Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Մամուլի ուշադրությունը շարունակում է սեւեռված մնալ իշխանական կոալիցիայի հարաբերություններին՝ կադրային նոր բաժանումների թարմ համատեքստում: «Առավոտ» թերթի մեկնաբանի մատուցմամբ, մասնավորապես, Դաշնակցությանն ու «Օրինաց երկիր»-ին «հանգիստ չի տալիս, որ հանրապետականը տանտեր է կառավարությունում, իրենք էլ կարծես հանդես են գալիս խնդրողի դերում»։ «Քիչ-քիչ իրենց մասը ստացող դաշնակցականները եւ օեկականները միշտ ինչ-որ բանից դժգոհ են լինելու: Համենայնդեպս, հոկտեմբերի 7-ի գիշերը տեղի ունեցած համաձայնությունը, որը կողմերը համերաշխորեն բնութագրում են որպես սկզբունքային պայմանավորվածություն, ավելին չէ, քան որոշ հայեցողական պաշտոններ մեջ-մեջ անելու գործընթաց»։ Մեկնաբանը թվաբանորեն ի մի է բերում, որ երկրորդ էշելոնի նոր պաշտոնները ակնկալվածից քիչ են եւ հերթական անգամ հօդս ցնդեց Դաշնակցության ձգտումը՝ «ամբողջական պատասխանատվության»: «Հանրապետական կուսակցությունը երբեք այնպիսի պայմաններ չի ստեղծի դաշնակցական եւ «Օրինաց երկիր»-ից փոխնախարարների եւ այլնի համար, որպեսզի վերջիններս դառնան իրենց կուսակցությունների աչքն ու ականջը կառավարությունում։ Ըստ որոշ լուրերի, օրինակ, տարածքային կառավարման փոխնախարարի պաշտոնը իրոք դաշնակցականներն ուզում են ունենալ, բայց, վստահաբար, տվյալ պաշտոնին նշանակվողի համար այնպիսի աշխատանքային պայմաններ կստեղծվեն, որ այդ մարդը մարզերից տուն վերադառնալու ժամանակ չի գտնի։ Հավանական է, որ նույն կերպ կվարվեն նաեւ այլ փոխնախարարների հետ», - եզրափակում է «Առավոտ»-ի մեկնաբանը։

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը եւս այսօր ծանրացել է, թե Դաշնակցության մարտավարական առաջին քայլը՝ իշխանական բոլոր օղակներում ունենալ սեփական ներկայացուցչին, չստացվեց եւ թե «Հայաստանում կա 120 հայեցողական պաշտոն, որոնք եւս Դաշնակցությունը պահանջում է փուլ առ փուլ «մեջ-մեջ» անել»: Այստեղ բերված է եւ ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի զգուշացումը, որ եթե որեւէ ոչ դաշնակցական նախարար փորձի փակել դաշնակցական փոխնախարարի ինֆորմացիա ստանալու հնարավորությունը, ապա այդ հարցերը իրենք կհնչեցնեն մամուլում:

Մյուս կողմից, «Հայկական ժամանակ»-ը ներկայացնում է պատգամավոր, «Ագրոբանկ»-ի խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանի գնահատականը, որ «իշխանական կոալիցիան ոչ միայն արհեստածին մարմին է, այլեւ նրա գոյությունը վտանգում է մեր հասարակության նորմալ կենսագործունեությունը», «հասարակությանը եւ քաղաքացիներին ուզում են հասկացնել, որ ով ՀՀԿ-ի, «Օրինած երկիր»-ի եւ ՀՅԴ-ի անդամ չէ, նա իրավունք չունի պաշտոնյա լինելու: Այսինքն՝ մարդկանց, իրենց կամքին եւ գաղափարներին հակառակ, փորձում են կուսակցականացնել»: «Կոալիցիայի առաջին երեք ամիսների գոյությունը արդեն ցույց է տվել, որ նման մոտեցումը արդարացված չէ նաեւ կառավարության գործունեության արդյունավետության տեսանկյունից, քանի որ կառավարությունում հայտնվել են իրենց ոլորտին չտիրապետող մարդիկ, որոնց նկատմամբ վարչապետը չի կարողանում լիարժեք վերահսկողություն իրականացնել», - մեկ այլ բաց է մատնանշում Հակոբ Հակոբյանը՝ նկատի ունենալով, որ «եթե վատ աշխատող, բայց ոչ ՀՀԿ-ական նախարարի նկատմամբ վարչապետը փորձի պատժամիջոցներ կիրառել, դրան անպայման քաղաքական ենթատեքստ կհաղորդվի»:

«Չի կարելի ժխտել այն ակնհայտ փաստը, որ Արթուր Բաղդասարյանի եւ «Օրինաց երկիր»-ը ներկայացնող նախարարների շուրջ անցած մի քանի ամիսների ընթացքում որոշակի բացասական նստվածք է ձեւավորվել», - անդրադառնում է այսօր «Հայոց աշխարհ» թերթը: - «Չի կարելի ժխտել նաեւ այն իրողությունը, որ նման բացասական կարծիքներն ու քննադատությունները տեղ են գտնում ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանամետ մամուլում՝ արտաքուստ ստեղծելով տպավորություն, թե Ազգային ժողովի նախագահը հայտնվել է «խաչաձեւ կրակի» տակ: Սակայն իրականում ո՞րն է նման մթնոլորտի ձեւավորման պատճառը եւ արդյոք այն ունի՞ քաղաքական ենթատեքստ»: Այս առումով «Հայոց աշխարհ»-ը շեշտում է. - «Օրինաց երկիր»-ի առաջնորդի ու նախարարների դեմ ուղղված տարաբնույթ դժգոհությունների 90 տոկոսից ավելին կապված են նրանց գործելակերպի, պահվածքի, պրոֆեսիոնալիզմի խնդիրների հետ: Լրագրողները նույնպես մարդիկ են, եւ ունենալով հանդերձ որոշակի քաղաքական համոզմունքներ ու նախապատվություններ, միաժամանակ մարդկայնորեն դժգոհում են, տեսնելով այդ նույն նախապատվությունների տիրույթում հայտնված ուժի պահվածքի ու գործելակերպի խոցելի կողմերը, որոնք վնասում են կոալիցիայի եւ ողջ իշխանության հեղինակությանը»: «Ավելորդ դավադրություններ փնտրելու, առավել եւս, ամեն կողմից հալածվողի՝ պարանոիկ հիվանդությամբ տառապելու փոխարեն, «Օրինաց երկիր»-ը պարտավոր է լրջորեն վերաբերել սեփական գործելակերպի ու պահվածքի բոլոր մանրամասներին», - ուղղորդում է «Հայոց աշխարհ»-ը: - «Քանզի այսպես շարունակելու եւ ամենուր դավադրություններ փնտրելու դեպքում այդ կուսակցությունն իսկապես վարկաբեկվելու է հասարակության աչքում: «Օրինաց երկիր»-ը տառապում է «վեհության սինդրոմով», ինքնասիրահարվածությամբ ու դրանցով պայմանավորված կասկածամտությամբ, եւ նման գործելակերպի ու պահվածքի հետեւանքները շատ տխուր կարող են լինել՝ առաջին հերթին հենց այդ կուսակցության համար:

«Ազգ» թերթի մոսկովյան թղթակիցը ուշադրություն է հրավիրում Համաշխարհային հայկական կազմակեպության հիմնադիր համագումարի որոշ դրսեւորումների վրա՝ դեռեւս ավելի շատ հուզականություն, քան գործնականություն, հայերից ավելի՝ օտարազգիների հանդեպ կեցվածք եւ այլն: Այս տրամադրությունների ելակետից վերջում անդրադառնալով ԱՄՆ-ից եկած մի պատգամավորի խոսքին, թե «հարկավոր է փրկել Հայաստանը, որտեղից հայերը մեկնել եւ մեկնում են անելանելիության պատճառով», «մեր մայրերը եւ քույրերն այսօր օտար երկրներում, բարձրագույն կրթություն ունենալով, հավաքարար են աշխատում», թղթակիցը եզրափակել է. - «Չեմ ուզում թերագնահատել այն, ինչ Հայաստանի եւ հայերի համար պատրաստվում են անել (եւ արդեն անում են) Արա Աբրահամյանը եւ նրա գլխավորած կազմակերպությունը։ Եվ շատ կուզենայի սխալվել, բայց, կարծում եմ, որ եթե նույնիսկ աշխարհի նախագահներն էլ գան հայերի համաժողովին եւ մեզ հավատարմության երդում տան, դրանով մեր դժվարությունները չեն պակասի։ Եվ հայ մայրերի ու քույրերի հաջորդ սերունդը ստիպված կլինի օտար երկրներում հավաքարար աշխատել, բայց արդեն առանց բարձրագույն կրթության»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG