Մատչելիության հղումներ

Գեղամյանը պատրաստ է համագործակցել իշխող կոալիցիայի կուսակցությունների հետ


Շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ իր ղեկավարած կուսակցությունը պատրաստ է համագործակցության կոալիցիոն կառավարություն կազմած երեք կուսակցությունների՝ Հայաստանի հանրապետական կուսակցության, «Օրիանց երկիր»-ի եւ Դաշնակցության հետ:

«Այսօրվա դրությամբ մեր խնդիրը կայանում է նրանում, որ կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժերը գիտակցեն, որ իրենք չպետք է կապվեն այն սայլին, որը հանցավոր է», - ասաց Գեղամյանը՝ բացատրելով. - «Որովհետեւ իրենք այդքան խրված չեն ապազգային գործողությունների մեջ: Մենք, միեւնույն է, տեր ենք լինելու մեր երկրին հենց նույն Հանրապետական կուսակցության հետ»:

«Ազգային միաբանության» առաջնորդը վստահ է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոալիցիան պառակտելու քաղաքականություն է իրականացնում: Եվ քանի որ վստահ է նաեւ, որ կոալիցիան վաղ թե ուշ գիտակցելու է, որ իշխանությունների վարած արտաքին եւ ներքին քաղաքականությամբ վտանգի տակ է դրվելու երկրի ապագան, ուստի իր ղեկավարած կուսակցությունը գերադասում է մեղմացնել քննադատությունը կոալիցիայի դեմ, լինել ավելի հանդուրժողական:

«Որովհետեւ, եթե սկսենք մեր քննադատության սլաքն ուղղել կոալիցիայի անդամ կուսակցությունների դեմ, դա կնշանակի մենք ջուր ենք լցնում Ռոբերտ Քոչարյանի ջրաղացին», - բացատրեց նա:

Ընդդիմության մյուս թեւի՝ «Արդարություն» դաշինքի հետ համագործակցությանը վերաբերող հարցին Արտաշես Գեղամյանը հստակ պատասխան չտվեց: Պարզապես բացատրեց, թե խնդիրն այլ հարթության վրա պետք է դիտել, այն է՝ հավատարիմ մնալ ժողովրդին եւ երկրի զարգացման հեռանկարին, ինչը կողմերից յուրաքանչյուրը յուրովի է տեսնում:

«Մենք գտնում ենք, որ փոքր-ինչ այլ մոտեցումներ են պետք, եւ այդ մոտեցումները պետք է հաշվի առնեն հնարավոր աշխարհաքաղաքական զարգացումները տարածաշրջանում», - ասաց նա:

«Ազգային միաբանություն»-ը առայժմ դեմ է պայքարի հանրահավաքային ձեւեին: Կուսակցությանը ավելի հոգեհարազատ է ծրագրային մոտեցումների շուրջ համագործակցությունը:

Գեղամյանը միանշանակ պատասխան չտվեց նաեւ նախագահի վստահության հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության կամ հնարավորության մասին հարցին՝ ասելով. - «Իշխանափոխությունը վաղուց հասունացած հարց է, եւ այս իշխանություններն այլեւս ասելիք կամ անելիք չունեն»:

«Երբ գործողությունների հստակ ծրագիրը հրապարակելու պահը գա, եւ այդ ծրագիրը մեծապես նաեւ պայմանավորված կլինի ընդհանուր առմամբ տարածաշրջանում հնարավոր զարգացումներով, այդ ժամանակ մենք մեր առաջարկը կանենք: Բնականաբար, առաջարկն անելուց զատ ինքներս կգլխավորենք համաժողովրդական այդ ընդվզումը, որը արդեն իսկ հասունացել է», - հանդիպման վերջում հայտարարեց «Ազգային միաբանության» առաջնորդը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG