Մատչելիության հղումներ

Հայաստանը կնախագահի «Տրասեկա»-ի միջկառավարական համաժողովում


Երեւանում հինգշաբթի օրը բացված «Տրասեկա» ծրագրի միջկառավարական հանձնաժողովի երրորդ տարեկան համաժողովում հայտարարվեց, որ առաջիկա մեկ տարում հանձնաժողովում կնախագահի Հայաստանը։

Ներկայումս «Տրասեկա»-ին անդամակցում են եվրասիական տրասպորտային միջանցքի կամ այսպես կոչված «մեծ մետաքսի ճանապարհին» ընկած 13 պետություններ։ Այսօրվա նիստում Ադրբեջանի պատվիրակ Ագիֆ Մուստաֆաեւը տեղեկացրեց, որ Բաքվում տեղաբաշխված «Տրասեկա»-ի քարտուղարությունը Իրանի դեսպանատնից եւ Աֆղանստանի արտգործնախարարությունից պաշտոնական հայտեր է ստացել «Տրասեկա»-ի բազմակողմանի համաձանագրին միանալու վերաբերյալ։

«Տրասեկա»-ին նշված երկրների անդամակցության հարցը, ամենայն հավանականությամբ, կլուծվի ընթացող համաժողովի ընթացքում։ Այս հանգամանքն անուղղակիորեն փաստում է, որ նկատելիորեն մեծացել է Եվրասիական տրասնպորտային միջանցքի նկատմամբ հետաքրքրությունը: Եվրոպա - Ասիա տարեկան առեւտուրն այսօր հատել է 2 տրիլիոն դոլարի սահմանագիծը։ Միայն բեռնափոխադրումների ծախսերը ավելի քան 200 միլիարդ դոլար են կազմում։

«Տրասեկայ»-ի շրջանակներում Եվրամիությունը միջոցներ է հատկացնում այդ ծրագրի անդամ պետությունների տրասնպորտային ենթակառուցվածքների զարգացման ու արդիականացման ծրագրերին։ Մասնավորապես, Հայաստանին հատկացված 1 միլիոն եվրո դրամաշնորհի հաշվին արդիականացվել է «Կարմիր բլուր» բեռնահամալիրը ու հնարավորություն է ստեղծվել սպասարկել 40 տոննա բեռնատարողությամբ կոնտեյներներ։ Եվս 5 միլիոն եվրո է հատկացվել Հայաստանի երկաթգծերի ազդանշանային ու կոմունիկացիոն համակարգերի զարգացման ծրագրին։

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի, փոխանցմամբ, Հայաստանը ներառված է «Տրասեկա»-ի շրջանակներում իրականացվող 18 տեխնիկական աջակցության ծրագրերում, որոնցից 4-ը ընթացքի մեջ են։

Այդուհանդերձ, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի հիմնական տրանսպորտային ուղիների շրջափակումը նկատելիորեն նվազեցնում է «Տրասեկա»-ի ծրագրերի շահեկանությունը Հայաստանի համար։ Միայն փաստը, որ «Տրասեկա»-ի գործադիր քարտուղարությունը տեղաբաշխված է Բաքվում, Հայաստանի համար տեխնիկական լուրջ բարդություններ են ստեղծվում։ Փաստ է նաեւ, որ հորիզոնի չորս կողմերը ձգված հայաստանյան երկաթգծերից աշխատում է միայն մեկը՝ հյուսիսային ուղղությունը, այն էլ՝ թողունակության կեսի չափով։

Եվրամիության պաշտոնյաները, այդուհանդերձ, հանգիստ են վերաբերում նման վիճակին։ Մասնավորապես, այսօրվա համաժողովում Եվրամիությունը ներկայացնող Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական դեպարտամենտի տնօրեն Պիր Բրիգ Կնութսենը ասաց, թե Եվրոպայում եւս ժամանակին ոչ բոլոր երկաթգծերն էին գործում:

«Մի բան կարող եմ ասել, որ «Տրասեկա»-ն մի հիմնարար աշխատանք է, որ տեւական ու կայուն ծրագիր է: Սա մի բան չէ, որ արվում է մեկ տարում ու վերջացվում է», - ասաց Կնութսենը՝ հավելելով, թե Եվրամիության տեսանկյունից, «Տրասեկա»-ի ծրագրերի ընթացքը մի փոքր դանդաղ է, առաջխաղացում, սակայն, կա։

«Տրասեկա»-ի հերթական համաժողովը իր աշխատանքը կավարտի վաղը: Նախատեսվում է, որ քննարկումների արդյունքում կհաստատվի «Տրասեկա»-ի 2004 - 2008 թվականների ծրագիը:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG