Մատչելիության հղումներ

Սկսեց գործել Եվրոպական կառույցներին ինտեգրման ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովը


Երեքշաբթի օրը տեղի ունեցավ անցած ամիս ստեղծված՝ Եվրոպական կառույցներին ինտեգրման Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդրանիկ նիստը: Հանձնաժողովի նախագահ ընտրվեց խորհրդարանի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը (Հայաստանի հանրապետական կուսակցություն):

Հանձնաժողովում Թորոսյանի տեղակալը պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ ՄՀեր Շահգելդյանն է («Օրինաց երկիր»): Հանձնաժողովի կազմում են նաեւ ընդդիմադիր պատգամավորներ Շավարշ Քոչարյանը («Արդարություն») եւ Հմայակ Հովհաննիսյանը («Ազգային միաբանություն»):

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Տիգրան Թորոսյանը , ներկայացնելով հանձնաժողովի կողմից բարձրացվելիք հարցերի շրջանակը, ասաց. - «Պարտավորությունները [Հայաստանի] Եվրոպայի խորհրդի առաջ, այն նախագծերը, որոնք պիտի մշակվեն մեր օրենսդրությունը միջազգային պայմանագրերին համապատասխանեցնելու առումով»:

Թորոսյանի խոսքերով, ներկա փուլում բազմաթիվ հակասություններ գոյություն ունեն հայաստանյան օրենքների եւ միջազգային պայմանագրերի միջեւ:

Հանձնաժողովը կզբաղվի նաեւ ինտեգրացիոն զարգացումների տիրույթում գտնվող բարեփոխումների այն խմբի հարցերով, որը վերաբերում է սահմանադրական փոփոխություններին:

Տիգրան Թորոսյանի խոսքերով, հանձնաժողովը իր գործունեության ծրագիրը կարող է ներկայացնել արդեն հաջորդ ամսվա վերջին:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG