Մատչելիության հղումներ

Սակագների բարձրացման հարցը կքննարկվի կոալիցիայի խորհրդի նիստում


Գազի, ջրի, էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր բարձրացման մասին Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր հրավիրված ասուլիսում ասաց, որ հարցը քաղաքական նշանակություն ունի: Ըստ կոալիցիոն հուշագրի, Կառավարության բոլոր հայեցակարգային որոշումները պետք է համատեղ քննարկվեն, ուստի այս հարցը եւս պետք է առաջիկայում քննարկման արժանանա:

Ազգային Ժողովի եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը փոխանցեց, որ հաջորդ շաբաթ խորհրդի նիստում կոալիցիան քննարկելու է փոխնախարարների պաշտոններում կոնկրետ նշանակումների հարցը:

Խորհրդարանական ընդդիմությունը նախձեռնությամբ է հանդես եկել՝ զրպարտություն եւ վիրավորանք հոդվածները քրեական օրենսգրքից քաղաքացիական օրենսգրքից տեղափոխելու, եւ նման դեպքերի համար հավասար պատասխանատվություն սահմանելու բոլոր քաղաքացիների համար: Գործող քրեական օրենսգիրքը պաշտոնյաներին զրպարտելու եւ վիրավորելու համար առավել խիստ պատիժ է նախատեսում:

Կոալիցիան այդ հարցը դեռ չի քննարկել, իսկ Արթուր Բաղդասարյանի խոսքերով. «Միանգամից ասեմ, որ ապաքրեականցմանը վատ եմ վերաբերվում»:- Նա կողմակից է, որ պաշտոնյաների եւ հասարակ քաղաքացիների համար պատասխանատվությունը հավասարեցվի, բայց զրպարտության համար մարդիկ, ըստ նրա, պետք է կրեն քրեական պատասխանատվություն:

Արթուր Բաղդասարյանը մտադիր չէ իրեն զրպարտելու համար դատարան դիմել եւ պատասխանատվության կանչել «Հայ արիական միաբանության» աջանորդին՝ ասուլիսում իր դեմ հրապարակված որակումների համար:

Ինչպես հայտնի է, ԱԺ նախագահի գլխավորած Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակությունն օրերս է վերադարձել մոսկովյան պաշտոնական այցից, եւ վկայակոչելով Ռուսաստանի մամուլի մասին օրենքը, պրն Բաղդասարյանն ասաց, որ ռուսաստանյան օրենքի բովանդակության անգամ 30 տոկոսը, եթե լիներ Հայաստանի նույն օրենքում, ապա ռեակցիան այստեղ շատ ավելի մեծ կլիներ:

Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG