Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարությունը հավանություն է տալիս «ԱրմենՏել»-ի հարցով բաց ժողովի նախագահողի որոշմանը


Չորեքշաբթի օրը Հայաստանի կառավարությունը իր համաձայնությունը տվեց շարժական եւ ինտերնետ կապի ոլորտներում «ԱրմենՏել»-ին բացառիկ մենաշնորհից զրկելու վերաբերյալ անցած ամիս կայացած կառավարություն - «ԱրմենՏել» բաց ժողովի նախագահող, Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Մուրադյանի որոշմանը։

Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի փոխանցմամբ, կառավարությունը իրեն եւ արդարադատության նախարարին հանձնարարել է մինչեւ նոյեմբերի 30-ը «Հեռահաղորդակցության մասին» օրենքում եւ «ԱրմենՏել»-ին տրված թիվ 60 լիցենզիայում համապատասխան փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել:

«Պետք է վերացվի «ԱրմենՏել» ձեռնարկության մենաշնորհային դրույթը բջջային ցանցի սպասարկման ոլորտում, ինչպես նաեւ ինտերնետի եւ տվյալների փոխանցման միջազգային ելքի դեպքում», - կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Անդրանիկ Մանուկյանը:

Նախարարը վերստին հայտարարեց, թե «ԱրմենՏել»-ը չի կատարել խոստացած ներդրումները, ուռճացրել է թվերը, թե կապի որակը ցածր է, ուստի հունական ընկերությունը միջազգային դատարաններում վիճարկելու հիմքեր չունի:

«Խելամիտ կլինի, որ նրանք չդիմեն համապատասխան միջազգային դատարաններ, քանի որ մեր բերած փաստարկները անվիճելի են», - ասաց Մանուկյանը՝ դրանցից հատուկ առանձնացնելով կապի «շատ ցածր» որակը Հայաստանում:

Իսկ եթե «ԱրմենՏել»-ը, այնուամենայնիվ, դիմի միջազգային ատյաններին, կառավարությունը, ըստ Մանուկյանի, պատրաստ է դիմակայել. - «Ինձ թվում է, որ մեր հակափաստարկները ավելի հաստատուն են, եւ մենք կկարողանանք նշված դատարաններում պաշտպանել մեր դիրքորոշումը եւ կկարողանանք ապացուցել, որ իսկապես Հայաստանում կապի որակը շատ ցածր է»:

Բաց ժողովից հետո հունական OTE ընկերության ղեկավարությունը դիմել էր Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարին՝ առաջարկելով մինչեւ արբիտրաժային դատարան գնալը մեկ անգամ եւս նստել բանակցությունների սեղանի շուրջ ու քննարկել վեճի առարկա հանդիսացող խնդիրները: Կառավարությունը, սակայն, դեմ է բանակցություններին:

«Այսօր դրա ժամանակը չէ», - ասաց Մանուկյանը՝ չբացառելով նման բանակցությունները հետագայում: Իսկ այսօր, նրա խոսքերով՝ «որոշումը կայացվել է եւ որոշումը կատարվելու է»:

Մինչ կառավարությունը պատրաստվում է «ԱրմենՏել»-ին զրկել բջջային ու ինտերնետ կապի մենաշնորհից, ընկերությունը հայտարարել է, որ մինչեւ նոյեմբերի վերջ լրացուցիչ 20 հազար շարժական կապի քարտեր (Easy card) կվաճառի, իսկ մինչեւ տարեվերջ կսկսի 100 հազար լրացուցիչ բջջային միացումների տրամադրման ծրագիրը։ «ԱրմենՏել»-ը հայտարարել է նաեւ, թե 2004 թվականի առաջին եռամսյակի վերջից, պահանջարկի առկայության դեպքում, կսկսի լրացուցիչ 200 հազար նոր բջջային միացումների տրամադրման ծրագիրը։

Անդրանիկ Մանուկյանը այս խոստումներին թերահավատությամբ է վերաբերում՝ փաստարկելով, թե բջջային ցանցի այսօրվա վիճակում նոր միացումները միայն կվատթարացնեն առանց այդ էլ վատ կապի որակը:

«ԱրմենՏել»-ի պաշտոնական արձագանքը կառավարության որոշման առիթով, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոհար Սիմոնյանը, կհրապարակվի ընկերության՝ ներկայումս Հունաստանում գտնվող գլխավոր գործադիր տնօրեն Գեորգիոս Վասիլակիսի վերադարձից հետո:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG