Մատչելիության հղումներ

logo-print

Ընդդիմությունը չի հաշտվում ընտրություններից հետո երկրում ստեղծված իրավիճակի հետ


Ուրբաթ օրը Երեւանում կայացած Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) 4-րդ արտահերթ համագումարում կուսակցության ղեկավար, հայաստանյան ընդդիմության առաջնորդներից Ստեփան Դեմիրճյանը կրկին հայտարարեց, որ իրենք շարունակելու են պայքարը հանուն Հայաստանում «օրինական իշխանության հաստատման»:

«Հայաստանում իշխանությունը բռնազավթված է, եւ առաջնահերթ խնդիրը մնում է օրինական իշխանության հաստատումը: Եվ մենք դրան հասնելու ենք», - համագումարի ամբիոնից հայտարարեց ՀԺԿ նախագահը՝ ավելացնելով, թե փաստը, որ ընդդիմադիրները աշխատում են այդ նույն իշխանություն կառույցներում, չի նշանակում, թե ընդդիմությունը համակերպվել է:

«Սա բացարձակապես չի նշանակում, թե մենք լեգիտիմացնում ենք այս իշխանությունները», - ասաց նա: - «Ընտրություններից, ավելի ճիշտ՝ իշխանության բռնազավթումից հետո վիճակը երկրում է'լ ավելի է վատացել»:

Անդրադառնալով ջրի, գազի սակագների սպասվող բարձրացմանը, Դեմիրճյանը «Արդարություն» դաշինքի անունից դատապարտեց իշխանությունների նման գործելակերպը. - «Նրանց նախընտրական ծրագրերում որեւէ խոսք չկար թանկացումների մասին: Եվ այդ թանկացումները արդարացված չեն: Բխում են իրականացվող սխալ տնտեսական քաղաքականությունից, հետեւանք են կասկածելի գործարքների»:

«Արդարություն» դաշինքի առաջնորդը իր ելույթում ասաց նաեւ, որ իրենք միայն դատապարտելով չեն սահմանափակվում, այլեւ «կոչ են անում հասարակությանը ակտիվորեն պայքարել իր իրավունքների համար»:

Ավելի ուշ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք իրավիճակը միայն սոցիալական ոլորտում է վատանում (քանի որ օրինակ բերվեց միայն սակագների թանկացում),Դեմիրճյանը ասաց. - «Եթե ամեն օր հանրահավաք չկա, կամ եթե փողոցներում իրար չեն կոտորում, դա չի նշանակում, թե երկրում չկա վստահության դեֆիցիտ»:

Մեկնաբանելով կոալիցիայի անդամ կուսակցությունների միջեւ փոխնախարարների պաշտոնների բաժանումը, ՀԺԿ առաջնորդը դա որակեց «արատավոր պրակտիկա»: «Առանձին քաղաքական ուժերի կամ անհատների պաշտոնամոլական հավակնություններին հագուրդ տալու համար ստեղծվում են ինչ-որ պաշտոններ»:

Դեմիրճյանը կրկնեց բազմիցս ասվածը, թե «օրինական իշխանության հաստատմանը» ընդդիմությունը հասնելու է սահմանադրական ճանապարհով՝ աշխատելով թե' խորհրդարանում, թե' խորհրդարանից դուրս:

«Մենք մեր անելիքները գիտենք», - ասաց նա՝ ավելացնելով. - «Սահմանադրական ճանապարհն էլ նեղ հասկացություն չէ»:

ՀԺԿ արտահերթ համագումարի օրակարգում մեկ հարց էր միայն՝ կուսակցության կանոնադրության համապատասխանեցումը նոյեմբերի 15-ից ուժի մեջ է մտնող «Կուսակցությունների մասին» նոր օրենքին:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG