Մատչելիության հղումներ

Շրջանառության մեջ կդրվեն տասը հազար դրամ անվանական արժեքի թղթադրամներ


Նոյեմբերի 1-ից Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում 10.000 դրամ անվանական արժեքով նոր դրամանիշ։ Նոր թղթադրամի դիմերեսին Ավետիք Իսահակյանի դիմանկարն է, դարձերեսին՝ հին Գյումրվա պատկեր։

Ուրբաթ օրը այդ առիթով հրավիրված ասուլիսում Կենտրոնական բանկի Էմիսիոն գործառնությունների եւ դրամական պահուստների վարչության պետ Գեւորգ Թումանյանը վստահեցրեց, թե նոր դրամանիշի ներդրումը սղաճի թռիչքի ու դրամական զանգվածի մեծացման ազդակ չի դառնա:

«10 հազար դրամանոցը ներդրվելու է շրջանառության մեջ աստիճանաբար, եւ շրջանառության մեջ գոյացող 10 հազար դրամանոցների ծավալի աճին զուգընթաց նվազելու է շրջանառության մեջ եղած 20 հազար դրամանոցների ծավալը եւ, միգուցե չնչին մասով՝ 5 հազար դրամանոցների ծավալը», - ասաց Թումանյանը:

Նրա խոսքերով, նոր դրամանիշի ներդրման նպատակը «վճարումները ավելի հարմարավետ դարձնելն է»:

Իսկապես, ապրանք վաճառող կամ ծառայություններ մատուցող շատ ձեռնարկություններ մանր դրամ չունենալու պատճառով երբեմն հրաժարվում են գնորդից 20 հազար դրամանոց դրամանիշեր վերցնել։ 10 հազար դրամանոցները գալիս են լրացնելու 5 եւ 20 հազարանոց դրամանիշերի միջեւ եղած մեծ հեռավորությունը։

Ըստ Գեւորգ Թումանյանի, ներկա դրությամբ շրջանառության մեջ եղած ողջ թղթադրամային զանգվածի կեսից ավելին 5000-անոց դրամանիշներն են։ Իսկ դա, նրա համոզմամբ, ստույգ ահազանգ է, որ շրջանառության մեջ 10 հազարանոց դրամանիշների սուր պակաս կա։

Նոր թղթադրամն ունի պաշտպանվածության բարձր մակարդակ, մասնավորապես՝ հոլոգրաֆիկ ժապավեն: Թումանյանի խոսքերով, նոր թղթադրամի հուսալի պաշտպանական միջոցները կօգնեն մարդկանց հեշտությամբ տարբերել իսկական 10 հազարանոցները հնարավոր կեղծիքներից:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG