Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք «Ա1+»-ը երբեք եթեր չի ունենա, այսօր միանշանակ է բոլորի համար», - ամրագրում է «Առավոտ» թերթը: - «Հետաքրքրությունն այդ հարցի նկատմամբ զուտ սպորտային է. այս անգամ (այսինքն՝ եկող երկուշաբթի) ի՞նչ պատճառաբանությամբ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) կմերժի նշյալ հեռուստաընկերության հայտը»։ Իսկ ամենահետաքրքիրը, ըստ «Առավոտ»-ի, այն է, թե «Ա1+»-ին հեռարձակման արտոնագիր չտրամադրելուց հետո ինչպես կդրսեւորեն իրենց իշխող կոալիցիայի անդամները, որոնք համերաշխորեն դատապարտեցին ՀՌԱՀ-ի համանման հուլիսյան որոշումը. - «Որոշ անդամների զայրույթն այն աստիճանի հասավ, որ ՀՌԱՀ-ին սկսեցին մեղադրել միջազգային ասպարեզում Հայաստանի վարկը վերջնականապես խարխլելու մեջ»։ «Առավոտ»-ի համոզմամբ՝ հիմա էլ «կվրդովվեն, դարձյալ կոչեր կանեն՝ փոփոխություններ մտցնել «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» օրենքում, բայց, ի վերջո, միեւնույն է, կհայտարարեն, որ ո՛չ իրենք, ո՛չ ինքը՝ նախագահը, իրավունք չունեն միջամտել անկախ հանձնաժողովի որոշմանը, հետեւաբար՝ հերթական անգամ կլվանան իրենց ձեռքերը»։

Դեռեւս մրցութային առաջարկի փաթեթին ամբողջությամբ չծանոթացած, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը օրաթերթերից մեկին ասել է, որ «Ա1+» հեռուստաընկերության ծրագիրը հավատ չի ներշնչում ե'ւ ֆինանսական առումով, ե'ւ սեփական արտադրության տոկոսային մասով: Անդրադառնալով սրան, «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը «Այբ-Ֆե» թերթում ասում է. - «Զարմանալի ոչինչ չեմ տեսնում, որովհետեւ պարոն Ամալյանը ուրիշ բան չէր կարող ասել, նա միայն կատարող է: Որոշումը քաղաքական է»: Մովսեսյանը, սակայն, նաեւ ավելացնում է. - «Հեռուստատեսային դաշտը, որից այսօր դժգոհում են ե'ւ հասարակությունը, ե'ւ քաղաքական ուժերը, պարոն Ամալյանի ձեռքով է պղծվել: Այստեղ նա ունի անձնական ներդրում, եւ դրա հետեւանքները պարոն Ամալյանը հետո է զգալու»:

«Այնքան խոսեցինք այն մասին, որ ընդդիմությունը, փաստորեն, անգործության է մատնված, որ վերջիններս թասիբի ընկան ու, քնած տեղից մի կերպ արթնանալով, որոշեցին հոկտեմբերի 17-ին հանրահավաք կազմակերպել: Եվ նրանք իրենց այդ հանրահավաքի մասին այնպես անհավես են խոսում, կարծես այդ հանրահավաքն անցկացնում են ստիպված, ժողովրդի խաթեր», - ուրվագծում է այսօր «Այբ-Ֆե»-ն: - «Կասկածից վեր է, որ մեր ընդդիմությունն իրենից կախված ամեն ինչ կանի, որ հոկտեմբերի 17-ին հնարավորինս քիչ մարդ գա հանրահավաքի, որպեսզի մեր ընդդիմադիրներն իրենց անշառ գլուխները վերստին շառի մեջ չդնեն»: Ի վերջո, թերթը կրկին եզրակացնում է, որ «իշխանություններն ու անձամբ Քոչարյանը սրանից ավելի հարմար ու կառավարելի ընդդիմություն երբեւէ չեն էլ երազել»:

«Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանի հայացքով, այն տխուր նստվածքը, որը մնաց ընդամենը 15 փոխնախարարական տեղերի վերաբաշխման հետեւանքով, չի կարող չազդել կոալիցիայի ու կառավարության վարկի եւ հեղինակության վրա. - «Հասարակության մի մասի մոտ տպավորություն ստեղծվեց, թե պատասխանատվության հսկայական բեռի տակ հայտնված կոալիցիոն ուժերին «երջանկության համար» շատ քիչ բան է պետք՝ ընդամենը մի քանի տաքուկ տեղ, մեկը մյուսին վերահսկելու եւ սեփական կադրերին տեղավորելու համար: Այնինչ», - շեշտում է թերթի մեկնաբանը, - «կոալիցիան ու նրա համակարգող խորհուրդը պետք է ուղղակի եռար, փոթորկվեր՝ մեկը մյուսից ավելի հետաքրքրական ծրագրերի, առաջարկների, գաղափարների առատությունից: Կոալիցիան պետք է դառնար կոլեկտիվ մտքի ու կոլեկտիվ որոշումների բեմահարթակ՝ ճանապարհ բացելով նորարարությունների, համարձակ ծրագրերի, երկրին տնտեսական վերելք խոստացող առաջարկների եւ դրանց հեղինակների առաջ: Մինչդեռ, պարզվում է` նրա ներսում ամեն ինչ հանգում է մանր հաշվարկների, հավակնությունների ու պատվախնդրությունների բախման, որոնց համահարթեցման համար երկրի բարձրագույն ղեկավարությունը ամեն անգամ ստիպված է լինում ցուցաբերել մաքսիմալ համբերատարություն ու նրբանկատություն՝ մի քանի կոնֆետի համար իրար քաշքշող մանուկներին կարգի հրավիրող եւ այդ քաղցրավենիքը հավասար բաշխող՝ մանկապարտեզի դաստիարակի նման»:

«Հայկական ժամանակ» թերթի տեսաբանի վերլուծությամբ, այս օրերին Դաշնակցությունը հասկացավ, որ կառավարության երկրորդ էշելոնը գրոհով վերցնելու իր մղումը կարող է իսկապես հանգեցնել Անդրանիկ Մարգարյանի հրաժարականին, եւ այդ պարագայում ՀՅԴ-ն կզրկվի ոչ միայն փոխնախարարական, այլեւ մնացած բոլոր պաշտոններից, որ նոր կառավարությունն այլեւս կոալիցիոն չէր լինելու եւ դե ֆակտո կառավարվելու էր հենց Սերժ Սարգսյանի կողմից՝ հասկանալի է միանշանակ: «Այսուհանդերձ, տպավորությունը, թե այս ամենից հետո ներքաղաքական իրավիճակը վերադարձել է իր ելման կետին՝ ճիշտ չէ», - ընդգծել է մեկնաբանը: - «Հայաստանում ստեղծվել է բացարձակապես նոր քաղաքական իրավիճակ, որը առանձնանում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նոր դերակատարմամբ, եւ այդ դերակատարումը պահպանել կարողանալու դեպքում նա կարող է դեռ երկար պաշտոնավարել... Հիմա արդեն Դաշնակցությունն Անդրանիկ Մարգարյանի պաշտոնանկությունը կցանկանա մի դեպքում, երբ զգա, որ պատրաստ է վերցնել վարչապետի պաշտոնը: Իսկ նման բան տեսանելի ապագայում չի երեւում»: Տեսաբանը համոզված է, որ եթե անգամ հիմա Մարգարյանը խոստացած նշանակումները չանի կամ խոստացածից պակաս հայեցողական պաշտոններ տա ՀՅԴ-ին կամ «Օրինաց երկիր»-ին, վերջիններս առանձնապես չեն դժգոհի՝ սա է նոր քաղաքական իրավիճակի նրբությունը:

«Ինչո՞ւ մենք ոչ միայն ասիական վագր, այլեւ «միջինասիական մեծ կատու» չենք» վերնագրի տակ անդրադառնալով արտգործնախարար Օսկանյանի հնչեցրած որոշ գնահատականների, «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը համեմատելով արձանագրում է. - «Զարգացման մեր մոդելի առավելությունները զգում են բացառապես կլանային կառույցները, մեզանում գերակայությունները միայն մասնավոր շահերն են: Կեղծ ազատական արժեքների այս տարիների ընթացքում մենք հասել ենք զանգվածային սոցիալական աննախադեպ հոգեբարոյական անկման՝ կրելով նաեւ ահռելի մարդկային կորուստներ: Կյանքի որակը Հայաստանում այս «բարեփոխումների» տարիներին կտրուկ իջել է, եւ արդյունքներն էլ ակնհայտ են. երեխաների միայն մեկ երրորդին կարելի է առողջ համարել: Աշխատանքի, կրթության, գիտության հանդեպ վերաբերմունքը եւս միայն այնպիսի իրադրություններ է երաշխավորում, երբ ցնցումներից բացի ոչինչ չի սպասվում», - եզրափակված է «Գոլոս Արմենիի»-ում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG