Մատչելիության հղումներ

Ռոբերտ Նազարյան. «Իմ որոշումների 99 տոկոսը գտնվում է ապօրինության դաշտում»


Երկու տարուց ավելի Երեւանի քաղաքապետի պաշտոնը վարած նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ քողազերծեց իր պաշտոնանկման որոշ հանգամանքներ:

Ասուլիսում պարզվեց, օրինակ, որ քաղաքապետարանը Ռոբերտ Նազարյանի օրոք հողահատկացումներ է կատարել, որոնք չպետք է կատարեր:

«Իմ որոշումների 99 տոկոսը նախագծային կոպիտ շեղումներով, ծավալատարածական կոպիտ շեղումներով կառուցված օբյեկտներ են եւ գտնվում են ապօրինության դաշտում», - պաշտոնապես հայտարարեց Ռոբերտ Նազարյանը՝ խոստավանելով, որ ինքը չկարողացավ պայքարել այդ ապօրինությունների դեմ:

Նախկին քաղաքապետի համոզմամբ, քանի դեռ մայրաքաղաքի կարգավիճակը չի փոխվել՝ Երեւանը մարզից համայնքի չի վերածվել եւ ընտրովի քաղաքագլուխ չունի, հնարավոր չի լինելու Երեւանում արձանագրել «լուրջ մեծամասշտաբ զարգացումներ»: Եվ դա գիտակցելուց հետո է Նազարյանը հրաժարական ներկայացրել՝ խնդրելով երկրի նախագահին ու վարչապետին իրեն այլ աշխատանքի տեղափոխել:

Այսօրվա ասուլիսը Նազարյանը հրավիրել էր Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր աշխատանքի հարյուր օրը լրանալու կապակցությամբ: Այս անկախ հանձնաժողովն է, որ սահմանում է գազի, ջրի, էլեկտրաէներգիայի սակագները, որոնց բարձրացման վերաբերյալ բուռն քննարկումներ են ընթանում:

Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը համարում է, որ այս հարցերը քաղաքական շրջանակներում քննարկման ենթակա չեն:

«Սակագինը դա քաղաքական կատեգորիա չէ, դա տնտեսագիտական կատեգորիա է, եւ այսօր շատ քաղաքական շրջանակներում, երբ սակագնի վերաբերյալ դիրքորոշումներ են արտահայտում, մեղմ ասած՝ ինձ մոտ զարմանք է առաջանում», - ասաց նա՝ փաստարկելով, թե սակագները հաշվարկելիս հանձնաժողովի կողմից հաշվի առնվող բոլոր չափանիշները զուտ տնտեսական են:

Նազարյանի խոսքերով, Բնական մենաշնորհները կարգավորող հանձանաժողովը վեր է սոցիալական լարվածության մասին մտահոգություններից եւ կառավարության խնդիրներից: Այն հակված է սպառողի եւ մատակարարի այնպիսի հարաբերություններ հաստատել, որ «հավասարաչափ դժգոհ մնան երկու կողմերն էլ»:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG