Մատչելիության հղումներ

«Ապերն» այդպես էլ դատարանի առաջ ցուցմունքներ չտվեց


Ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանի ցուցմունք տալու հերթը սեպտեմբերի 24-ն էր: Այդ օրը դատական նիստի ընթացքում, նա փաստորեն չէր հրաժարվում ցուցմունք տալուց, սակայն նիստը հետաձգվեց, որովհետեւ, ըստ ամբաստանյալի, պատրաստ չէր ցուցմուքն տալ՝ մեկուսարանից չէր վերցրել իր գրառումները:

Հաջորդ օրը դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալի շահերի պաշտպան Հոկտեմբեր Քարամյանի վատառողջության պատճառով: Նախորդ նիստի ընթացքում արտահերթ ցուցմունք տվեց Հովհաննես Հարությունյանի կինը՝ Գայանե Մելքոնյանը: Բայց ամբաստանյալ «Ապերը» նորից ցուցմունք տալու հնարավորություն չունեցավ, այդ անգամ էլ դատական նիստը հետաձգվեց փաստաբան Լուսնթագ Բադալյանի վատառողջության պատճառով:

Այսօր նախագահող դատավոր Սարո Արամյանը ուրախությամբ հայտարարեց, որ որեւէ մեկն իրեն վատ չի զգում, կարող են շարունակել դատական նիստը եւ առաջարկեց ամբաստանյալ Հարությունյանին ցուցմունք տալ: Բայց ամբաստանյալն ասաց, որ ինքը ցուցմունք չի տալիս եւ հարցերին չի պատասխանի՝ «հիմք ընդունեք իմ նախաքննական ցուցմունքները», ասաց նա:

Դատարանն ընդունեց նրա հայտարությունը, եւ, օրենքի պահանջով, հրապարակվեցին ամբաստանյալ Հարությունյանի նախաքննական ցուցմունքները : Ցուցադրվեց մարտի 21-ի հարցաքննության տեսագրությունը: Ինչպես նաեւ, փաստաբան Բադալյանի միջնորդությամբ, հրապարակվեցին Հովհաննես Հարությունյանի եւ Գեղամ Շահբազյանի, Հարությունյանի եւ Գրիգոր Պետրոսյանի առերես հարցաքննությունների արձանագրությունները:

Մարտի 15-ից մինչեւ մայիսի 16-ը տարբեր օրերին տված հարցաքննությունների ընթացքում ամբաստանյալ Հարությունյանն առաջադրված մեղադրանքով՝ իրեն լիովին մեղավոր ճանաչել է, ասել է, թե օժանդակել է խմբին՝ կատարելու Տիգրան Նաղդալյանի սպանությունը, ինչպես նաեւ ապօրինաբար զենք է ձեռք բերել, պահել ու կրել է այն:

Նախաքննական ցուցմունքներում ամբաստանյալը պնդել է, որ միջնորդ է եղել Արմեն Սարգսյանի եւ մյուսների, մասնավորապես, Գեղամ Շահբազյանի միջեւ:

Ըստ ամբաստանյալի, Արմեն Սարգսյանն իրեն նպատակի մասին չի հայտնել, բայց ինքը ենթադրել է: Ինքն ընդհանրապես ոչնչից տեղյակ չի եղել, իրեն գումար պետք չի եղել, պարզապես ուզել է օգնել Արմեն Սարգսյանին:

Ամբաստանյալի ցուցմունքները հատկապես իրարից տարբերվում էին գումարի չափի հարցում: Տարբեր ցուցմուքներում տարբեր թվեր էին նշվում: Ի վերջո մի քանի փուլով ընդհանուր հաշվով 75 հազար դոլարի գումար է վերցրել Արմեն Սարգսյանից, որից 44 հազարը տվել է եղամ Շահբազյանին, հանցագործությունը կատարող մնացած անձանց միջեւ բաժանելու համար: Գումարից 10 հազար դոլարն ամբաստանյալ Հարությունյանն իրեն է պահել՝ Գեղամ Շահբազյանի եւ Գրիգոր Պետրոսյանի պարտքի դիմաց: Թեեւ տեսագրված հարցաքննության ժամանակ ամբաստանյալն ասում էր, թե գումարն իրեն չէր հետաքրքում, գործի մեջ մտել է զուտ բարեկամին օգնելու նկատառումով:

Ցուցմունքները հրապարակելուց հետո ամբաստանյալ Հարությունյանը հրաժարվեց պատասխանել կողմերի հարցերին: Դատարանի դահլիճ բերեցին ամբաստանյալ Արմեն Սարգսյանին, որպեսզի հրապարակեն դատական բոլոր արձանագրությունները: Բայց Արմեն Սարգսյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ լրացուցիչ փաստաբան վարձելու նպատակով: Ըստ ամբաստանյալի, իր իրավունքները ոտնահարվել են, քանի որ պաշտպան Արսենյանին դատարանից ժամանակավորապես հեռացնելիս իր կարծիքը չեն հարցրել, դրանից հետո էլ լրացուցիչ փաստաբան վարձելու համար իր կարծիքը հայտնելու հնարավորություն չի ունեցել: Երկար քննարկումներից հետո նիստը հետաձգվեց մինչեւ վաղը:

Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG