Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Գագիկ Հարությունյանն այլեւս արդիական չի համարում նախագահի վստահության հանրաքվե անցկացնելը: -«Ապրիլին թերեւս, կարելի էր հասկանալ ՍԴ-ի խուսափողական դիրքորոշումը, - անդրադառնում է «Առավոտը»:- Չէ՞ որ ապրիլին դեռեւս առջեւում էին խորհրդարանական ընտրությունները, եւ ո՞վ գիտեր, թե իրավիճակն ինչպես կզարգանար, մանավանդ եվրոպացի դիտորդների՝ նախագահական ընտրություններին տված բացասական գնահատականներից հետո։ Այն ժամանակ հաշվի էր առնված նաեւ ժողովրդի ըմբոստության գործոնը՝ հիշենք, թե ինչպես էր բորբոքվել հանրահավաքներին մասնակցող ժողովուրդը հատկապես ապօրինի ձերբակալություններից հետո։ Բայց հիմա ամեն ինչ այլ է. չիրականացան այն կանխատեսումները, թե ընդդիմությունը խորհրդարանում մեծամասնություն կունենա։ Ժողովուրդն էլ արագ համակերպվեց ու դադարեց արդարություն պահանջել։ Օբյեկտիվ ու անկողմնակալ դատավոր խաղալու՝ Գագիկ Հարությունյանի ցանկությունն իսպառ կորավ։ Էլ ի՞նչ վստահության հանրաքվե։ Հիմա կարելի է վերջնականապես մտնել Ռոբերտ Քոչարյանի աչքը՝ չվտանգելով սեփական ճակատագիրը, - ամփոփում է «Առավոտը»:- Իրավիճակն իսկապես փոխվել է: Իսկ մեր իրավապահ համակարգը (ՍԴ-ն այդ թվում), ինչպես հայտնի է, շարժվում են հենց իրավիճակով, ոչ թե՝ օրենքով»:

«Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանն էլ արձագանքել է, թե Սահմանադրական դատարանի նախագահն այլեւս ձեռնպահ է մնում ընտրությունների օրինականությունը իրավական հարթությունում դիտարկելուց՝ փորձելով խնդրին մոտենալ հարաբերությունների պարզման ամենատրիվյալ տեսանկյունից. եթե մարդիկ իրար կոկորդ չեն կրծում եւ աջուձախ զբաղված չեն ընտրությունները կեղծած անձանց գլուխները ջարդելով, ապա նշանակում է՝ ամեն ինչ շատ լավ է:

Սրանից մեկնաբանը բխեցնում է. «Իր այս ձեւակերպումներով ՍԴ նախագահը վստահության հանրաքվեի հարցի տապալման պատասխանատվությունը փորձում է դնել ընդդիմության եւ հանրության վրա, որը դուրս չեկավ փողոց եւ չպաշտպանեց այս գաղափարը. ասել է թե՝ ընդդիմության եւ հանրության պասիվությունը արդեն իսկ վստահության հանրաքվե է եւ մի բան էլ ավելի: Հարությունյանն ակնարկում է, որ մեր հանրությունը պատրաստ չէ պաշտպանել ինքն իր շահերը, եւ այստեղ ՍԴ-ին մեղադրելն ուղղակի իմաստ չունի»:

«Եթե իրար չեն կոտորում՝ դա բացարձակապես չի նշանակում , որ դիմադրություն չկա», իր հերթին ասում է «Արդարություն» դշինքից պատգամավոր Ստեփան Զաքարյանը «Այբ-Ֆե» թերթի հարցազրույցում: - Վստահության հանրաքվե անցկացնելու վճիռը դա Սահմանադրկան դատարանի վճիռն է զուտ իրավական տեսանկյունից , ոչ թե ՍԴ նախագահի վճիռը: Եթե դատարանն է վճռել, նա հասարակական տրամադրություններով չի առաջնորդվել, քանի որ եթե այդպես լիներ, շատ հարցեր այլ կերպ կլուծվեին:

«Թե ինչպիսին է լինելու ընդդիմության հետագա մարտավարությունը, պարզ կլինի հոկտեմբերի 17-ին կայանալիք հանրահավաքից հետո»: -Ընդդիմադիր պատգամավորներից մեկը «Հայկական ժամանակի» թղթակցին ասել է. «Եթե հոկտեմբերի 17-ին կարողանանք հավաքել գոնե մի 50-60 հազար մարդ, ապա անպայման կկազմակերպենք նաեւ երթ դեպի նախագահական: Ու եթե այդքան մարդ գա, մեր հանրահավաքները կկրեն շարունակական բնույթ, եւ ամեն ուրբաթ դարձյալ հանրահավաք կհրավիրենք: Իսկ եթե գա այնքան ժողովուրդ, ինչքան գալիս էր ընդդիմության վերջին հանրահավաքների ժամանակ, այդ դեպքում մենք ստիպված կլինենք հանրահավաքային շարժումը որոշ ժամանակով հետաձգել՝ մինչեւ դարձյալ կարողանանք ժողովրդին զարթնեցնել եւ ոտքի հանել»:

«Ինչպիսին են լինելու հանրահավաքները, դեռ պիտի քննարկենք, բայց ակնհայտ է, որ երկու կարեւորագույն հարց դրվելու է,- «Առավոտի» հարցազրույցում առանձնացնում է ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը, -մեկը՝ «Հանրաքվեի մասին» օրենքի հարցն է, որովհետեւ այս ԱԺ-ում այն մեխանիկական քվեարկությամբ չի անցնի, եթե հասարակական ճնշում չլինի։ Նույնիսկ հասարակական ճնշման առկայության դեպքում Հայաստանի պես պետությունում դժվար է ասել, թե դա ինչ հետեւանքների կբերի։ Բայց մյուս կողմից էլ՝ առանց ճնշումների ընդհանրապես հարց չի լուծվում։ Եվ երկրորդը, սոցիալական հարցերն են՝ կապված գների բարձրացման հետ։ Հանրահավաքների մի շարք սկսել, որի միջոցով իշխանությունը կտապալվի եւ իշխանության բեկորների վրա ժողովուրդը կհասնի իր երջանկությանը, իհարկե, այսպիսի խնդիր հիմա դնելը ռեալ չէ, բայց, մյուս կողմից էլ, - նշում է պարոն Մանուկյանը, - ժողովրդի դժգոհությունը արտահայտելով հանրահավաքների միջոցով հնարավոր է նպաստի այս կամ այն հարցի լուծմանը։ Եվ, ինչո՞ւ չէ՝ եթե շղթայական ալիք եղավ, ապա հնարավորություն կլինի ավելի մեծ վերահսկողություն ունենալ իշխանության վրա»։

Ինչ վերաբերում է Հայաստանի սոցիալ-տնտեսական ընթացքին, Վազգեն Մանուկյանի խոսքերով. «Ես թվերի նկատմամբ վստահություն չունեմ, որովհետեւ դեռ Հրանտ Բագրատյանի վարչապետության ժամանակ այդ թվերի հետ այնպիսի խաղեր սկսվեցին, որ միայն Դավիթ Կոպերֆիլդը կարող էր հասկանալ, թե ի՞նչ է կատարվում թվերի հետ։ Բայց առանց թվերի էլ երեւում է, որ Հայաստանում առաջխաղացում կա։ Բայց այդ առաջխաղացումը կբավարարի՞, որ Հայաստանը դառնա տարածաշրջանում զարգացած պետություն։ Կարծում եմ՝ ոչ: Ցանկացած իշխանության դեպքում ժողովուրդը մի քիչ առաջ գնալու է, բայց լավ հեռանկար չի երեւում», գնահատում է ԱԺՄ նախագահը:

«Հայոց աշխարհ» թերթն այսօր հերթական վերլուծականում շարունակում է տարակուսել՝ ուր մնաց քաղծառայության օրենքի տրամաբանությունը: «Ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, անգամ մասամբ արդարացված համարել ՕԵԿ-ի Եւ ՀՅԴ-ի այն մտահոգությունը, թե կոալիցիայի մաս կազմող կուսակցությունը չի կարող ստանձնել կառավարության գործունեության ամբողջական պատասխանատվությունը, եթե բավարար լծակներ չունի ազդելու վարվող քաղաքականության վրա: Բայց, այս պարագայում ո՞ւր մնաց պետական ապարատը կուսակցական հավակնությունների եւ քաղաքական իրավիճակի պատանդ չդարձնելու, քաղծառայողին գերատեսչության թիվ 1 պաշտոնյայի հավանական ոտնձգություններից պաշտպանելու, կադրային ջարդերից ապահովագրելու տրամաբանությունը, որ հիշյալ օրենքի անկյունաքարն է»:

Որպես անհետեւողականության ցայտուն օրինակ «Հայոց աշխարհը» հիշեցնում է՝ «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանը մինչեւ իշխանության մաս կազմելը բոցաշունչ ելույթներ էր արտասանում՝ իշխանություններին մեղադրելով արատավոր կադրային քաղաքականություն վարելու մեջ: Իսկ երբ «արդյունավետ կադրային քաղաքականություն» ասվածը գործնականում իրականացնելու հնարավորություն ստացավ, մշակույթի նախարար նշանակեց ոլորտի հետ բնավ կապ չունեցող մի մարդու»:

Վաչե Սարգսյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG