամիս անընդհատ հասարակության առաջ խոսում է արյուն թափելու մասին», - առանց կոնկրետ անուններ տալու միջադեպը գնահատեց Հանրապետական կուսակցության ղեկավար անդամը:

Աջափնյակում ընտրարշավը հիմնականում եւ բավական սուր ընթանում է գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանի եւ Գալուստ Սահակյանի որդու՝ քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Արման Սահակյանի միջեւ:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG