Մատչելիության հղումներ

Ոչ պետական բուհերի ռեկտորներն ակնկալում են Կառավարության աջակցությունը


Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է հավատարմագրված ոչ պետական բուհերի ռեկտորներին, որոնք կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց մտահոգությունները բարձրագույն կրթության ոչ պետական համակարգի ներկայիս դժվարությունների, չկարգավորված առանձին խնդիրների հետ կապված: Դրանց լուծումը, ըստ նրանց, կապահովի համակարգի հետագա բնականոն զարգացումը:

Հայաստանում ոչ պետական բուհերի թիվն անցնում է 6 տասնյակից, եւ նրանք ունեն բազմաթիվ չլուծված հիմնախնդիրներ, կապված նաեւ բուհերի լիցենզավորման ու պետական նմուշի դիպլոմների ընդունման հետ:

Ինչպես ծանուցում է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչությունը, հանդիպման ընթացքում ռեկտորներն անդրադարձել են «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի իրենց մտահոգող որոշ դրույթներին:

Գործնական եւ արդյունավետ համագործակցության նպատակով, ՀՀ վարչապետն առաջարկել է ներկայացված խնդիրներից բացի, որոնց հիմնականում կառավարությունը տեղյակ է, ներկայացնել սեփական առաջարկները, լուծման ուղիները, այդ թվում՝ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի նախագծի դրույթների վերաբերյալ: Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ պատրաստակամ է դրանք ստանալուց հետո՝ քննարկել եւ ընթացք տալ ընդունելի առաջարկներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG