Մատչելիության հղումներ

Պաշտոնապես ներկայացվեց Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը


Միջազգային դրամաշնորհներով մշակված եւ Հայաստանում աղքատությունը կրճատելու հավակնություն ունեցող Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը ամենաերկարաժամկետն ու ամենաթանկն է մինչեւ օրս իրականացված բոլոր ծրագրերից:

Հինգշաբթի օրը ծրագրի պաշտոնական շնորհանդեսի ժամանակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայտարարեց, որ դրա իրականացման նորմալ ընթացքի համար պատասխանատվություն են վերցրել կոալիցիոն 3 կուսակցությունները:

Շնորհանդեսի իր ելույթում վարչապետը նշեց նաեւ, որ ծրագիրը իրատեսական է եւ իրագործելի՝ միաժամանակ կարեւորելով հասարակական վերահսկողության դերը. - «Որովհետեւ կան գերատեսչական շահեր, կան միջգերատեսչական շահեր, որոնք կարող են եւ խանգարել այդ ցուցանիշներին հասնելուն: Դրա համար մենք շահագրգիռ ենք, որպեսզի գործընթացը լինի թափանցիկ, հրապարակային եւ հսկողություն լինի հասարակության կողմից»:

Ծրագրի շրջանակներում, «բարձր տեմպերով հարատեւ տնտեսական աճի ապահովման, ինչպես նաեւ սոցիալական պաշտպանության արդյունավետ քաղաքականության իրականացմանն ուղղված միջոցառումների արդյունքում», նախատեսվում է աղքատ բնակչության թվաքանակը աստիճանական կրճատմամբ 2015 թվականին հասցնել 19.7 տոկոսի (2001 թվականին այդ ցուցանիշը կազմել է 50.9 տոկոս):

Աղքատությունն, ըստ էության, կրճատված կարելի է համարել այն պահից, երբ յուրաքանչյուր մարդուն հասանելի լինի գիտականորեն ընդունելի եւ միջազգային չափանիշներն ու տվյալ երկրի առանձնահատկությունները հաշվի առնող սպառողական նվազագույն զամբյուղը: Ներկայիս գներով դրա նորմատիվային, այսինքն գիտականորեն հաշվարկված պարունակությունը կազմում է 29 հազար դրամ (2412 կիլոկալորիա): Մինչդեռ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը այսօր լրագրողներին ասաց, որ նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձը դարձնել 30 հազար, իսկ նվազագույն աշխատավարձը պետք է սահմանել 13 հազար դրամ:

Վարդան Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անհավանական համարեց ինչպես 29 հազար դրամը, այնպես էլ 2412 կիլոկալորիան՝ պնդելով, թե նվազագույն սպառողական զամբյուղի էներգետիկ արժեքը 2100 կիլոկալորիան է: «Առողջապահության նախարարությունը, ասենք, դա (2412 կիլոկալորիան) հաշվել էր իկրայով եւ այլ բաներով», - ասաց նախարարը: - «2100 կիլոկալորիա հաշվարկված է ընդունված չափանիշներով եւ դրա մասին մարնակրկիտ գրված է ծրագրում: Եթե կարդաք՝ այլ երկրների առողջապահության նախարարությունների կարծիքը նույնպես կիմանաք դրա վերաբերյալ»:

Անհասկանալի մնաց, թե ինչ կապ ունի այլ երկրների առողջապահության կարծիքը Հայաստանի հետ, ինչպես նաեւ՝ ինչ կապ ունի խավիարը (իկրան) հայաստանցիների սպառողական զամբյուղի հետ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան, նորմատիվային սպառողական զամբյուղի կազմը եւ կառուցվածքը ներկայացրեց վիճակագրության ազգային խորհրդի անդամ, տնային տնտեսությունների հետազոտման եւ սպառողական զամբյուղի հաշվարկման աշխատանքները ղեկավարող Հրաչյա Պետրոսյանը՝ հաստատելով, որ դրա արժեքը 29 հազար դրամ է: Նրա թվարկած անհրաժեշտ մթերքների ցանկում խավիարը բացակայում էր:

Այս կենսապահովման զամբյուղը հայաստանցիները չեն տեսնի նաեւ 2015 թվականին, երբ նվազագույն աշխատավարձը նախատեսվում է 16 հազար 588 դրամ:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG