Մատչելիության հղումներ

Նախագահի խորհրդականը չի բացառում հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը


Նախագահ Քոչարյանի նորանշանակ խորհրդական Բագրատ Եսայանը, որի գործունեություն ոլորտն ընդգրկում է նաեւ պայքարն ընդդեմ կոռուպցիայի, հինգշաբթի օրը հրավիրած իր առաջին ասուլիսում չբացառեց կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ մարմնի ստեղծումը:

Դաշնակցությունը խորհրդարանական ընտրություններից հետո հանդես էր եկել հատուկ հակակոռուպցիոն մարմին ստեղծելու առաջարկությամբ, որին, սակայն, դեմ հանդես եկավ վարչապետի Մարգարյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը, եւ Դաշնակցության անդամ Բագրատ Եսայանին կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով երկրի նախագահի խորհրդական նշանակելը, թերեւս, փոխզիջման դրսեւորում է:

Այսօրվա ասուլիսում հերքելով Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը, թե այնպիսի մարմին չի ստեղծվելու, Բագրատ Եսայանը ասաց. - «Եղել է եզրակացություն, որ հակակոռուպցիոն ռազմավարությունը ընդունվելուց հետո ինչ-որ ձեւով պետք է այդ ռազմավարությունը իրականացվի: Այդ ռազմավարության իրականացումը պետք է վերահսկվի եւ համադրվի: Այնպես որ, միանշանակ եզրակացություն, որ այդպիսի մարմին չի ստեղծվելու, չի եղել ո'չ աշխատանքային խմբում, ո'չ կոալիցիայի խորհրդի նիստում»:

Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ, մինչդեռ, մեջբերել էին Արթուր Բաղդասարյանի խոսքերը, թե հակակոռուպցիոն մարմին չստեղծելու մասին որոշումը ընդունվել է կոալիցիայի խորհրդի վերջին նիստում:

«Հայաստանում առկա ռիսկերի ուսումնասիրությունը, տարբեր ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի եւ կոռուպցիայի օջախների բացահայտումը, դրանց պատճառների ուսումնասիրությունը, դրանց ծավալի գնահատումը», - իր առջեւ դրված խնդիրները շրջանակեց Եսայանը: - «Որպես այդ ամենի եզրակացություն կտրվի այն արդյունավետ պայքարի վերաբերյալ առաջարկություններ, որոնք ես պետք է ներկայացնեմ հանրապետության նախագահին»:

Կոռումպացված երկրների շարքում «Transparency International» կազմակերպության՝ վերջերս հրապարակած սանդղակով, Հայաստանը, Եսայանի խոսքերով, «ոչ այնքան հաճելի, բայց նաեւ ոչ այնքան տհաճ» 78-րդ տեղում է: Հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը այդ սանդղակի 124-րդ տեղում են:

Թեեւ Բագրատ Եսայանը կոռուպցիայի տարածման վիճակը Հայաստանում «անհույս չի համարում, այդուհանդերձ, ասուլիսում հայտարարեց, որ կառավարությունն ու կոալիցիոն կուսակցությունները ամրագրել են, որ «կոռուպցիան հասել է Հայաստանում մի մակարդակի, որ արդեն սպառնում է մեր ազգային անվտանգությանը»:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG