Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ավարտվող շաբաթվա դրսեւորումներն ի մի բերելով՝ «Իրավունք» թերթի մեկնաբանը նախանշում է. առանձնահատկությունն այն է, որ եւ իշխանական, եւ ընդդիմադիր տարբեր ուժեր այս իրավիճակում փորձելու են կրակից շագանակներ հանել հենց ուրիշի ձեռքերով, այսօր բոլորը գործում են նախ եւ առաջ ի վնաս մյուսների:

Ժողովրդին խաբել չի կարելի։ Այս հարցում ընդդիմությունն ու իշխանությունը համակարծիք են, բայց խաբելը վերագրում են դիմացինին, -իր հերթին համադրել է «Առավոտի» մեկնաբանը՝ մեջբերելով պատգամավորներ Արշակ Սադոյանի եւ Գալուստ Սահակյանի գնահատականները սոցիալական իրողություններին։ Պարոն Սահակյանն այդ առումով մասնավորապես նշում է, որ Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո ժողովուրդն ավանդները ետ չի ստանա. «Կարծում եմ, դա հեռանկարային չի լինի, հենց դա է պատճառը, որ ես չեմ ուզում, որ օրակարգ մտնեն ավանդների մասին մի շարք նախաձեռնություններ, որպեսզի այս լուրջ հարցը շոուի չվերածվի։ Սա ե՛ւ ժողովրդի հավատի հետ է կապված, ե՛ւ իշխանությունների իմիջի, ե՛ւ կուսակցությունների»։

Սերժ Սարգսյանը, մեր թերթին տված իր հարցազրույցում, ճիշտ էր։ Մաքուր ավազակային ռեկետ մեզ մոտ հազվադեպ է հանդիպում, -խմբագրականում այսօր անդրադառնում է «Առավոտը»։- Բայց, բանն այն է, որ ավազակային ռեկետ մեզ մոտ չկա զուտ այդ պատճառով, որ մեր երկրում ռեկետը հասցված է պետական մակարդակի եւ դրանով բավական հաջող զբաղվում են չինովնիկները, որոնց մրցակից չեն կարող համարվել անգամ ավազակները։ Չունենք ռեկետով զբաղվող ավազակներ։ Ունենք չինովնիկ-ռեկետյորներ։ Ու եթե Սերժ Սարգսյանն ինչ-որ մեկից փորձում է պաշտպանել իր բարեկամ գործարարներին, ապա՝ հենց այդ պետական ռեկետյորներից։ Ինչ խոսք, իշխանության հովանավորությունը վայելող գործարարների համար կարելի է եւ չանհանգստանալ՝ նրանց ոչ ոք ձեռք չի տա։ Իսկ ի՞նչ անեն մյուսները։

ԱԺ «Ժողովրդական պատգամավոր» խմբի քարտուղար Վահրամ Բաղդասարյանը «Հայոց աշխարհ» թերթի հարցազրույցում ասում է. «Շատ հաճախ միանշանակ ծափահարողների «շնորհիվ» է, որ մեր կառավարությունները դրական արդյունքի չեն հասնում: Եւ կառավարությունն էլ պիտի գիտակցի, որ միայն կոճակ սեղմողները չեն իր համար օգտակար, այլ նրանք, ովքեր թերությունները մատնանշելով հանդերձ, պատրաստ են գործնականում աջակցել հեռանկարային օրենքների եւ նախագծերի ընդունմանը»:

«Եթե չհաջողվի խորհրդարանում ձեւավորել իսկապես լուրջ մրցակցային մթնոլորտ, քաղաքական խնդիրները ԱԺ-ից նորից կտեղափոխվեն փողոց, - մտահոգություն է ընդգծում Վահրամ Բաղդասարյանը, այս առումով մատնանշելով, որ լուրջ ընդդիմադիր բեւեռ ձեւավորելը այս խորհրդարանում իսկապես բարդ խնդիր է լինելու, քանզի մեր ընդդիմությունը միասնական չէ»:

««Քաղաքական բոմժությունը» Հայաստանի Հանրապետությունում» վերնագրով վերլուծականում «Հայկական Ժամանակի» մեկնաբանը գրում է. ուսումնասիրելով մեր որոշ պատգամավորների անցած քաղաքական ուղին կարելի է խորապես հիասթափվել կյանքից: Երբ հետեւում ես, թե ինչ քաղաքական վայրիվերումներ են ապրել մեր որոշ գործիչներ, թե ինչպես են սահուն առնետավազքով թռել կուսակցությունից - կուսակցություն, խմբից-խումբ, հասկանում ես, որ գաղափարախոսությունը Հայաստանում ոչ թե քաղաքական կատեգորիա է, այլ բիզնեսի եւ «իրադրության փոփոխության» էլեմենտ:

Այս տեսանկյունից «Հայկական Ժամանակում» առանձնակի ուշագրավ է որակված «Օրինաց երկիր» կուսակցության առանցքային դեմքերի, մասնավորապես դրա ղեկավար Արթուր Բաղդասարյանի ուղին ՀՀՇ-ի ստվերներից մինչեւ ներկան:

Ճգնաժամային պահերին բազմազգ երկրների տիրակալները խաղարկում են իրենց վերջին զենքը՝ ազգամիջյան թշնամանքի եւ անգամ ընդհարումների հրահրումը: Այսօր այդ սպառնալիքի անմիջական թիրախը կրկին հայությունն է, ահազանգում է «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը: - Սեփական ապաշնորհությունը սքողելու համար հրապարակ նետելով հակահայկական տրամադրություններ, Շեւարդնաձեի հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունը դիմում է բացահայտ սադրանքի՝ քաղաքական ասպարեզ հրավիրելով Վրաստանի ադրբեջանցիներին: Եթե գործող իշխանությունը բացահայտ ռասիզմը դարձրել է իր նախընտրական քարոզարշավի դրոշը, ապա ի՞նչ դիրքորոշում պետք է ունենան վիրահայերը եւ առաջին հերթին՝ Ջավախքի հայությունը. իր այս հարցադրման շրջանակում մեկնաբանը շեշտում է. Վիրահայերի մեղքը այն է, որ չգիտեն իրենց միասնության, իրենց քվեների գինը, ու նրանցից գրեթե յուրաքանչյուրը աշխատում է վրացական որեւէ կուսակցության օգտին: Այս մեծ սխալը նրանք պարտավոր են ուղղել ո՛չ միայն խոսքերով ու հայտարարություններով,
ո՛չ միայն դժգոհություն հայտնելով՝ հերթական իշխանիկի հակահայ արտահայտության առիթով, այլ համախմբվելով որոշակի պահանջների, որոշակի պլատֆորմի շուրջ:
Նման հստակ դիրքորոշմամբ միայն նրանք կարող են զգաստացնել ու կարգի հրավիրել հակահայ քարոզարշավի բոլոր սադրիչներին:


«Առանց մեկնաբանության» խորագրի տակ «Իրավունք» թերթն այսօր տեղադրել է. ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության ուշադրությանն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված նոր առաջարկությունների մի փաթեթ, որը, ըստ լուրերի, բաղկացած է 16 կետից: Ճշտվող տվյալներով, հակամարտ կողմերը համաձայնության են հասել 12 կետերի շուրջ, սակայն մյուս 4 կետերում կոնսեսուսի հասնել ոչ մի կերպ չի հաջողվում: Որոշ տեղեկությունների համաձայն, Հայաստանն ու Արցախը պահանջում են. առաջին ՝ ԼՂՀ-ն պահպանի սեփական բանակը, երկրորդ՝ ունենա արտաքին գործերի նախարարություն եւ երրորդ՝ ինքնուրույն տնտեսական գործունեություն ծավալի՝ ձերբազատվելով Բաքվի վերահսկողությունից:

Եթե Ադրբեջանն ընդունի այս երեք պահանջը, ապա հայկական կողմը, ըստ նույն տեղեկությունների, ամենյան հավանականությամբ, կհամաձայնվի դե-յուրե տեսնել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, եզրափակում է «Իրավունքը»:

Վաչե Սարգսյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG