Մատչելիության հղումներ

Հայաստանը չի շնորհավորի Ադրբեջանի նորընտիր նախագահին


Ինչպես ուրբաթ օրը հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Հեյդար Ալիեւի որդին՝ Ադրբեջանի նորընտիր նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանից շնորհավորական ուղերձ չի ստանա:

«Այդպիսի ավանդույթ չկա այսօր փոխադարձաբար շնորհավորելու», - հայտարարեց Օսկանյանը, - «Ես կարծում եմ, որ մեր կողմից որեւէ շնորհավորական չի լինի»:

Արտգործնախարարը, ինչպես եւ ակնկալվում էր, խուսափեց գնահատական տալ, առհասարակ որեւէ կերպ անդրադառնալ անցած կիրակի կայացած Ադրբեջանի նախագահական ընտրություններին, որոնց ավարտին հարեւան երկրի մայրաքաղաքում լուրջ բախումներ են տեղի ունենում ընտրությունների արդյունքները չճանաչող ընդդիմության կողմնակիցների եւ իրավապահների միջեւ:

Օսկանյանը միայն հաստատեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները կշարունակվեն Ադրբեջանի նորընտիր նախագահի հետ: Այս ամիս ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Օսկանյանը ասել էր, թե Իլհամ Ալիեւն է Հայաստանի համար նախընտրելի թեկնածուն, քանի որ «նա եղածներից երեւի թե ամենամեծ հավանականությունն ունի շարունակելու գործընթացը այն կետից, ուր ընդհատվել է»:

«Հայաստանը կաշխատի այդ նորընտիր նախագահի հետ Լեռնային Ղարաբաղի կարգավորման առումով, եւ ուզում ենք հույս հայտնել, որ նա կկարողանա իսկապես շարունակել բանակցությունները», - այսօրվա ասուլիսում ասաց Վարդան Օսկանյանը:

Անդրադառնալով նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակին, արտգործնախարարը ասաց. - «Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ պետք են կայուն հարեւաններ, եւ հույս ունենք, որ ներքաղաքական իրավիճակը Ադրբեջանում հնարավորին չափ շուտ կկարգավորվի»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG