Մատչելիության հղումներ

logo-print

Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ի զեկույցի, Հայաստանում կոռուպցիան նվազել է


Հակակոռուպցիոն միջազգային «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության 2003 թվականի զեկույցում Հայաստանում «կոռուպցիայի ընկալման գործակիցը» գնահատվել է 3,0 միավոր, եւ այս ցուցանիշով Հայաստանը կիսում է 78-82-րդ տեղերը աշխարհի 133 երկրների շարքում: 2000 թվականի զեկույցում Հայաստանը 90 երկրների շարքում 76-րդ էր՝ 2.5 միավոր ցուցանիշով:

Կազմակերպության 2001 եւ 2002 թվականների զեկույցներում Հայաստանում կոռուպցիայի մակարդակը չէր գնահատվել, քանի որ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ը հրապարակում է իր գնահատականը միայն այն երկրների վերաբերյալ, որտեղ անցկացվել է առնվազն 3 անկախ ուսումնասիրություն, իսկ դրանք Հայաստանում նշված տարիներին չէին անցկացվել: Այս տարվա գնահատականը՝ կոռուպցիայի ընկալման գործակիցը, հիմնված է մեր երկրում անցկացված 5 անկախ ուսումնասիրությունների արդյունքների վրա:

Կոռուպցիայի ընկալման գործակիցը հաշվի է առնում պետական ծառայողների եւ քաղաքական գործիչների շրջանում կոռուպցիայի տարածման աստիճանը, որը գնահատվում է 10 բալանոց սանդղակով՝ 10-ը նշանակում է, որ կոռուպցիա գոյություն չունի, 0-ն՝ որ այն համատարած է:

Կոռուպցիան «համատարած» է համարվում նաեւ 2 միավորից ցածր գնահատական ստացած երկրներում: Այդպիսի երկրների շարքում են, ըստ 2033-ի զեկույցի, հարեւան Ադրբեջանն ու Վրաստանը, որոնք 1,8 ցուցանիշով տեղ են գրավել վերջին տասնյակում:

Երեքշաբթի օրը հրապարակված զեկույցում ԱՊՀ երկրներից Հայաստանից բարձր է դասվել միայն Բելառուսը՝ գրավելով 53-րդ պատվավոր տեղը (4.2 միավոր): Ռուսաստանը 2.7 միավորով 86-րդ տեղում է: Ամենաքիչ կոռումպացված երկիրը այս տարի Ֆինլանդիան է (9.7 միավոր), իսկ վերջին տեղում 1.3 ցուցանիշով Բանգլադեշն է:

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ի զեկույցի հեղինակների գնահատմամբ, ընդհանուր առմամբ, 10 երկրներից 7-ում կոռուպցիայի ընկալման գործակիցը 5-ից ցածր է: Իսկ զարգացող երկրների կեսը ստացել է 3-ից ցածր գնահատական, ինչը շատ մտահոգիչ երեւույթ է:

«Թրանսփարենսի Ինթերնյշնլ»-ի ցեկույցը վկայում է, որ կոռուպցիան ծաղկում է ոչ միայն աղքատ երկրներում: Կազմակերպության փորձագետների հատուկ մտահոգությունն է հարուցում այն, որ կոռուցիայի բարձր մակարդակ ունեն Եվրամիության անդամ Հունաստանն ու Իտալիան, նավթով հարուստ Ադրբեջանը, Ղազախստանը, Իրաքը:


Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG