Մատչելիության հղումներ

Երեքշաբթի երեկոյան կառավարող կոալիցիայի անդամ երեք կուսակցությունների ղեկավար ներկայացուցիչները կոալիցիայի խորհրդի նիստում սկսեցին քննարկել փոխնախարարների պաշտոնների բաշխման՝ դեռեւս անցած նիստից անավարտ մնացած հարցը:

Դաշնակցությունը եւ «Օրինաց երկիր»-ը, որոնք երեքական նախարարակ պորտֆել են ստացել, ուզում են գործադիրում ներկայացված լինել նաեւ մի քանի փոխնախարարներով: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը սկզբունքորեն դեմ չէ հայեցողական պաշտոնները կիսել կոալիցիայի մյուս երկու անդամների հետ:

Խոսքը տնտեսական, սոցիալական, կրթական, մշակութային բնագավառների 12 նախարարություններում պաշտոնների մասին է. ուժային կառույցներն ու արտաքին գործերի նախարարությունը, որոնք «տիրապետում է» երկրի նախագահը, սակարկությունից դուրս են:

Դաշնակցության ղեկավար անդամներից Արմեն Ռուստամյանի խոսքերով, կոալիցիայի կողմերը պետք է մասնակից դառնան երկրի կառավարման պրոցեսին՝ ստանձնած պատասխանատվությանը համապատասխան:

«Առանց դրա պարզապես դիսբալանս է առաջանում եւ անհասկանալի է դառնում համատեղ պատասխանատվությունը իրականացնելու հետագա ընթացքը», - կոալիցիայի խորհրդի նիստից առաջ «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ռուստամյանը: - «Խոսքը գործադիր իշխանության մեջ լիարժեք մասնակից լինելու մասին է»:

Կոալիցիայի խորհրդի նիստը կավարտվի ուշ երեկոյան, եւ քննարկումների արդյունքները հայտնի կդառնան վաղը:

Ընդդիմությունը, մինչդեռ, քննադատում է իշխանական կուսակցությունների այդ ձգտումները: «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե կոալիցիա կազմած կուսակցություններից նշանակումներ պետք է լինեին քաղաքական, այլ ոչ թե հայեցողական պաշտոններում:

«Իսկ եթե նման հարցադրում է արդեն առաջանում կոալիցիայի կուսակցությունների մեջ... այստեղ մրցակցություն է գնում իշխանական լծակներ ձեռք բերելու առումով», - ասաց Բազեյանը:

Ալբերտ Բազեյանի կարծիքով, հանավաբար նրանց մտքում էլ կա, որ կարող են արտահերթ ընտրություններ լինել. - «Իսկ մենք գիտենք, թե ինչպիսի ազդեցություն ունեն ընտրությունների վրա վարչական ռեսուրսների տիրապետող կուսակցությունները»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG