Մատչելիության հղումներ

Դատավորը դահլիճից հեռացնում է տուժող կողմի ներկայացուցիչներից երկուսին


«Հոկտեմբերի 27»-ի գործով դատական նիստում երեքշաբթի օրը դատավոր Սամվել Ուզունյանը դահլիճից հեռացրեց Ազգային ժողովի դահլիճում սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի՝ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի շահերի ներկայացուցիչներից երկուսին՝ Արամազդ Զաքարյանին եւ Սուրեն Սուրենյանցին:

Այսօրվա նիստում մեղադրողների միջնորդությամբ պիտի հրապարակվեին 1999-ի հոկտեմբերին Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ, 2002-ի դեկտեմբերին սպանված Տիգրան Նաղդալյանի, լրագրող Տիգրան Նազարյանի, 1999-ին Ազգային ժողովի լրատվական վարչության պետ Հասմիկ Խաչատրյանի (երկուսն էլ ներկայումս ապրում են Միացյալ Նահանգներում), մի քանի այլ վկաների նախաքննական ցուցմունքները: Ըստ մեղադրող կողմի՝ դատարանին ներկայացրած տեղեկանքի, որը տվել է ոստիկանության Երեւանի վարչությունը, երկրից բացակայող վկաներին «հնարավոր չէ գտնել»:

Երբ դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը, Արամազդ Զաքարյանը բորբոքված ելույթ ունեցավ՝ հայտարարելով. - «Երբ իշխանափոխություն լինի, բոլորդ պատասխան եք տալու»:

Նախագահող Սամվել Ուզունյանը Զաքարյանին հեռացրեց դաճլիճից՝ ոստիկաններին զգուշացնելով նրան երբեւէ ներս չթողնել: Իսկ Զաքարյանի հայտարարությունը որակեց որպես սպառնալիք եւ խոստացավ համապատասխան գրություն ուղարկել գլխավոր դատախազություն:

Արդեն ընդմիջումից հետո, երբ հրապարակվում էր Տիգրան Նաղդալյանի նախաքննական ցուցմունքը, «Հանրապետություն» կուսակցության մամուլի գծով պատասխանատու Սուրեն Սուրենյանցը դատավոր Ուզունյանին հարցրեց, թե Քրեադատավարական օրենսգրքի որ հոդվածի հիման վրա է վերջինս դատարանի դահլիճից հեռացրել Արամազդ Զաքարյանին: «Ինձ՝ որպես նախագահողի տրված բոլոր իրավասություններով», - հակադարձեց Ուզունյանը: - «Այն բանի համար, որ դատարանը անվանել է բարդակ»:

Միջադեպն ավարտվեց նրանով, որ Սամվել Ուզունյանը դահլիճից հեռացրեց նաեւ Սուրենյանցին՝ նույն՝ դատական նիստը խանգարելու հիմնավորմամբ:

Դրանից հետո Ուզունյանը հայտարարեց. - «Դատարանը թույլ չի տալու ոչ մի խուլիգանություն դատական նիստերի ընթացքում: Ես այդ բառով եմ որակում այս ներկայացուցիչներ կոչեցյալների վարքը, որոնք քաղաքական նկատառումներով հայտնվել են դատարանում»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG