Մատչելիության հղումներ

Արա Աբրահամյան. «Նախագահ Քոչարյանը իր կարծիքը ասաց»


Ռուսաստանի հայերի միության եւ նորաստեղծ Համաշխարհային հայկական կազմակերպության նախագահ, ռուսաստանաբնակ գործարար Արա Աբրահամյանը, որի գլխավորած մեծաքանակ պատվիրակությունը չորեքշաբթի օրը ժամանել է Երեւան՝ Հայաստանում եւ Արցախում Ռուսաստանի հայերի միության օրեր անցկացնելու նպատակով, լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր լիակատար գոհունակությունը հայտնեց Մոսկվայում հոկտեմբերի 6-7-ը կայացած Համաշխարհային հայկական կազմակերպության հիմնադիր համագումարի արդյունքներով:

Նորաստեղծ կազմակերպության նորընտիր նախագահը նշեց, որ համագումարին մասնակցել է ավելի քան 1000 մարդ՝ 52 երկրների 150 կազմակերպություններից: Աբրահամյանը հպարտությամբ նշեց, որ համագումարին ներկա են եղել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները:

Լրագրողներից մեկի հարցին, թե ռուսաստանյան մամուլում գրվել է, թե Համաշխարհային հայկական կազմակերպության հիմնադիր համագումարում ոչ մի հայերեն բառ չի հնչել, Աբրահամյանը նախ պատասխանեց. - «Իրենք երեւի մի քիչ լավ չեն լսել, քանի որ ես ինքս լսել եմ, որ Ռուսաստանի նախագահը հայերեն ասաց «բարեւ ձեզ»: Ապա ավելացրեց, թե ինքն էլ, տարբեր համայնքների ներկայացուցիչներ էլ համագումարի երկրորդ օրը ելույթներ են ունեցել հայերեն:

Համագումարում ռուսերեն կարդացած իր բավական զուսպ ելույթում Հայաստանի նախագահը ասել էր, թե ամբողջ սփյուռքը մեկ կազմակերպության դրոշի ներքո հավաքելը հազիվ թե հնարավոր է, եւ այդպիսի դրոշ կարող է լինել միայն Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: Պատասխանելով հարցին, թե արդյոք սա թերահավատություն դրսեւորում չէ՞ր Հայաստանի նախագահի կողմից, Աբրահամյանը պատասխանեց. - «Մենք ունենք մեր նկատառումները, մեր մոտեցումները: Համաշխարհային հայկական կազմակերպությունը անկախ հասարակական կազմակերպություն է, որը ենթարկվելու է իր կանոնադրությանը: Նախագահ Քոչարյանը իր կարծիքը ասաց: Ես հարյուր տոկոսով հավատում եմ, որ Համաշխարհային հայկական կազմակերպությունը կայանալու է»:

Իսկ ռուսաստանաբնակ հայազգի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը այս կապակցությամբ հիշեցրեց, թե թերահավատներ կային նաեւ, երբ ստեղծվում էր Ռուսաստանի հայերի միությունը:

«Մենք ունեինք Քոչարյանի նման տասնյակ մարդիկ Ռուսաստանի տարածքով, որոնք ասում էին, թե հնարավոր չէ Ռուսաստանի հայությունը հավաքել այսպես ասած իրար գլխի, որովհետեւ հայ ժողովուրդը եւ միասնությունը իրար հակադիր հասկացություններ են», - ասաց Միհրանյանը՝ ավելացնելով, թե 3 տարի անց ապացուցվեց, որ միությունը կայացավ: - «Այնպես որ, հույս ունենանք, որ 3 տարի հետո ձեր հարցի պատասխանը կտա պարոն Քոչարյանը»:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG