Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Այսօր Ադրբեջանում տեղի ունեցող նախագահական ընտրությունները կարող են զգալի ազդեցություն գործել ոչ միայն այդ երկրի ճակատագրի, այլեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման ժամկետների վրա», - ընդգծում է «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը: - «Ե'վ միջազգային դիտորդներին, ե'ւ հարեւան ու շահագրգիռ երկրներին իրականում հետաքրքրում է մի հարց. որքա՞ն ժամանակ կպահանջվի Ադրբեջանի նոր իշխանություններից՝ հետընտրական թոհուբոհից դուրս գալու եւ սեփական երկրի ներսում իրավիճակը վերահսկելու համար»: Ձեռնտո՞ւ է Հայաստանին Ադրբեջանի ներքաղաքական կացության ապակայունացման հեռանկարը, եւ ինչպիսի՞ դիրքորոշում պետք է որդեգրել՝ նման տարբերակն իրականություն դառնալու պարագայում: Այս առումով մեկնաբանը նշում է. - «Արտաքուստ թվում է, թե որքան ավելի երկար ժամանակ ադրբեջանցիները «հարցեր պարզեն» իրենց ներսում, այնքան ավելի բարվոք վիճակ կարող է ստեղծվել հայկական կողմի համար, քանզի Բաքվում կմոռանան Ղարաբաղի մասին: Բայց ապակայունացումը կարող է անմիջական սպառնալիքներ պարունակել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար: Որոշ տարբերակներում նման սպառնալիքների արհեստական հրահրումը կարող է նաեւ ձեռնտու լինել Ադրբեջանի իշխանություններին՝ հանրության ուշադրությունը արտաքին հակառակորդի դեմ շեղելու եւ ներքաղաքական մթնոլորտը լիցքաթափելու համար: Չի բացառվում անգամ հայ-ադրբեջանական ճակատի առանձին հատվածներում բացահայտ սադրանքների հրահրումը, ինչին պետք է որ պատրաստ լինեն մեր զինված ուժերը»: - «Հայոց աշխարհ»-ում ամփոփված է. - «Որ հոկտեմբերի 15-ից հետո Իլհամ Ալիեւը կհռչակվի Ադրբեջանի նախագահ՝ գրեթե ոչ ոք չի կասկածում: Սակայն այն, ինչ տեղի կունենա դրանից հետո՝ լինելու է ամենահետաքրքրականը եւ ուշադրության արժանին»:

Ըստ «Հայկական ժամանակ» թերթի, Ադրբեջանի ընտրությունների հետ Հայաստանի իշխանությունները մեծ հույսեր են կապում. - «Նրանք հույս ունեն, որ Ադրբեջանի ընտրությունները կընթանան այն աստիճան խայտառակ սցենարով, որ 2003-ի փետրվար-մարտ ամիսներին Հայաստանում անցկացված ընտրություններն այդ ֆոնին կդիտվեն որպես ազատ, արդար, թափանցիկ: Մեր իշխանությունների այս հույսերն անհիմն չեն. գրեթե բոլոր միջազգային հեղինակավոր կազմակերպությունները այսօր արդեն հայտարարել են, որ որեւէ հիմք չկա կարծելու, թե Ադրբեջանում ընտրությունները կանցնեն ժողովրդավարության չափանիշներին համապատասխան: Սակայն», - նոր խնդիր է տեսնում «Հայկական ժամանակ»-ը, - «Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում Եվրախորհուրդը Հայաստանի նկատմամբ ոչ մի պատժամիջոց չկիրառեց միայն այն պատճառով, որ ընդունված սկզբունքի համաձայն՝ մեր ու Ադրբեջանի նկատմամբ որոշումներ է կայացնում միաժամանակ: Ուստի մեծ է հավանականությունը, որ հունվարին Ադրբեջանն ու Հայաստանը միասին կարժանանան պատժամիջոցների, մանավանդ որ՝ նախատեսվում է խորհրդարանական վեհաժողովում քննարկել Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի հարցը»:

Հայաստանյան ընդդիմության վարքին տարակուսանքով նայելով, Ազգային ժողովի եւ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Հայոց աշխարհ» թերթում մասնավորապես մատնանշում է. - «Մի կողմից՝ ընդդիմությունը հայտարարում է, թե խորհրդարանը լեգիտիմ չէ, մյուս կողմից՝ շարունակում այնտեղ աշխատել: Սա ուղղակի տրամաբանական չէ, որովհետեւ եթե աշխատում ես, ապա ի՞նչ իմաստ ունի լեգիտիմության հարց առաջ քաշելը... Ցանկացած պարագայում մարդկանց փողոց բերելը նպատակ պետք է ունենա: Միայն իշխանություններին փնովելու համար նման միջոցառում ձեռնարկելը անիմաստ է. դրա լիարժեք հնարավորությունը տալիս են Ազգային ժողովի ամբիոնը եւ լրատվամիջոցները: Հիմա հանրահավաքների անցկացման օգտակարության գործակիցը բավականին կասկածելի է: Չեմ կարծում, թե այսօր այն ժամանակն է, երբ, բացառապես իշխանափոխության թեզ առաջադրելով, կարելի է հասարակությանը ինչ-որ ճանապարհ ցույց տալ կամ ներգրավել գործողությունների մեջ... Վերջապես, եթե ընդդիմությունը իշխանափոխություն է ուզում, հասարակությանը նաեւ դրա կոնկրետ ճանապարհը պիտի ցույց տա, այլապես», - համադրում է Տիգրան Թորոսյանը, - «մյուս կողմից՝ հայտարարում են, որ կողմնակից են սահմանադրական նորմերի պահպանման, իսկ այդ առումով ճանապարհն ընտրությունների ավարտով արդեն փակված է»: «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, երեկ «Արդարություն» դաշինքի նիստում քննարկվել են հանրահավաքի ելույթները եւ ընդունվելիք բանաձեւերը: Դաշինքում կանխատեսում են, որ ուրբաթ օրվա իրենց հանրահավաքը խիստ մարդաշատ է լինելու:

Նախագահի նախկին թեկնածու Արամ Կարապետյանը, որը վերադարձել է Հայաստան եւ ձեռնամուխ եղել խոստացված կուսակցության ստեղծմանը, «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է. - «Վլադիմիր Իլյիչը խելացի մարդ էր եւ ճիշտ էր ասում, որ ոչ մի կուսակցություն չի կարող հեղափոխական իրավիճակ ստեղծել: Նման իրավիճակը ստեղծվում է օբյեկտիվորեն, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով»: Այս առումով Արամ Կարապետյանը ենթադրում է մասնավորապես, որ սակագների սպասվող բարձրացումը կարող է սոցիալական հեղափոխության պատճառ դառնալ:

Անդրադառնալով «Զանգվածային լրատվության մասին» օրենքի շուրջ բարիկադավորումներին, «Առավոտ» թերթը ուրվագծել է. - «Ամենացավալին այն է, որ այսօր բարիկադների տարբեր կողմերում հայտնվել են խոսքի ազատության հարցում համախոհներ... Իրավացի են մեր չորս լրագրողական կազմակերպությունները, որ օրերս միասնաբար հայտարարեցին, թե պետք չէ այդ օրենքը քաղաքական ինտրիգների պատանդ դարձնել։ Ցավոք, այս անգամ էլ հավակնոտությունը հաղթեց սթափ մտքին։ Հիշյալ հայտարարությունից հետո լրագրողական դաշտն ավելի լարվեց: Ոմանք հասան այն աստիճանի, որ ուղղակիորեն մեղադրում են իրենց գործընկերներին դավաճանության եւ շահամոլության մեջ։ Եթե լրատվամիջոցների ներկայացուցիչներն ավելի սրեն իրավիճակը, ամեն ինչ կարող է հիշեցնել այն ժամանակները, երբ իշխանությունը հաջողացրեց անհաշտություն սերմանել ԶԼՄ-ների միջեւ «Ա1+»-ի փակման կապակցությամբ»։

Գործարար, «Մուլտի գրուպ» կոնցեռնի ղեկավար Գագիկ Ծառուկյանը «Ազգ» թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ հնարավոր է դառնա նաեւ «ԱԼՄ» հեռուստաընկերության սեփականատերերից: «Լուրեր են պտտվում նաեւ, որ դուք Հայաստանի ամենահարուստ մարդն եք» հարցին Ծառուկյանը արձագանքում է. - «Միգուցե։ Բայց հնարավոր է, կան մարդիկ, ովքեր ավելին ունեն, բայց թաքցնում են։ Ես իմ ունեցածը չեմ թաքցնում, քանի որ ինչ անում եմ, անում եմ պատվիս, երկրիս ժողովրդիս համար։ Այն, ինչ ունեմ, իմ երկրինն է»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG