Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հիսուն-հիսուն», - երեկ այսպես գնահատեց գազի սակագնի բարձրանալու հավանականությունը Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: «Նման գնահատականը ենթադրում է, որ իշխանություններն առայժմ քաղաքական որոշում չեն կայացրել՝ բարձրանալու է սակագինը, թե ոչ», - գնահատում է «Հայկական ժամանակ» թերթը: - «Մի կողմից վարչապետը հայտարարել է, թե բարձրանալու է, մյուս կողմից համառ լուրեր են շրջում, թե Քոչարյանն ամենավերջին պահին հայտարարելու է, թե իր շնորհիվ սակագինը չի բարձրանա, եւ լավամարդ է դառնալու: Իսկ քանի դեռ պատկերը չի հստակեցվել, Նազարյանը, բնականաբար, հեռու կմնա վերջնական խոսք ասելուց: Այսինքն, նրա վերջնական խոսքը անպայման կհաջորդի Ռոբերտ Քոչարյանի խոսքին եւ, իհարկե, չի հակասի դրան»:

«Այբ-Ֆե» թերթն էլ «Մե՞զ ինչու են նյարդայնացնում» վերնագրի տակ համադրել է. - «Մի կողմից, խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը հայտարարում է. «Կոալիցիան չի քննարկել եւ քաղաքական որոշում չի ընդունել սակագների բարձրացման համար: Այնպես որ, պաշտոնյաները, որոնք պաշտոնապես հայտարարում են դրա մասին, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Մյուս կողմից՝ կառավարության ներկայացուցիչներն ու Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը առավելապես հիմնավորում են սակագների բարձրացման անհրաժեշտությունը»: Մի՞թե իրար չեն հանդիպում: Այլապես պետք է ենթադրել, որ իշխանության ճղերում ու թփերում իրոք լուրջ հակասություններ կան:

«Հայոց աշխարհ» թերթում էլ այսօր ընդգծված ներկայացված է «Ժողպատգամավոր» խմբի հետեւյալ դիրքորոշումը, որ ձեւակերպել է խմբի քարտուղար Վահրամ Բաղդասարյանը. - «Առաջիկայում իրագործվելիք սակագնային քաղաքականությունը ժամանակավրեպ է: Կարծում ենք՝ լուրջ հակասություններ կան աղքատության կրճատման ծրագրի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման երեւույթի միջեւ: Ոչ թե էլեկտրաէներգիայի սակագինը պետք է բարձրացնել, այլ պետք է կրճատել գերնորմատիվային կորուստները եւ հասնել դրանց իսպառ վերացման: Եթե ապահովվի շուրջօրյա ջրամատակարարում, ապա վարձավճարները հավաքելուց առաջացած գումարը կբավարարի հոգալ համակարգի ծախսերը եւ գների թանկացման կարիք չի լինի»: «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանն էլ, ի դեպ, «Առավոտ» թերթի հարցազրույցում անդրադառնալով իշխանության մեջ իրենց չափ ու ձեւի մոտակա մեծացմանն առնչվող խոսակցություններին, նշում է. - «Առայժմ ուժերի հարաբերակցության որակյալ փոփոխության համար նախադրյալներ չեմ տեսնում»: «Պորտֆել ստանալը մենք ինքնանպատակ չենք համարում: Հիմա շատ դեպքերում փորձում են փոխնախարարների պորտֆելների բաժանման գործընթացին դասական մեկնաբանություններ տալ, այդ պրոցեսը վերլուծել՝ քաղաքական հարթության տեսանկյունից, բայց ես առավել քան համոզված եմ, որ կառավարությունում որոշակի լծակներ ձեռքբերելուն ձգտող ուժերի ճնշող մեծամասնությունն այդ պորտֆելները այլ նպատակների համար է ուզում», - ասում է Կարեն Կարապետյանը: - «Ո՞վ չի հասկանում, թե ինչի՞ համար են ուզում»:

«Առավոտ» թերթի նախանշմամբ, մեծ խառնաշփոթ ու տարաձայնություններ են առաջ բերելու մեր օմբուդնսմենի ով լինելուն առնչվող առաջիկա քննարկումները. - «Դեռ լավ կլինի, եթե իշխող կոալիցիան կարողանա պայմանավորվել կոալիցիոն օմբուդսմենի մասին, ինչը կասկածելի է՝ նրանք ամիսներով չեն կարողանում մի քանի փոխնախարարի պաշտոն կիսել: Էլ չենք ասում, թե ինչ կլինի, երբ Ռոբերտ Քոչարյանն ապագա օմբուդսմենի թեկնածության մասին ցանկանա խորհրդակցել նաեւ ԱԺ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Ինչ խոսք, վատ չէր լինի, եթե օմբուդսմենի դերում առաջադրվեր բոլորի կողմից հարգված ու քաղաքականությունից հեռու մեկը»։ Չտեսնելով, սակայն, այդպիսի թեկնածու, «Առավոտ»-ը եզրափակել է. - «Քոչարյանի ամենաիմաստուն որոշումն այն կլինի, որ օմբուդսմեն նշանակի ինքն իրեն՝ համատեղության կարգով, քանի որ, հենց ինքն է մեր երկրում սահմանադրական իրավունքների պահպանման երաշխավորը։ Լավ, ծայրահեղ դեպքում գլխավոր ոստիկան Հայկ Հարությունյանին: Գուցե թե այդ ժամանակ մեր երկրի քաղաքացիներն օմբուդսմենից գոնե մի քիչ օգուտ կունենան՝ ոստիկանապետը կպաշտպանի մարդկանց ոստիկանության կամայականություններից»:

Ընդդիմության՝ հոկտեմբերի 17-ի հանրահավաքին հետադարձ հայացքով «Այբ-Ֆե» թերթն այսօր ի մի է բերել. - «Չնայած ընդդիմադիրների բոլոր կասկածներին, ժողովուրդն, այնուամենայնիվ, եկել էր: Բացառությամբ Արամ Զավենի Սարգսյանի, մյուս հռետորների ելույթները հնարավորինս զգուշավոր էին, այսինքն, զգացվում էր, որ, բացառությամբ Արամ Զավենի Սարգսյանի, մնացած ընդդիմադիրներն արդեն կորցնելու բան ունեն` ներառյալ պատգամավորի շատ բարձր աշխատավարձը: Եվ ընդհանրապես` խիստ տարբերվում էին իրարից հժկ-ական հռետորների եւ «Հանրապետության» լիդերների ելույթները: Եթե վերջիններս առաջվա պես խոսում էին շուտափույթ իշխանափոխության անհրաժեշտությունից, ապա հժկ-ականներին առավելապես հետաքրքրում ու խորապես հուզում էր «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու խնդիրը: Այդպես էլ, հանրահավաքի վերջում այս երկու կուսակցությունների լիդերները ժողովրդին միանգամայն տարբեր բաներ խոստացան ու ցրվեցին իրենց տները: Իսկ ոստիկանությունը մինչեւ հանրահավաքի վերջին վայրկյանը հոծ խմբերով կազմ ու պատրաստ կանգնած էր. այսինքն` ոչ միայն ժողովուրդը, այլեւ իշխանություններն էին ավելի լուրջ քայլեր ակնկալում սույն հանրահավաքից», - ակնարկում է «Այբ-Ֆե»-ն:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG