Մատչելիության հղումներ

Ստեփան Դեմիրճյան. «Վստահության հանրաքվեի գործընթացը կհասցնենք իր տրամաբանական ավարտին»


Ուրբաթ օրը հայաստանյան ընդդիմությունը բավական երկար ընդմիջումից հետո կրկին հանրահավաք անցկացրեց Երեւանում: Ելույթներն ու կարգախոսները հիշեցնում էին նախագահական ընտրություններից հետո անցկացվող բազմահազարոց հանրահավաքները:

«Արդարություն» դաշինքի առաջնորդները հայտարարեցին, որ ամեն ինչ անելու են՝ անցկացնելու համար Սահմանադրական դատարանի կողմից առաջարկված վստահության հանրաքվեն: «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող օրինագիծը արդեն հանձնվել է Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովին:

«Վստահության հանրաքվեն հնարավորություն է տալիս սահուն ձեւով հաստատել օրինական իշխանություն Հայաստանում», - իր ելույթում ասաց ընդդիմության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը՝ խոստանալով. - «Մենք այդ գործընթացը կհասցնենք իր տրամաբանական ավարտին»:

«Հանրաքվեն իրեն [Ռոբերտ Քոչարյանին] ավելի շատ է պետք», - ասաց ընդդիմության առաջնորդներից նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Արամ Սարգսյանը; - «Թող ապացուցի, որ ժողովրդից ստացել է վստահության քվե: Բայց նա չի կարող դա անել, որովհետեւ ընտրված նախագահ չէ»:

Արամ Սարգսյանը ասաց նաեւ, որ այս հանրահավաքը վերջինն է, ուր ինքը գալիս է ինֆորմացիա տալու: «Հաջորդ միտինգը լինելու գործողության միտինգ, եւ այդ միտինգով Քոչարյանը հեռանալու է: Խոստանում եմ ձեզ»:

Սարգսյանը չմանրամասնեց ընդդիմության ռազմավարությունը՝ ասելով, թե դա անակնկալի է բերելու իշխանություններին:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը իր ելույթում նշեց Քոչարյանին իշխանությունից հեռացնելու երկու ճանապարհ. - «Մեկը՝ հանրաքվեի միջոցով, մյուսը՝ համաժողովրդական ապստամբության եւ անհնազանդության միջոցով: Այս ճանապարհները միմյանց փոխլրացնող են»:

Բազեյանը կոչ արեց ժողովրդին հավաքվել խորհրդարանի շենքի մոտ եւ ճնշում գործադրել «կոճակ սեղմող» պատգամավորների վրա, երբ «Հանրաքվեի մասին» օրենքի նախագիծը մտնի Ազգային ժողովի օրակարգ:

«Մենք կոչ կանենք ձեզ միասին պայքարելու: Մենք կոչ կանենք, որ գաք, ճնշեք, եթե պետք է՝ այն չափարները ջարդեք, որովհետեւ ուրիշ ելք չկա», - ավելի հեռուն գնաց ընդդիմադիր պատգամավոր Արշակ Սադոյանը:

Իր ելույթում որոշ մտավախություններ հնչեցրեց Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը: «Ես մի բանից եմ վախենում, որ հավաքվենք, հանրահավաքներ անենք, դժգոհենք, իրար ապացուցենք, որ իշխանությունը վատն է... սահուն գնա այս չորս-հինգ տարին, որից հետո կլինի ընտրություն, ժողովուրդը նույն ձեւով խաբվելու է ընտրության ժամանակ եւ նույն արդյունքն է ստանալու ընտրությունների միջոցով», - ասաց Մանուկյանը՝ հիշեցնելով, թե 1996 թվականի ընտրություններից ի վեր մարդիկ հույսեր են կապել «անձը փոխելու հետ»: - «Գաղտնիքը անձերի մեջ չէ... Միայն եւ միայն մեկ ճանապարհ կա՝ մինչեւ ընտրությունները պետք չէ հասցնել, մինչեւ ընտրություններ իշխանությունը պետք է անպայման փոխվի»:

Իսկ իշխանափոխության կարող է իրականացնել, ընդդիմադիր գործչի խոսքերով՝ «միայն զայրացած, բորբոքված, իր ապագայի մասին մտածող ժողովուրդը»:

Հանրահավաքում հրապարակվեց «Արդարություն» դաշինքի հայտարարությունը, որով Ռոբերտ Քոչարյանը բացահայտորեն մեղադրվում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը մեղսակից լինելու մեջ:


Հրաչ Մելքումյան եւ Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG