Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Բելառուսը քննարկում են համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ


Երկուշաբթի օրը Երեւանում իր աշխատանքը սկսած հայ-բելառուսական միջկառավարական հանձնախմբի 5-րդ նիստում կողմերը փաստեցին, որ երկու երկրների փոխադարձ առեւտուրը հաջողությամբ զարգանում է՝ յուրաքանչյուր տարի ավելանալով 60-65 տոկոսով։ Խոսքը, այդուհանդերձ, չնչին ծավալների մասին է, քանի որ, օրինակ, 2002 թվականին ապրանքաշրջանառության ծավալը Հայաստանի եւ Բելառուսի միջեւ կազմել է ընդամենը 2.5 միլիոն դոլար, ինչը Հայաստանի արտաքին առեւտրի ընդհանուր ծավալի 0.5 տոկոսից էլ քիչ է։

Փոխադարձ առեւտուրն աշխուժացնելու նպատակով 2001 թվականին հայ-բելառուսական միջկառավարական հանձնախմբի նիստում որոշում էր ընդունվել ստեղծել հայ-բելառուսական առեւտրի տունը՝ «Բելարմ» համատեղ կոնցեռնը՝ 20 հազար դոլար կանոնադիր կապիտալով։ Կիսապետական այս միջնորդ կառույցի միջոցով հնարավոր է եղել կազմակերպել երկու երկրների առեւտրի լավագույն դեպքում 20 տոկոսը:

Բելառուսական կողմը ներկայացնող «Բելռեսուրսի» ընկերության փոխնախագահ Ալեքսանդր Բիտուսը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, թե «Բելարմ»-ի կանոնադիր կապիտալի երկուստեք ավելացումը թույլ կտա շոշափելիորեն ընդլայնել երկու երկրների առեւտուրը, բարելավել հարաբերությունները:

Սակայն կողմերը, թերեւս, այնքան էլ հակված չեն պետական միջոցների հաշվին ավելացնել «Բելարմ»-ի կանոնադիր կապիտալը։ Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը հանդես գալով հանձնախմբի այսօրվա նիստում ասաց, որ կառավարությունը դեմ է այդ կերպ «Բելարմ»-ի կանոնադիր կապիտալի ավելացմանը, սակայն, դեմ չէ, որ դա անեն Բելառուսի հետ առեւտրում շահագրգիռ հայաստանյան մասնավոր ընկերությունները։

Մյուս կողմից, բելառուսական կողմը ներկայացնող «Բելռեսուրսի»-ն այս ընթացքում «Բելարմ»-ի նկատմամբ 43 հազար դոլարի պարտքեր է կուտակել։

Իսկ հայաստանյան մասնավոր ընկերություններին որքանո՞վ է ձեռնտու հարաբերություներ ունենալ մի երկրի հետ, որի տնտեսությունը շատ դանդաղ ու մեծ դժվարությամբ է վերափոխվում շուկայականի. այն ավելի շուտ նույն պլանային սոցիալիստական տնտեսությունն է, որ հետ առանց պետական կառույցների միջնորդության շատ դժվար է առեւտուր անել։ Օրինակ, պետական ընկերության կարգավիճակ ունեցող Բելառուսի ավտոդողերի գործարանը ներկա դրությամբ դադարեցրել է «Նաիրիտ»-ից կաուչուկի գնումը, քանի որ այդտեղ բաժնետիրացման գործընթացներ են ընթանում ու հայտնի չէ, թե դրանք երբ կավարտվեն։

Մինչդեռ, «Բելռեսուրսի»-ի փոխնախագահ Ալեքսանդր Բիտուսը այսօր ասաց, թե Հայաստանի հետ Բելառուսի ունեցած առեւտրի ընդլայնման գլխավոր խոչընդոտը Հայաստանի շրջափակված լինելն է:

«Ինքը՝ Հայաստանը ԱՊՀ երկրների միջավայրում գտնվում է բարդ վիճակում, դա այն հիմնական խոչընդոտն է, որ թույլ չի տալիս ավելացնել ապրանքաշրջանառությունը: Ծովային ուղիներ չկան, երկաթգիծը անցնում է դրկից երկրներով, այդ պատճառով այստեղ որոշակի պրոբլեմ կա», ասաց Բիտուսը։

Հայ-բելառուսական միջկառավարական հանձնախմբի նիստը կշարունակվի վաղը:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG