Մատչելիության հղումներ

Երկնիշ թվով տնտեսական աճ ապահովում են միայն աշխարհի թույլ զարգացած երկրները


Համաշխարհային բանկի վերջերս հրապարակած «Համաշխարհային զարգացման» զեկույցի համաձայն, երկնիշ թվով տնտեսական աճ ապահովում են միայն աշխարհի թույլ զարգացած եւ համաշխարհային դասակարգմամբ եկամտի ցածր մակարդակ ունեցող երկրները։

2002 թվականին Հայաստանի տնտեսական աճը կազմեց 12,9 տոկոս։ Իսկ շնչի հաշվով եկամուտը 790 դոլար էր։ Հիշյալ զեկույցում բանկի փորձագետների դիտարկած 134 երկրներից անցյալ տարի ամենաբարձր տնտեսական աճը գրանցվել է Անգոլայում՝ 17,1 տոկոս, իսկ շնչի հաշվով եկամուտն այդ երկրում կազմել է ընդամենը 660 դոլար։

Երկրորդ տեղում՝ Թուրքմենստանն է՝ 14,9 տոկոս տնտեսական աճով եւ բնակչության շնչի հաշվով՝ 1200 դոլար եկամտով։ Այս երկրներին հաջորդած բարձր՝ 9-ից 11 տոկոս տնտեսական աճ գրանցած երկրները՝ Չադի Հանրապետությունը, Էրիթրեան, Ղազախստանը, Ադրբեջանը, Մոզամբիկը, Ռուանդան, Մալին կամ Տաջիկստանը, դարձյալ շնչի հաշվով չնչին եկամուտ ունեն։ Օրինակ, թվարկված աֆրիկյան երկրներում շնչի հաշվով եկամուտը տատանվում է ընդամենը 140- ից 240 դոլարի սահմաններում։

Նկատենք, որ համադրումների միջազգային պրակտիկայում արդեն Հայաստանին վերաբերող ցուցանիշները, մասնավորապես, շնչի հաշվով ռեալ եկամուտը հաշվարկվում է բնակչության 3 միլիոն թվաքանակի նկատմամբ։ Այդ պատճառով է, որ Հայաստանի այդ ցուցանիշը երկու տարվա ընթացքում շոշափելի աճ է ունեցել՝ 580 դոլարից հասնելով 790 դոլարի։ Այսինքն, տնտեսական աճի հետ մեկտեղ հարկ է նկատի առնել տնտեսական աճի որակը, գնահատել, թե ստեղծված եկամուտը որքանո՞վ է մատչելի բնակչության սոցիալապես անապահով խավերին, ի՞նչ համամասնություններով է բաշխվում, ընդհանուր առմամբ, ինչպիսի՞ն է երկրի մարդկային ռեսուրսների շարժը։

Այս հարցերի պատասխանները կարելի է ստանալ մեկ այլ ազդեցիկ միջազգային կառույցի՝ ՄԱԿ- ի վերջերս հրապարակած «Համաշխարհային զարգացման» զեկույցից։ Դրա համաձայն, Հայաստանը, այսպես կոչված, մարդկային զարգացման ինդեքսով աշխարհի երկրների դասակարգման ցուցակում 100- րդն է։ Այդ ցուցակում Վրաստանը 88- րդն է, իսկ Ադրբեջանը 89- րդը։ Հիշեցնենք, որ մարդկային զարգացման ինդեքսը երեք ցուցանիշների հանրագումար է, բացի բնակչության շնչի հաշվով եկամտից նրանում հաշվի է առնվում նաեւ կյանքի սպասվող միջին տեւողությունը, ինչպես նաեւ բնակչության կրթական մակադրակը։

Այդ ամփոփ ինդեքսով գնահատման ցուցակում Հայաստանի անմիջական հարեւաններն են Թուրքիան, Էկվադորը, Պաղեստինը, Շրի -Լանկան, Ուզբեկստանը եւ Ղրղզստանը։

Իսկ սոցիալական բեւեռացման ամենացածր աստիճան ունեցող երկրներ են Նորվեգիան, Իսլանդիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Ճապոնիան։ Այս երկրներում ամենահարուստ 20 տոկոս ընտանիքների եկամուտը գերազանցում է ամենաղքատ 20 տոկոս ընտանիքների եկամուտներին առավելագույնը 4,5 անգամ։ Այդ 20/20 դասիչը Հայաստանում 6,8 է, Ադրբեջանում՝ 6, Իսկ Վրաստանում՝ 7,6։ Ավելի մեծ է սոցիալական բեւեռացումը ծայրագույն 10 տոկոս հարուստ եւ 10 տոկոս չքավոր ընտանիքների եկամուտների հարաբերակցությունը։ Ինչպես Հայաստանում այնպես էլ հարեւան երկրներում ամենահարուստ ընտանիքների եկամուտները գերազանցում են ամենաղքատ ընտանիքների եկամուտներին 11-14 անգամ։ Նկատենք, որ այս թվերը վերաբերում են պաշտոնական եկամուտներին։ Մինչդեռ, եթե հաշվի առնենք նաեւ ստվերային եկամուտները, ապա այդ թվերը առնվազն պետք է կրկնապատկվեն։

Ըստ ՄԱԿ- ի զեկույցի, բնակչության շնչի հաշվով Հայաստանը դրսից ստանում է մոտ 68 դոլարի սոցիալական ներդրում, Ադրբեջանը՝ $ 27,5, Վրաստանը՝ $ 55,5։ Մինչդեռ կան երկրներ, օրինակ՝ աֆրիկյան երկրները, որոնք ստանում են այդ գումարների քառապատիկ- հնգապատիկը։

Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG