Մատչելիության հղումներ

logo-print

Ավարտվեց «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության դատաքննության փուլը


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երեքշաբթի օրը ավարտվեց «Հոկտեմբերի 27»-ի դատավարության դատաքննությունը: Հոկտեմբերի 23-ից դատական վիճաբանությունների փուլը կբացվի մեղադրող կողմի մեղադրական ճառով:

Իսկ դատաքննության փուլի վերջին նիստում դատավարության մասնակիցները հանդես եկան բազմաթիվ միջնորդություններով: Ավելի քան 10 միջնորդություն ներկայացրեց ամբաստանյալ Նաիրի Հունանյանը: Իսկ մինչ դա անելը նա հայտարարեց, թե տարբեր պաշտոնատար անձանց, այդ թվում նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հասցեագրված իր գրությունները տեղ չեն հասնում:

Հունանյանը ակնհայտորեն նպատակ էր հետապնդում, որ այդ նամակները հրապարակվեն դատարանում: Այդպես էլ եղավ: Նախագահող Սամվել Ուզունյանը հրապարակեց սեպտեմբերի 20-ին Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակը, որում ամբաստանյալը, մասնավորապես գրել էր. - «Սկսվել է ամենավտանգավոր փուլը, եւ ձեզ առաջարկում եմ մեղադրանք առաջադրելիս նկատի ունենալ, որպեսզի մեղադրանքի ծավալը չբխի այս կամ այն նյութերից եւ նախկինի նման ակնհայտ կեղծ չլինի: Ապա վերջում կարող է դուրս գալ, որ դուք ձեզ եք մեղադրանք առաջադրել»:

Սպառնալուց հետո Հունանյանը անցնում է դիտարկումներին. - «Ձեր իշխանությունը հիմնվել է երկու բաղկացուցիչ մասերի վրա: Մի կողմից, դուք ժողովրդի առջեւ եղել եք իմ եւ մյուսների երաշխավորը: Մյուս կողմից՝ ունեցել եք իմ պաշտպանությունն ու աջակցությունը»:

Իսկ Հունանյանի ներկայացրած մեկ տասնյակից ավելի միջնորդությունների ցուցակում կրկին տեղ էր գտել դատարանում Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ Ալեքսան Հարությունյանին որպես վկա հարցաքննելու, կրկնակի փորձաքննություններ անցկացնելու մասին (մասնավորապես` Կարեն Դեմիրճյանի եւ Արմենակ Արմենակյանի սպանությունների առնչությամբ)միջնորդությունները: Ամբաստանյալ Էդուարդ Գրիգորյանը, մինչդեռ, Արմենակ Արմենակյանի սպանության (Արմենակյանը սպանվել էր ոչ թե Ազգային ժողովի դահլիճում, այլ միջանցքում) կապակցությամբ հայտարարեց՝ «Արմենակյանին սպանողն այս դահլիճում չէ»՝ բնականաբար առանց անուն տալու:

Շուրջ մեկ տասնյակ միջնորդություններ էլ ներկայացրեց Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ռուսաստանցի փաստաբան Օլեգ Յունոշեւը: Դրանց մեծ մասը նախկինում արդեն արված ու դատարանի կողմից մերժված միջնորդություններ էին: Դատարանն այսօր էլ մերժեց ինչպես Յունոշեւի, այնպես էլ Նաիրի Հունանյանի բոլոր միջնորդությունները:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG