Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Մեր իշխանավորների գաղտնի հույսերը, թե երբ Ադրբեջանն իրեն դրսեւորի իր ողջ «հմայքով», եվրոպացիները մեզ անմիջապես կբարձրացնեն ժողովրդավարության բարձունքներ, չարդարացան», - ուրվագծում է «Առավոտ» թերթը: - «Դատելով ամենից, երբ Եվրախորհրդում նստաշրջանում քննարկվի Հարավային Կովկասի երկրներում ժողովրդավարության զարգացման աստիճանը, ապա մեր եւ Ադրբեջանի մասին խոսվելու է նույն տոնայնությամբ... Այնպես որ՝ անիմաստ է փորձել սեփական սխալներն արդարացնել մյուսի ավելի խոշոր սխալներով», - շեշտում է «Առավոտ»-ը: Արտաքին ուժերն էլ գնահատականներ տալիս ինչ-ինչ շահերով առաջնորդվում են, բայց «կա նաեւ տխուր իրականություն, որի հետ շահերը որեւէ կապ չունեն»:

«Իշխանության «հրետանային նախապատրաստությունը» ընդդիմության վերջին հանրահավաքից առաջ եւ կոշտ արձագանքը հանրահավաքից հետո պարզապես անտեղի էին՝ այդ հանրահավաքն իշխանության համար որեւէ վտանգ չէր ներկայացնում», - անդրադառնում է «Առավոտ»-ի խմբագիրը՝ կրկին ընդգծելով. - «Նախորդ 12 տարիների փորձը հուշում է, որ տեսանելի պատմական ապագայում իշխանությունը Հայաստանում չի փոխվի հանրահավաքների (հեղափոխության) միջոցով եւ իշխանությունը չի փոխվի նաեւ ընտրությունների միջոցով, որովհետեւ ընտրություններ՝ այդ բառի արեւմտյան, եվրոպական իմաստով՝ մեր երկրում չեն անցկացվում եւ չեն անցկացվելու: Ճիշտ Ադրբեջանի նման։ «Իշխանափոխության» միակ ձեւը Հայաստանում պալատական հեղաշրջումն է, սակայն այս պահին պալատական հեղաշրջման որեւէ նախանշան չի երեւում: Հետեւաբար», - բխեցրել է խմբագիրը, - «ամենահավանական տարբերակն այն է, որ մոտակա տասնամյակներում կմնա հենց այս իշխանությունը: Եվ այս երկարուձիգ տարիների ընթացքում ընդդիմությունը հանրահավաքներ է անելու՝ բնականաբար, իշխանափոխություն պահանջելով»:

«Իրավունք» թերթի մեկնաբանի հայացքով, Հայաստանի ներքաղաքական կյանքում որոշակի սքողված, այնուամենայնիվ, ուժեղ լարվածություն է նկատվում, որը նմանվում է սեղմված զսպանակի. - «Տպավորությունն այն է, որ ե'ւ իշխանության տարբեր թեւերը, ե'ւ ընդդիմությունը սպասում են զսպանակի բացվելու պահին»: Ուշադրություն սեւեռելով հատկապես ներիշխանական լարումների վրա, մեկնաբանն ամփոփել է, թե հստակ չէ նույնիսկ՝ ով կկրի «հայոց թագը» արդեն այս ձմեռ:

«Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանի հայացքով, ընդդիմության առաջնորդները հանկարծ դարձել են «ագրեսիվ, ինքնավստահ ու անհամբեր»: Թե ինչու՝ մեկնաբանը մտմտում է այսպիսի բացատրություն. - «Տարածաշրջանում եւ նրա շուրջ իրականում տեղի է ունենում շատ ավելի բարդ ու վտանգավոր գործընթաց, քան Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման կամ երկկողմ հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման խնդիրը: Միացյալ Նահանգները մտադրություն ունեն մուտք գործել Ադրբեջան եւ այնտեղ հաստատել իրենց ռազմական հենակետը՝ լուծելու համար Իրանին հյուսիսից՝ ցամաքից ու ծովից շրջափակելու խնդիրը: Իսկ սա արդեն, ինչպես ընդունված է ասել՝ մեծ քաղաքականություն է, որը սպառնում է արմատապես փոխել Հայաստանի առանց այդ էլ բարդ աշխարհաքաղաքական կացությունը: Ակնհայտ է, որ եթե մինչ օրս մեր երկրի ղեկավարությունը հաջողությամբ շարունակում էր իր կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը, ապա ամերիկյան զորքերի Ադրբեջանում տեղակայվելու պարագայում, ի վերջո, անգամ ցանկություն չունենալու դեպքում, ստիպված է լինելու կատարել բարդ՝ ճակատագրական ընտրություն»: Մեկնաբանը հենց այս հեռանկարներում է տեսնում հայաստանյան ընդդիմության ներկայիս ոգեւորության ակունքը:

Աջափնյակի գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանը «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում լուրջ մեղադրանքներ էր ներկայացրել մրցակից Արման Սահակյանին եւ նրա հորը՝ ասելով, թե ինքը թույլ չի տա, որ ազգը դառնա Սահակյանների ընտանիքի ճորտը։ Այս առիթով զրույցում այսօր Արման Սահակյանի հայրը՝ Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ասում է. - «Ես կարծում էի, որ թերուս լինելը մարդու մտավոր ունակությունների վրա չպետք է այդքան ազդած լիներ։ Սակայն, կարծես թե, այս դեպքում սխալվել եմ... այդ հարցազրույցը կատարյալ հակագովազդ է հենց Արծրուն Խաչատրյանի համար»։ «Իրականությունն այն է, որ այսօր Արման Սահակյանը պայքարում է մի անձի դեմ, ում հաջողվել է այս տարիների ընթացքում կատարելապես վարկաբեկել թաղապետի պաշտոնը», - ձեւակերպում է Գալուստ Սահակյանը՝ նաեւ ավելացնելով. - «Որ լիքը փողեր ունենք՝ դա միանշանակ է։ Եւ դա մեր արդար աշխատանքի արդյունքն է... Ինչ վերաբերում է, թե, իբր, 99-ին կրակել է Արման Սահակյանը, ապա նրան ճանաչողը չի հավատա այդ կարգի անհեթեթություններին։ Եւ եթե Արման Սահակյանը երբեւէ կրակել է, ապա դա եղել է պատերազմի ժամանակ։ Մինչդեռ նույն այդ ժամանակ Արծրուն Խաչատրյանն ընդամենն իր որովայնի խնդիրն էր լուծում»։

Իսկ Աջափնյակի ներկայիս թաղապետն էլ այսօր «Իրավունք»-ի հարցազրույցում է պնդում. - «1999 թվականի կրակոցների հեղինակներից մեկը եղել է Արման Գալուստի Սահակյանը, որը ավտոմատով կրակոցներ է արձակել մեր ընտրողների վրա, որից մի քանի հոգի վիրավորվել են»: «Կարծում եմ, մեր խելացի քաղաքական գործիչները, այս ամենն իմանալով, չեն փորձի սատարել նրան», - բխեցնում է Արծրուն Խաչատրյանը՝ կարծելով նաեւ, որ ինքը կվերընտրվի, քանզի՝ «մեր ժողովուրդը իմաստուն է»:

Վերջին շրջանում նորից ակտիվացել են լոտոները, եւ, մասնագետների կարծիքով, դա տնտեսական ու քաղաքական վատ վիճակի հետեւանք է: Մասնավորապես, տնտեսագետ Էդվարդ Աղաջանովը «Այբ-Ֆե» թերթում նշում է. - «Լոտոների կազմակերպիչներն ուղղակի հասկացել են, որ ժողովուրդը լրիվ հիասթափված է, որեւէ հույս չունի ո'չ իշխանությունից, ո'չ ընդդիմությունից: Դրանք ժողովրդին ասում են. միակ հույսդ պետք է դնես բախտիդ վրա: Դա ավանտյուրիզմ է՝ բառի բուն իմաստով: Ամբողջ երկրի հեռուստատեսությունները ժամերով քարոզում են, որ քո բախտը, քո հաջողությունն ու քո ապագան կախված է ղումարբազներից... Լոտո խաղացող ազգը ապագա չի կարող ունենալ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG