Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անդրադառնալով իշխանական կոալիցիայի կոլեկտիվ պատասխանատվության տեսլականին, «Առավոտ» թերթը հեգնանքով ուրվագծում է, որ շուտով, օրինակ, դատարաններն էլ իրար մեջ պիտի բաժանեն՝ ընդհանուր պատասխանատվություն վերցնելով դրանց ապօրինի վճիռների համար, ապա եւ՝ լույսի, ջրի փող հավաքելը, ավտոտեսչությունը եւ այլն: «Քաղաքացիներս էլ», - մխիթարում է «Առավոտ»-ը, - «էլ չենք խորանա գաղափարախոսական թավուտների մեջ, այլ իրերը կոչելու ենք իրենց անունով՝ «ջրի կուսակցություն», «լույսի կուսակցություն», «հացի կուսակցություն»:

«Իշխանական ճամբարում թեեւ արտաքուստ անտեսանելի, սակայն լուրջ խմորումներ են ընթանում: Դաշնակցությունը, երկրի նախագահի «դաբրոյով», փորձում է մանր քայլերով հասնել հնարավորինս լիակատար իշխանության: Հանրապետական կուսակցությունը, բնականաբար, փորձում է կանխել երկրի «դաշնակիզացիան»: Այս շրջանակի մեջ է «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը դիմել Դաշնակցության ներկայացուցիչ, խորհրդարանի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանին՝ «Ի՞նչ է, ի վերջո, ուզում ՀՅԴ-ն»: Վերջինս մասնավորապես ասում է. - «Ես չեմ ընդունում քաղաքական այն գործիչների արտահայտությունները, այդ թվում նաեւ՝ կառավարության որոշ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք ասում են, թե այսօրվա կառավարությունը նախորդի շարունակությունն է: Եթե նույնիսկ բոլոր նախարարները մնային իրենց տեղում, բայց խորհրդարանում ստեղծվեր կոալիցիա, անգամ այդ դեպքում տվյալ կառավարությունը որակով նորը պիտի լիներ, քանզի իրականացնելու էր նաեւ կոալիցիայի մյուս ուժերի ծրագիրը... Իսկ եթե ես պատասխանատու եմ ինչ-որ պրոցեսի համար, ուրեմն ես այդ պրոցեսի մասնակիցը պիտի լինեմ: Մեր ուզածն ընդամենը պատասխանատվության դիմաց մեր մասնակցությունն իրական դարձնելն է: Մեր ծրագրերում, իրոք, կա ողջ երկրի իրավիճակի վերահսկողություն իրականացնելը», - ընդգծում է Վահան Հովհաննիսյանը: - «Իսկ վերահսկողությունից կարող է վախենալ միայն նա, ով թաքցնելու բան ունի»:

Անդրադառնալով «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանի երեկվա հայտարարությանը՝ կապված լրատվամիջոցներում իրենց վարկաբեկման հետ, «Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանն այսօր գրում է. - «Օրինաց երկրում» մի տեսակ խուճապ է սկսվել: Արդեն երեք ամիս է՝ այս կուսակցությունը կաշվից դուրս է գալիս «ժողովրդի համար» եւ ժողովրդի դարդերով ապրող միակ կուսակցություն հանդես գալու ակնկալիքով՝ դրսեւորելով անսահման պոպուլիզմ, բայց լրատվական դաշտում ակնհայտորեն պարտություն են կրում: Եւ նաեւ այսօրինակ հայտարարություններով «Օրինաց երկիր»-ը փորձում է հետաձգել իր անխուսափելի անկումը: Իսկ մինչ այդ մենք հնարավորություն կունենանք բացահայտելու նորանոր աստղեր «Օրինաց երկրի» կադրային բազայից: Եվ դա անխուսափելի է: Ինչեր ասես, որ չեն անի խուճապի մեջ գտնվելիս»:
«Հայոց աշխարհ» թերթն էլ նույն առիթով շեշտում է. - «Իմաստուն ժողովուրդը նման դեպքերում ասում է. «Հայելուն ինչ մեղք, թե դունչդ ծուռն է»:

Ընդհանրապես, մեր քաղաքական դաշտը, «Հայոց աշխարհ»-ի որակմամբ, «այնքան բարձիթողի վիճակում է, որ այնտեղ արդեն ոչինչ չի աճում. միմիայն մոլախոտ»: «Ներկայիս կուսակցությունների մեծամասնությունը ասես փուչիկներ լինեն: Նույնքան կայտառ, դեպի վեր ձգտող ու ...նույնքան անհարատեւ: Ամեն ինչ կախված է իշխանությունների կամքից: Կցանկանա իշխանությունը՝ կճախրեն փուչիկները խորհրդարանի միջանցքներով մինչ նոր ընտրություններ: Իսկ չի ցանկանա՝ կխփի ցուցամատով ձանձրացրած փուչիկին. շրը՜խկ, եւ չկա կուսակցությունը: Իսկ փոխարենը որեւէ նոր բան կփչեն», - պատկերավորել է «Հայոց աշխարհ»-ը:

«Սփյուռքի համախմբման գործընթացում արմատական բեկում մտցնելու կամ գոնե սփյուռքի ներկա ընդարմացած-կաստայացած վիճակը հաղթահարելու համար նման կազմակերպության կարիքը իսկապես զգացվում է», - այս դրական մոտեցմամբ է «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը նայում Համաշխարհային հայկական կազմակերպության հիմնադիր համագումարին: Վերլուծականում հատկապես կարեւորված է. - «Փորձ է արվում ստեղծել հայ-թուրքական հարաբերություններում սփյուռքի շահերը բյուրեղացնող մի համահայկական կառույց, որի անհրաժեշտությունը վաղուց էր զգացվում, քանզի ի վերջո սփյուռքը՝ իր ճնշող մեծամասնությամբ, ներկայացնում է հենց Հայոց ցեղասպանության զոհերին ու նրանց ժառանգներին: Այսպիսով, Համաշխարհային հայկական կազմակերպությունը հավակնում է, երկբեւեռ ազգային քաղաքականության երկրորդ բեւեռը դառնալով՝ իր դիրքորոշումների ու կեցվածքների արմատականությամբ հայ դիվանագիտության համար զորաշարժերի լայն դաշտ ապահովելու դերակատարությանը»: Միեւնույն ժամանակ՝ «նման տնտեսական ու դրանից բխող քաղաքական ուժի կենտրոնի ձեւավորումը հայկական սփյուռքում կարող է դառնալ հզոր խթան նաեւ Հայաստանի տնտեսության արդիականացման համար», - ընդգծվում է «Հայոց աշխարհ»-ում:

Նույն տեսանկյունից շարունակելով ամփոփել վերջերս տեղի ունեցած Հայաստան - սփյուռք տնտեսական համաժողովի արդյունքները, «Ազգ» թերթի մեկնաբանը մատնանշում է բազմաթիվ կազմակերպական բացթողումներ, որոնք էապես նվազեցնում են առաջխաղացումները: Եզրափակելով՝ մեկնաբանը առանձնացնում է եւ, որ ավելի մեծ արդյունքներ կլինեն, հատկապես եթե սփյուռքահայ գործարարները համոզվեն, որ Հայաստանի իշխանությունների խոսքն ու գործը համապատասխանում են:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG