Մատչելիության հղումներ

Այսօր Սուրբ թարգմանչաց տոնն է


Շաբաթ օրը Հայ առաքելական եկեղեցու տոնացույցով Սուրբ թարգմանչաց օրն է: Աշխարհի ժողովուրդներից միայն հայերի կողմից նշվող այս տոնին բացի Մայր աթող Սուրբ Էջմիածնի սպասավորներից եւ հայ գրողներից ու թարգմանիչներից, այս տարի մասնակցեց նաեւ միջազգային «Փեն» ակումբի պատվիրակությունը:

«Մենք միշտ էլ թարգմանիչ ազգ ենք եղել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց բանաստեղծ թարգմանիչ Արտեմ Հարությունյանը, - «եւ փորձում ենք շարունակել դեռ 5-րդ դարից Սուրբ Մեսրոպի թողած թարգմանչաց հարուստ ավանդույթը: Թարգմանել՝ նշանակում է նոր մտածողություն եւ նոր ընկալումներ բերել սեփական ժողովրդի արյան ու էության համար»:

Զուգահեռելով մերօրյա եւ դեռ 5-րդ դարում սկսված թարգմանչական շարժումները, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը ասաց. - «Թարգմանչական շարժումը մեր ժողովրդի համար նոր քաղաքակրթության հիմքերը դրեց, եւ բերեց այդ քաղաքակրթությունը մի ավազանով անցկացրեց, որ սպունգի նման կլանեց ժամանակի համաշխարհային արժեքները: Այսօրվա մեր խնդիրը արդեն հակառակն է՝ սպունգը պիտի քամենք, որպեսզի թարգմանության միջոցով մեր արժեքները, մեր քաղաքակրթությունը ճանաչելի դարձնենք աշխարհին»:

Այդ ուղղությամբ դրական տեղաշարժեր է տեսնում Գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանը: «Նարեկացու «Մատյան»-ի հազարամյակի առթիվ չեմ կարող չասել, որ վերջին շրջանում Նարեկացին ոչ միայն թարգմանվել է եվրոպական կարեւոր լեզուներով, այլեւ նույն լեզվով կան արդեն մի քանի թարգմանություններ: Ունենք անգլերեն զույգ թարգմանություն, ֆրանսերեն արդեն զույգ թարգմանություն, ռուսերեն երեք-չորս թարգմանություն կա»:

Տոնակատարության մասնակիցները ավանդաբար անպայման այցելում են Օշական՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին:


Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG