Մատչելիության հղումներ

Անորոշ ժամանակով հետաձգվել է Հայաստանի պաշտպանության նախարար, անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի ծրագրված այցելությունը Իրանի Իսլամական Հանրապետություն: Նախնական ծրագրով Սարգսյանը երեքշաբթի օրը պետք է արդեն Թեհրանում լիներ:

Ինչպես Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, այնպես էլ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը հավաստիացրին, որ այցելության հետաձգումը ինչ-ինչ անհամաձայնությունների, պրոբլեմների հետ կապ չունի կամ խնդիրների առաջացման հետեւանք չէ: Պարզապես, Իրանի նախագահն ու արտգործնախարարը, ում հետ Թեհրանում, ըստ նախնական ծրագրի, պիտի հանդիպեր Սարգսյանը, այս օրերին մասնակցում են Մալայզիայում անցկացվող իսլամական երկների կոնֆերանսին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, Գեղամ Ղարիբջանյանը հավաստիացրեց, որ ժամկետները ճշգրտելուց հետո Սերժ Սարգսյանի այցելությունը անպայման կկայանա:

Ռազմական ոլորտում համագործակության ուղղությամբ, ինչի վերաբերյալ երկու երկրների պաշտպանության նախարարները (Սերժ Սարգսյանը եւ ծովակալ Շամհանին) փոխընմբռման հուշագիր էին ստորագրել 2002 թվականի գարնանը, կոնկրետ քայլեր դեռեւս չկան:

«Հայաստանի հիմնական հարաբերությունները [Իրանի հետ] տնտեսական ոլորտին են վերաբերում», - ասաց Ղարիբջանյանը՝ ավելացնելով, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են Հայաստանի նախագահի անձնական ուշադրության կենտրոնում: Նույնն էլ՝ իրանական կողմից: «Ե'վ Իրանի հոգեոր առաջնորդը, ե'ւ նախագահը, ե'ւ արտաքին գործերի նախարարը ընդգծված դրական վերաբերմունք ունեն Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նկատմամբ»:

Գեղամ Ղարիբջանյանի գնահատմամբ, Հայաստանի էներգետիկայի նախարարի՝ օրերս ավարտված այցը Իրան «եզակի հաջողված այցելություն էր»: Նախարար Մովսեսյանին ընդունել էր նաեւ Իրանի նախագահ Խաթամին, եւ այդ հանդիպման ժամանակ ուղղակիորեն խոսվել է երկու երկրների միջեւ եղած համաձայնագրերը կյանքի կոչելու մասին:

«Նախագահ Խաթամին հայտարարեց, որ իրեն որպես նախագահ պաշտոնավարելու շրջան մնացել է երկու տարի, եւ ինքը անպայման ամեն ինչ կանի, որ բոլոր նախագծերը կյանքի կոչվեն», - փոխանցեց դեսպան Ղարիբջանյանը:

Խոսքը, առաջին հերթին, Հայաստանի էներգետիկայի համար մեծ նշանակություն ունեցող Իրան - Հայաստան գազատարի (այս ուղղությամբ բանակցությունները ձգվում են արդեն տասը տարուց ավելի, իսկ շինարարության մեկնարկի կոնկրետ ժամկետ ոչ մի կերպ չի հայտարարվում), Արաքս գետի հիդրոկայանների, Քաջարանի ավտոճանապարհային թունելի մասին է:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG